Վերլուծություն

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Այլևս կարելի է փաստել, որ Ուկրաինայի ԶՈւ հակահարձակումը ձախողվել է, եթե այն դիտարկելու լինենք արագ ճեղքմամբ Մարիուպոլ դուրս գալու ու ռուսական «Հարավ» խմբավորումը Ղրիմից կտրելու ռազմավարության նպատակով։ 

Ուկրաինական ԶՈւ հակահարձակումը, որի մասին ամիսներ շարունակ խոսվում էր, չի կարողանում արագ հաղթանակ կամ շոշափելի ռազմական հաջողություններ բերել ուկրաինական բանակին։ Սպասվող բեկման փոխարեն Ուկրաինայի ԶՈւ-ն կռվում է Զապորոժիեի և Դոնեցկի շրջաններում յուրաքանչյուր կիլոմետրի վրա և պաշտպանվում Լուգանսկի մարզում, որտեղ ռուսական բանակը նույնիսկ այս վիճակում փորձում է հակահարձակվել՝ զգալիորեն առանց հաջողության։

Վերջին շաբաթների ընթացքում հրապարակվել են բազմաթիվ վերլուծական հոդվածներ, որոնց հեղինակները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում ռուս-ուկրաինական ռազմաճակատում, վերլուծել հակահարձակման դանդաղման կամ ձախողման պատճառներն ու ռազմա-քաղաքական հնարավոր հետևանքները նախ և առաջ Ուկրաինայի համար։ 

Ուկրաինական հակահարձակման դանդաղման կամ ձախողման պատճառների թվում փորձագետները նշում են ռուսական բանակի լավ պատրաստված, եռագիծ պաշտպանությունը, ուկրաինական զորքերի ոչ բավարար պատրաստվածությունը, Ուկրաինայի ԶՈւ որոշակի զինատեսակների բացակայությունը, օդուժի թուլությունը, ինչպես նաև բանակների անհամադրելի չափերը․ այսինքն, Ուկրաինայի ԶՈւ եռակի թվային գերակայության բացակայությունը՝ որպես հարձակվող կողմ։

Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման փուլերը

Ա. Առաջին փուլում Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական պաշտպանությունը ճեղքելու համար փորձել է լայնորեն կիրառել զրահատեխնիկա, սակայն հանդիպել է համառ դիմադրության, և ճեղքումն ավելի դժվար է դարձել բազմաթիվ ականապատ դաշտերի, ուղղաթիռների և հրետանու կիրառման հետևանքով։ Որպես արդյունք, ռուսական պաշտպանական գծի արագ ճեղքում չի ստացվել։

Բ. Երկրորդ փուլում Ուկրաինան փոխեց իր մարտավարությունը՝ կենտրոնանալով հրետանու վրա և սկսելով մաշեցնել ռուսական ստորաբաժանումները։ Այս մարտավարությունը հնարավոր դարձավ ուկրաինական հրետանու՝ ավելի մեծ հեռահարության և հրետանային գերճշգրիտ ռադարների՝ ավելի մեծ քանակի ու որակի շնորհիվ:

Գ. Երրորդ փուլում ուկրաինացիները կրկին ակտիվացրել են հարձակողական գործողությունները։ Առայժմ այս ակտիվացումը ճակատի բեկման չի բերել։ Չնայած ուժեղացված գրոհին, ուկրաինական ռեզերվների գործարկմանը՝ վճռական բեկում և ռուսական ճակատի ճեղքում այդպես էլ չի եղել։

Որոնք են Ուկրաինայի ԶՈւ ուժեղ և թույլ կողմերը

Թույլ կողմեր

Ա. Այն, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Զապորոժիեի շրջանում՝ դեպի Ազովի ծովի ափ, քննարկվել է դեռ ձմռանը։ Այս նպատակն այնքան պարզ էր, որ շատերը կարծում էին, որ արդյունքում հարվածը կհասցվի Ռուսաստանի համար անսպասելի այլ վայրում։ Հաջողության դեպքում Ուկրաինայի ԶՈւ-ն կկարողանա երկու մասի բաժանել ՌԴ ԶՈւ խմբավորումը՝ բարդացնելով ռուսական զորքերի դիրքերը Դնեպրի ձախ ափին՝ Խերսոնի մարզում, և, հավանաբար, ստիպելով նրանց նահանջել Ղրիմ։ 2022թ. դեկտեմբերին, Ռուսաստանն արդեն ակտիվորեն ամրություններ էր կառուցում Զապորոժիեի շրջանում։

Բ. Ժամանակի ու վերապատրաստման պակասը։ Ուկրաինան կարող է համակցված սպառազինության հարձակման գործողություններ իրականացնել վաշտի մակարդակով, բայց այն սկսում է քանդվել, երբ փորձում են հասնել գումարտակի մակարդակի։ Մարտական ​​համակարգման աշխատանքներն իրականացվում են առավելագույնը գումարտակի մակարդակով, և Ուկրաինայի ԶՈւ վերապատրաստումը արևմտյան զորակայաններում տևում է ընդամենը հինգ շաբաթ՝ ներառյալ անհատական ​​պատրաստությունը, ինչն ակնհայտորեն բավարար չէ հարձակման լիարժեք պատրաստության համար։

