Վերլուծություն

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե վերջին սրացումներից հետո բազմիցս դիմել են միջազգային տարբեր կազմակերպությունների, սակայն՝ ապարդյուն: Ըստ նրա՝ արձագանքելու փոխարեն ժողովրդավարության մասին անընդհատ խոսող երկրները Նովրոզի կապակցությամբ շնորհավորում են Ալիևին․

«Տեսել ենք, էլի, որտեղ է դրանց ազդեցությունը: Տեսեք՝ քանի երկիր է շնորհավորել Ալիևին Նովրուզի կապակցությամբ։ Ադրբեջանցի էկոակտիվիստներից մեկն ասում է՝ պետք է կտրենք հայերի կոկորդն ու արյան մեջ թաթախենք, որ Նովրուզ տոնենք, իսկ տարբեր երկրներ, որոնք ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթներով գոռում, ճվում են ժողովրդավարության մասին, Ալիևի Նովրուզն են շնորհավորում, մի մարդու, ով այս բոլոր գործողությունների և նման մարդկանց մեջքին է կանգնած»,- ասել է Բաբայանն իր վերջին հարցազրույցում։

Միջազգային հանրությունից, արևմտյան երկրներից դժգոհություններ հայտնելու իրավունքն, իհարկե, Դավիթ Բաբայանինն է. ի վերջո, բոլորն ունեն խոսքի ազատության, իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։

Սակայն երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաները կամ պատգամավորները փորձում են օգտվել իրենց այդ իրավունքից, ճիշտ կլիներ, որ նաև իրենց խոսքի արժեքը գնահատեին։

Տևական ժամանակ Դավիթ Բաբայանը զբաղեցրել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը, մասնագիտությամբ քաղաքագետ է, քաղաքագիտության դոկտոր։ Եվ նրան մենք չէ, որ պետք է ներկայացնենք միջազգային հարաբերությունների, այդ հարաբերություններում սեփական երկրի շահերն առաջ տանելու հրամայականը։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին դեռ առաջին կուրսում են սովորեցնում պետական շահի մասին։ Նաև առաջին կուրսից մարդիկ իմանում են, որ մեր բարեկամ երկիր Ֆրանսիայում 17-րդ դարում եղել է մի հզոր կերպար՝ Արման-Ժան դյու Պլեսսին, նույն ինքը՝ կարդինալ Ռիշելյեն։ Նրա անունը, իհարկե, հայտնի է գեղարվեստական գրականությունից՝ Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպից։ Բայց այդ վեպում կարդինալի կերպարը միանգամայն այլ կերպ է ներկայացված և որևէ առնչություն չունի իրական Ռիշելյեյի հետ։ Իսկ իրական Ռիշելյեն դեռ 17-րդ դարում հետևողականորեն այն միտքն է քարոզել, որ պետական շահերն առաջնային են, անխախտ, վեր ամեն ինչից, այդ շահերը երբեք չի կարելի զոհել զգացմունքներին, գաղափարախոսությանը, հայեցակարգային ավանդույթներին ու սովորույթներին:

Կարդինալն իրենից հետո թողեց մի աշխարհ, որը տարբերվում է այն աշխարհից, որտեղ նա հայտնվել էր: Ռիշելյեն ստեղծել և գործի է դրել քաղաքական մի մեխանիզմ, որով Ֆրանսիան ու, ընդհանրապես, աշխարհը շարժվում է մինչ օրս։ Եվ ուրեմն, այսքանից հետո պետք է մարդիկ իմանային, որ ամեն պետություն իր շահով է առաջնորդվում, և եթե այդ շահը թելադրում է այսօր «լավ լինել» Ադրբեջանի հետ, աչք փակել նրա արածների վրա, ապա այդպես էլ անում են։ Արդար չէ, իհարկե, կասենք ավելին՝ շատ անմարդկային է։ Բայց միջազգային քաղաքականությունը սենտիմենտներ չի սիրում, զգացմունքները մերժում է։ Չոր հաշվարկներ։ Եվ ուրեմն, այս առումով միանգամայն բնական պետք է թվա նույն արևմտյան աշխարհի՝ ժողովրդավարության ընկալումներն ու ժողովրդավարության դրսևորումների նկատմամբ քայլերը։ Իսկ կարիք կա՞ հիշեցնելու, որ Արևմուտք-Ռուսաստան այսօրվա դիմակայության պայմաններում Եվրոպա գազ առաքվում է նաև Ադրբեջանից. դեռ նախորդ տարվա ամռանից Ադրբեջանը հայտարարեց, որ Բաքուն ծրագրում է Եվրոպա գազ արտահանել։ Այնպես որ, նման դեպքերում միանգամայն բնական է (բայց ոչ բարոյական), որ հայերի խնդիրները պետք է ստորադասվեն։

Սա, իհարկե, բարդ է ընդունելը, հատկապես մարդկանց համար, ովքեր սեփական երկրի շահը ավելի ցածր են դասում, քան, ասենք, Ռուսաստանի շահը կամ Ամերիկայի, կամ գուցե Նոր Զելանդիայի ու Կամբոջայի։ Իսկ միգուցե պոռոտախոսության, մուննաթի, աշխարհին պահանջներ ներկայացնելու փոխարեն մի փոքր իրենց նեղություն տային և շարժվեին աշխարհի օրենքներո՞վ՝ փորձելով իրենց շահերը ներդաշնակեցնել այլոց շահերին։ Միգուցե աշխարհի և աշխարհի օրենքների վրա խաչ քաշելու և սեփական «ճիշտը» առաջ տանելու փոխարեն մի փոքր իրատե՞ս գտնվեին։ Թե չէ, հեշտ է նստել ու «հայի բախտից» դժգոհել։ Վանոն կասեր՝ սա հայի բախտ չէ, պարզապես հայի խելք է։

Մանավանդ, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետության որոշելիքն է՝ շնորհավորի՞ Ադրբեջանին Նովրուզի առթիվ, թե՞ ոչ։

Ճիշտ նույնկերպ լավ կլիներ, եթե իրենց խոսքերի հանդեպ ուշադիր գտնվեին նաև Հայաստանում, որովհետև, օրինակ, պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը Հռոմի ստատուտի մասին խոսելիս ասում է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում կալանավորելու սանկցիա է տվել Հաագայի դատարանը, ՀՀ գալու դեպքում կկալանավորվի։ Եվ սա ասում է այն դեպքում, երբ Հռոմի ստատուտը դեռ չի վավերացվել և պարզ չէ՝ կվավերացվի արդյո՞ք, թե՞ ոչ, ու վավերացման դեպքում ինչպես կգործի։ Հայի բա՞խտ, թե՞ հայի խելք՝ միևնույնն է, պետական շահը մոռացած, ու մեկին համակրելու, մյուսին չսիրելու արանքում դեգրադանում է քաղաքական միտքը։