Վերլուծություն

Իսկ դուք որտե՞ղ էիք. մի հայտարարության հետքերով

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն օրերս 2020թ․ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել էր, թե անհրաժեշտ է վարչապետին նաև խաղաղ պայմաններում օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով։

Խոսքն այս դեպքում սահմանադրական նորմի մասին է։ Գործող սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է միայն պատերազմի ժամանակ:

Տոնոյանը խուսափել էր նաև 2020թ. ռազմական գործողությունները պատերազմ անվանելուց՝ շեշտելով, թե դրանք ռազմական գործողություններ են, և որ Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր մտել։

Ի դեպ, ավելի վաղ ևս Դավիթ Տոնոյանը, պատերազմում պարտության պատճառների մասին խոսելիս, մատնանշել էր սահմանադրական խնդիրները՝ նշելով, որ դրանք ևս իրենց բացասական դերն ունեցան։

Քրեական գործով կալանավորված Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում արած այս հայտարարության շարժառիթներին չենք անդրադառնա։

Փոխարենը կհիշենք մեկ այլ դրվագ. 2015թ. սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ ընդդիմախոսների կողմից ամենաքննադատված դրույթներից մեկն էլ վերաբերում էր գլխավոր գերագույն հրամանատարի հարցին։ Նախկին սահմանադրությամբ երկրի նախագահը համարվում էր ԶՈւ գլխավոր գերագույն հրամանատարը թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական շրջանում։

Սակայն 2015թ. սահմանադրության հայեցակարգում և, արդեն, նախագծում ամրագրվեց, որ ԶՈւ գլխավոր գերագույն հրամանատարը վարչապետն է՝ պետության փաստացի ղեկավարը, բայց՝ միայն պատերազմի ժամանակ։ Իսկ, ահա, խաղաղ պայմաններում, ըստ սահմանադրության, զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են, իսկ ԶՈւ ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է։

Այն ժամանակ ընդդիմությունը, քննադատելով սահմանադրության նախագիծը, բազմաթիվ հիմնավորումներ էր բերում՝ պնդելով, թե վարչապետին միայն պատերազմի ժամանակ գլխավոր գերագույն հրամանատարի լիազորություններով օժտելը սխալ է, այն էլ՝ մեզ պես երկրում, որի գլխին մշտապես կախված է լայնամասշտաբ ռազմական գործողությունների սպառնալիքը։ Այդ մասին խոսում էին ոչ միայն ընդդիմադիր գործիչները, այլև՝ հենց մասնագետները։

Նախկին իշխանություններն այս հարցում ոչ միայն չգնացին զիջման, այլև այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ամբողջությամբ ներգրավվեց սահմանադրական հանրաքվեի գործընթացում՝ զինված ուժերում «այո»-ի ակտիվ քարոզարշավ իրականացնելով։

Պաշտպանության նախարարի՝ այն ժամանակվա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը (այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2010-2017թթ., ապա նշանակվել ԱԻ նախարար)  այդպես էլ ծպտուն չհանեց, չխոսեց խնդիրների մասին, փոխարենը՝ հանգիստ լռում էր, երբ բանակը ներքաշվում էր նման քաղաքական խաղերի մեջ, չէր խոսում նաև այնժամ, երբ բանակի համար նման վտանգավոր դրույթներ էին ներդրվում սահմանադրության մեջ։ 

Եվ հիմա հարց է առաջանում՝ ինչու՞ այն ժամանակ Դավիթ Տոնոյանը չէր խոսում սահմանադրական այդ խութերի մասին, ինչո՞ւ այս խնդիրը չէր բարձրաձայնում նաև այն ժամանակ, երբ պաշտպանության նախարար էր։ Փոխարենը նա գերադասում էր «նոր պատերազմ, նոր տարածքներ» աղետաբեր թեզն առաջ տանել։ Թեզ, որը բավական թանկ արժեցավ երկրի համար։

Թեև դատելով Տոնոյանի հայտարարությունից, թե չէր կանխատեսում Թուրքիայի ներգրավվածությունը 2020թ. ռազմական գործողություններում, կարելի է կարծել, որ այս մի դեպքն էլ չի կանխատեսել։ Իսկ մի՞թե կանխատեսելն ու, ըստ կանխատեսվածի, քաղաքականություն մշակելն ու իրացնելը հե՛նց այդպիսի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնեական պարտականություններից չէ, եթե ոչ՝ հենց հիմնականը։

Թե՞ պաշտոնը միայն ենթադրում է ծառայողական մեքենա, թիկնազոր, հարմար աշխատասենյակ և վերջում չքմեղացում՝ չէինք կանխատեսել...