Վերլուծություն

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը

«Եվրոնյուզ» հեռուստաընկերությունն օրերս հարցազրույց էր արել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ՝ նույն հարցերն ուղղելով երկուսին էլ։

Եվ ահա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով ԼՂ մասին, հայտարարել է. «Մարդիկ, որ ապրում են Ղարաբաղում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում, և ստիպված են ընտրություն կատարել. մնալ այստեղ ու ապրեն որպես մեր քաղաքացիներ՝ էթնիկ փոքրամասնության կարգավիճակով (որոնցից մեր երկրում շատ կան), կամ էլ հեռանան»։ 

Բացի այդ, հայ հասարակությանն ուղերձ հղելու հարցին ի պատասխան՝ նա նշել է. «Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով Ադրբեջանի հասարակության մաս, ստանալով անվտանգության երաշխիքներ, կրթական, մշակութային, կրոնական և մունիցիպալ իրավունքներ՝ նրանք բնականոն կյանք կունենան»։

Ալիևի այս հարցազրույցից հետո համացանցում հանդիպեցինք նրա՝ կրկին «Եվրոնյուզին» տված մեկ այլ հարցազրույցի, այս անգամ՝ 2011 թվականին (այն հրապարակվել էր 2011թ. հունիսի 24-ին. մինչ այդ Կազանում կայացել էր եռակողմ հանդիպում, ընդունվել համատեղ հայտարարություն)։ Եվ ահա, 12 տարի առաջ տված հարցազրույցում Ալիևի հռետորաբանությունը միանգամայն այլ էր։ Խոսելով տարածքների վերադարձի դիմաց ԼՂ հայերին ինքնավարություն տալու մասին՝ Ալիևն ասում էր, թե ինքը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իրենք պատրաստ են ԼՂ-ում ապրողներին ու վերադարձողներին երաշխավորել ամենալայն ինքնավարությունը, որ հնարավոր է աշխարհում: Իսկ թե ինչ ինքնավարության մասին է խոսքը, Ալիևը մանրամասնել էր, թե դա բանակցությունների թեմա է. «Մենք կարծում ենք, որ դա կլինի լայն ինքնավարություն։ Եվրոպայում եղած ինքնավարությունների օրինակը կարող է օգնել մեզ»։

Փաստորեն, ընդամենը 12 տարի առաջ Ադրբեջանը գոնե հրապարակավ պատրաստ էր ԼՂ-ին տալ ամենալայն ինքնավարությունը, այնինչ այսօր որևէ խոսք չկա որևէ կարգավիճակի մասին։ Դեռ ավելին, հնչում է պնդում, թե չցանկացողները կարող են լքել տարածքը։

Ալիևի հռետորաբանության այս փոփոխությունն, իհարկե, հասկանալի է, եթե հաշվի առնենք 2020-ի պատերազմի արդյունքները։ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո, այն էլ հիմա՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների այս հորձանուտում, այլ բան հնարավոր չէ ակնկալել։ Մինչդեռ, ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանը պատրաստ էր գնալ որոշակի զիջումների, քանի դեռ հնարավոր էր փոխզիջման գնալ։ Իսկ ավելի ուշ արդեն Ադրբեջանը համաձայն չէր նաև դրանց՝ վստահ լինելով, որ խնդիրը կարող է լուծել ռազմական գործողությունների միջոցով, որից հետո արդեն փակել ԼՂ հարցը։ Ի դեպ, 2011թ. հարցազրույցում նա մատնանշում է, թե իրենց ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ պետական բյուջեն։

Այս ամենը, սակայն, հիշեցինք բոլորովին այլ համատեքստում։ Քաղաքականության մեջ շատ կարևոր է ժամանակի գործոնը. այն, ինչ հնարավոր է այսօր, միգուցե հնարավոր չլինի հենց վաղը։ Այս առումով լավագույն ձևակերպումը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածն է, որում ասված է. «Փոխզիջման էությունից բացի կարևոր է նաև փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են, քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում, մեկ-երկու տարի հետո, անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»։

Արդեն 2021թ., Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Տեր-Պետրոսյանը մեկնաբանում էր. «Մենք պարտվեցինք՝ չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը: Ժամանակը կարևորագույն ֆակտոր է քաղաքականության մեջ: Մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին դա կարող ենք անել: Դա մենք չզգացինք, մեր իշխանությունները չզգացին այդ պահը»:

ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի փոփոխված հռետորաբանությունն այս պնդման լավագույն ապացույցն են, դասագրքային փայլուն օրինակ, երբ մերժելով հնարավորն ու ձգտելով առավելագույնի՝ շատ արագ կորցնում ես ամբողջը։ Ավելի լավ օրինակ, թերևս, դժվար է գտնել։ Բայց հենց սա է, որ հայ հասարակական-քաղաքական միտքն առ այսօր չի հասցրել ըմբռնել ինչպես 1920 թվականին, այնպես էլ 100 տարի անց՝ այսօր։

Ու դրա համար է, որ արկածախնդրությունը հաղթել է իրատեսությանը։