Խորհրդարանական ընդդիմության շարքերում ակնհայտ ճգնաժամ կա, որը, կարծես, գնալով խորանում է։ Որքան էլ ընդդիմադիրները փորձեն հերքել, տարատեսակ մեկնաբանություններով կոծկել եղելությունը, նրանց հակասություններն ավելի ակնհայտ են դառնում ամեն քայլափոխի։
Մի դեպքում «Հայաստան» խմբակցությունն ԱԺ դահլիճում անակնկալի է գալիս «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի՝ խորհրդարանական ամբիոնը գրավելու ակցիայից։ Ու թեև գործընկերային համերաշխությունից դրդված նրանք էլ մոտեցան ամբիոնին, նույնիսկ լեզվակռվի բռնվեցին իշխանության հետ, նկատողություն ստացան, բայց հաջորդ օրն իսկ իրավիճակը հարթվել էր, և վերականգնվեց նրանց՝ հարց տալու, ելույթ ունենալու իրավունքը։ Եվ կարծես թե լռելյայն համաձայնվել են իշխանությունների հետ, որ «Հայաստան» խմբակցությունն այլևս թթու խոսք չի ասի, իսկ եթե քննադատի, ապա՝ ընդհանրական, «գեղեցիկ ձևակերպումներով»։
Մյուս դեպքում, ինչպես երեկ, ՊՈւ-ն չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին՝ ի տարբերություն «Հայաստան» խմբակցության, միաժամանակ ստորագրահավաք են կազմակերպում Արցախի թեմայով։ Ընդ որում, դա արվեց շատ բացահայտ՝ ցույց տալով, թե «Հայաստանն» իշխանության հետ «ջան է ասում, ջան լսում», իսկ իրենք սկզբունքայնորեն մերժում են գործող վարչակարգին։
Կարճ ասած՝ երկու խմբակցություններն այսօր ավելի շատ իրար դեմ են պայքարում, քան՝ իշխանությունների։ Իհարկե, գործը դեռ փոխադարձ մեղադրանքների ու քննադատությունների չի հասել, բայց նրանց քայլերն այդ մասին են հուշում։
Սա, իհարկե, տրամաբանական է։ Ընդդիմադիր խմբակցություններն այսօր չունեն օրակարգ, չունեն հարցերի լուծման իրենց բանալին, նաև չունեն քաջություն՝ պատասխանատվությունն իրենց վրա վերցնել և իշխանությանը «ստիպել» գնալ լուծումների։ Գնալ, որովհետև ցավոք, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ժամանակը մեր դեմ է աշխատում, հետևաբար, խնդրի լուծումից խուսափելու ամեն օրն ավելի է հեռացնում մեզ այդ պահին հնարավոր արդյունքից։ Ուզենք, թե չուզենք, սա է իրավիճակը։
Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. ընդամենը հասարակության ուշադրությունը շեղելու փորձեր, իսկ եթե խոսում են առկա խնդիրների մասին, ապա, լավագույն դեպքում, մակերեսայնորեն, իսկ ավելի հաճախ՝ մանիպուլացնելով կամ հայհոյախոսություններով։
Նույնը նաև ընդդիմադիր դիրքերից հանդես եկող տարատեսակ արտախորհրդարանական գործիչների դեպքում է. կառավարության շենքի մոտ խոզի գլուխներով ակցիան, թերևս, ասվածի լավագույն ապացույցն է։ Ակցիա, որ հիշեցնում էր միջնադարյան կրոնական ծես, ձև՝ առանց բովանդակության։ Ամեն ինչ, բացի իրատեսական քաղաքականությունից, ամեն ինչ, բացի բովանդակային քննարկումներից, ուղիղ հարցադրումներից ու պատասխաններից։
Չեն հասկանո՞ւմ, թե ինչ են անում, թե՞, այնուամենայնիվ, միանգամայն այլ կենտրոնների ցուցումներով են իրականացվում այս գործողությունները․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան։ Կամ գուցե կան, բայց ենթադրությունների ու վերլուծությունների մակարդակում։
Այսքանից հետո էլ չենք խոսում տիտղոսային ընդդիմության՝ մարդկանց փողոց դուրս բերելու խոստումների մասին, որոնք այդպես էլ չեն իրացվում։ Ու թեև ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն այժմ էլ խոսում է «լրջորեն նախապատրաստվելու» և պայքարի հերթական վճռական փուլ սկսելու մասին, սակայն որևէ քայլի չեն դիմում՝ թերևս հերթական հիասթափությունից խուսափելու համար։