Վերլուծություն

Մանկամտությու՞ն, թե՞ քաղաքական ինքնաբավարարում

Հասարակական քաղաքական շրջանակներում նոր խոսույթ է զարգանում՝ Հայաստանում Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու մասին։

Իդեան, ի դեպ, նոր չէ։ Նման գաղափար արդեն եղել է. պարզապես խոսքը ոչ թե Ղարաբաղի, այլ՝ «Արևմտյան Հայաստանի» վտարանդի կառավարություն ձևավորելու մասին է։ Ավելին, պարզվում է, մեզանում նման կառույց կա. ճիշտ է՝ ինքնակազմակերպված խումբ է։ Բայց իրենք իրենց գործին շատ լուրջ են վերաբերվում, ինչ-որ քայլեր են անում։

Առաջին անգամ վտարանդի կառավարություն ձևավորելու մասին խոսվել է 1948 թվականին, հետո այս թեման հպանցիկ կրկին ասպարեզ եկավ 1980-ականների վերջին․ ղարաբաղյան շարժման օրերին նման առաջարկներ հնչեցին, բայց թեման արագ փակվեց։

Եվ միայն 2000-ականներին թեման ոչ միայն ակտիվացավ, այլև, պարզվում է, Հայաստանում նման մի կառույց է գործում, անգամ՝ այդ կառավարությունն իր վարչապետն ունի՝ ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օգնական Սեդա Մելիքյանը։ «Արևմտյան Հայաստանը» նաև նախագահ ունի՝ ֆրանսահայ ազատամարտիկ Արմենակ Աբրահամյան։ Նույնիսկ այդ կառավարությունն առաջիկայում իր խորհրդարանական ընտրություններ է անցկացնելու Հայաստանում ու Սփյուռքում։

Բայց եթե «Արևմտյան Հայաստանի» վտարանդի կառավարություն ձևավորելը մարգինալ որոշ խմբակների «գործն է» ու իր մեջ որևէ վտանգ չի պարունակում, որովհետև սա հիշեցնում է մի խումբ մարդկանց քաղաքական ինքնաբավարարման մի փոքր ակտ, ապա ԼՂՀ-ի դեպքում իրավիճակն այլ է։

Նման քայլերը չափազանց վտանգավոր են առաջին հերթին Հայաստանի համար։

Չափազանց կարճ ժամանակ է անցել ԼՂ-ին պատուհասած աղետից։ Հայաստանը դեռ չի թոթափել ոչ միայն 2020-ի պատերազմի հետևանքները, այլև նոր մարտահրավեր է ԼՂ-ից բռնի տեղահանվածների հիմնախնդիրը։ Միաժամանակ, Հայաստանը ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների շարունակության։

Եվ այս իրավիճակում ինչ-որ մարդկանց ամբիցիաները բավարարելու համար վտարանդի կառավարություններ ձևավորելը նախ և առաջ կարող է խանգարել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի ձեռքում պատրվակ դառնալով։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը կարող է նման «կառույցի» գոյությունն ընդունել որպես իրենց երկրի տարածքային ամբողջականության դեմ նկրտումներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ու, բացի այդ, ի՞նչ է նշանակում վտարանդի կառավարություն Հայաստանի Հանրապետության ներսում։ Ո՞ւմ է կառավարելու, ինչպե՞ս, ինչո՞վ են զբաղվելու։ Իրենց սեփական օրենքներո՞վ են գործելու, թե՞ ոչ։

Նույն հաջողությամբ կարելի է Մեծ Հայքի վտարանդի թագավորություն ստեղծել, Արշակունյաց դինաստիայի վտարանդի շարունակողներ, Բագրատունյաց դինաստիայի, Կիլիկիայի թագավորության, Մուշի, Դիարբեքիրի, Տուրուբերանի, և այսպես շարունակ։ Բայց դրանից իրականությունը ոչ միայն չի փոխվի, այլև նման քայլերը պարզապես խղճահարություն կառաջացնեն կողքից նայողի մոտ։

Էլ չենք ասում այն մասին, որ օգտվելով արցախահայերի ծանր հոգեբանական վիճակից՝ նրանց հույզերի հետ խաղալն ու մարդկանց որպես թնդանոթի միս սարքելը, մեղմ ասած, անընդունելի է։