Գ. Ավիացիայի սուր պակաս։ Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան դեռևս ունի մարտական ​​ինքնաթիռներ, դժվար է սա անվանել լայնածավալ ավիացիոն աջակցություն։ Ուկրաինայի ԶՈւ ուղղաթիռների և ինքնաթիռների բացակայության պատճառով ռուսական զորքերը կարողացել են հաջողությամբ կիրառել գրոհային ուղղաթիռներ, որոնք կարող են խոցել ուկրաինական զրահատեխնիկան և հակաօդային համակարգերը։

Ուժեղ կողմերը

Ա. Ինչպես նշում են շատ ռուսամետ ռազմական բլոգերներ և փորձագետներ, Ուկրաինայի զինված ուժերը ավելի լավ են հագեցած թվային ռադիոկայաններով և այլ համակարգերով, որոնք մեծացնում են տեղեկացվածությունը և զգալիորեն արագացնում որոշումների կայացման գործընթացը զորքերում։

Բ. Ուկրաինայի զինված ուժերի մեկ այլ տեխնիկական առավելությունը հրետանային ռադարներն են, որոնք ուկրաինացիներին թույլ են տալիս ավելի հաջող վարել հակամարտկոցային մարտեր։

Գ. Հարձակման ժամանակ դրսևորվել է ինժեներական տեխնիկայի անբավարար քանակի խնդիրը, որը միշտ մեծ կորուստներ է կրում ինժեներական աշխատանքների ժամանակ՝ ականապատ դաշտեր և խոչընդոտներ հաղթահարելիս:

Դ. Ուկրաինայի ԶՈւ առավելություններից մեկը, որի մասին շատ է խոսվում վերջին ամիսներին, արևմտյան զենքն ու ռազմական տեխնիկան է։ Սակայն այս առավելությունը որոշակի առումով նաև թուլություն է։ Փաստն այն է, որ անձնակազմի կողմից տեխնոլոգիաների կիրառումը ժամանակ է պահանջում։ Ցանկացած մարտական ​​մեքենա օգտագործվում է մարտում, որտեղ երբեմն ամեն ինչ որոշվում է ոչ թե րոպեներով, այլ վայրկյաններով, և, հետևաբար, անձնակազմը պետք է կարողանա կառավարել այն ռեֆլեքսների մակարդակով, որը տևական ժամանակ և հմտություններ է պահանջում։

Ե. Ուկրաինական անձնակազմերը պետք է տիրապետեն «անծանոթ» մարտական ​​մեքենաներին, և հետևակայինները, հրետանավորներն ու ինժեներները պետք է սովորեն՝ ինչպես աշխատել դրանց հետ։

Զ. Արևմտյան զրահամեքենաները ստեղծվել են ավելի շատ պաշտպանական պատերազմի համար, և, հետևաբար, մեքենաներն ավելի պաշտպանված են, ավելի ծանր, դրանց դիզայնն ավելի հարմար է դիրքային մարտերի համար:

Է. Մեկ այլ խնդիր է համակարգերի բազմազանությունը, որ Արևմուտքը մատակարարել և շարունակում է մատակարարել Ուկրաինային։ Ըստ մամուլի՝ Ուկրաինայի ԶՈւ-ն զինված է առնվազն 9 տեսակի զրահափոխադրիչներով, մեկ տասնյակից ավելի հետևակի մարտական ​​մեքենաներով և մոտ 10 տեսակի տանկով։ Համակարգերի այս բազմազանության ամենամեծ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր տեսակի համար անհրաժեշտ է կազմակերպել պահեստամասերի, բաղադրիչների և զինամթերքի անդադար մատակարարում:

Ամփոփում

Չնայած վերը նշված փաստերի հոռետեսական ու լավատեսական ակնկալություններին, կարելի է առայժմ փաստել, որ հակահարձակումն ու կտրուկ բեկումը ձախողվել են։ Մյուս կողմից, Ուկրաինայի զինված ուժերը դեռ պահպանում են կարողությունը, եթե ոչ՝ վճռական հաջողության հասնելու, ապա՝ առաջնագիծը բավականին առաջ տեղափոխելու։ Չնայած ՌԴ ԶՈւ-ն մեծ ուժեր ունի հարավում, սակայն ռեզերվների մեծ մասը կա՛մ արդեն գործարկվել են, կա՛մ տեղակայվել են պաշտպանական գոտում, իսկ Ուկրաինայի ԶՈւ-ն դեռ չի կիրառել իր պահուստների զգալի մասը։ Ուստի, չնայած բոլոր թերություններին և կրած կորուստներին, Ուկրաինայի զինված ուժերը դեռևս տեսական հնարավորություն ունեն վաղ թե ուշ ճեղքելու ռուսական պաշտպանական գիծը։