Վերլուծություն

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Միջնորդելով Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու գործին՝ Չինաստանը իսկական «փոթորիկ» իրականացրեց Մերձավոր Արևելքում: Չինաստանը իր արտաքին քաղաքականության դոկտրինում սովորաբար ձեռնպահ է մնում միջնորդական դերակատարությունից, սակայն թե՛ տարածաշրջանը, թե՛ երկրները բացառիկ էին այդ առումով։

Մոսկվայի և Պեկինի աջակիցները շտապեցին հայտարարել ԱՄՆ պարտության, Չինաստանի տարածաշրջանային հաղթանակի, իսկ Կրեմլում նույնիսկ խոսեցին, իրենց սիրած, «տարածաշրջանում առանց արտաքին խաղացողների» բանակցությունների կարևորության մասին՝ կարծես պատահաբար մոռանալով, որ արտաքին ազդեցությունը միայն ԱՄՆ-ինը չէ, և Չինաստանն էլ պետք է նույն սկզբունքում դիտարկվի։ Ինչևէ, կարծում ենք՝ չափազանցված է խոսել ԱՄՆ «պարտության» և Մերձավոր Արևելքում Չինաստանի հաղթարշավի մասին։

Այս գործարքի արդյունքներով՝ Չինաստանը ներկայանում է որպես տարածաշրջանի խաղացողների վստահելի «գործակալ», իսկ ԱՄՆ-ն առերեսվում է «ավտորիտար» երկրների սիտուատիվ դաշնակցային պայմանագրի հետ։ Մանավանդ, Չինաստան-ԱՄՆ լարված տնտեսա-քաղաքական հարաբերությունների ֆոնին Չինաստանի այս քայլը իրապես գամբիտի տպավորություն է թողնում։

Բայց ԱՄՆ-ն նույնպես շահեկան դիրքերում է։ Նախ, տարածաշրջանային հիմնական խաղացողների հաշտեցումը Չինաստանի օգնությամբ ոչ միայն Մերձավոր Արևելքն է դարձնում ավելի կանխատեսելի, այլև Իրանին է դարձնում ավելի քիչ մեկուսացված, ավելի հասկանալի, ավելի քիչ հակված անխոհեմ «դաշնակցության», առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, և, որ ամենակարևորն է, ավելի կանխատեսելի է դարձնում նավթի շուկան։ Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով է անցնում Չինաստանի նավթի սպառման մոտավորապես մեկ հինգերորդը: Եվ, իհարկե, Չինաստանը հաշտեցրել է մրցակիցներին՝ առաջին հերթին իր շահերից ելնելով։ Բայց ԱՄՆ-ի շահերի ամբողջության մեջ նույնպես պակաս հաղթանակած չեն, քանի որ այդ գործարքով առաջ են մղվում նաև ԱՄՆ-ի անվտանգության շահերը: Երկարաժամկետ հեռանկարում այդ շահերը կարող են հավասարվել չինականին։

Նախևառաջ, Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների վերականգնումը կօգնի ամրապնդել հրադադարը Եմենում։

Երկրորդ, մնում է տեսնել, թե արդյո՞ք գործարքի օգուտները Իրանի իշխանությունների համար կվերածվեն երկարաժամկետ հաղթանակի: Հարկ է հիշել, որ Իրանը չի հրաժարվել իր՝ միջուկային պետություն դառնալու նկրտումներից, դա չի փոխվի այս համաձայնագրով, իսկ դրան զուգահեռ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև անվստահության մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Եվ եթե համաձայնագիրը խզվի, ավելի հավանական է, որ Իրանին մեղադրեն դրա մեջ, և, գուցե, նույնիսկ հենց Չինաստանը լինի առաջին մեղադրողը:

Երրորդ, չպետք է մոռանալ նաև Մերձավոր Արևելքի նավթի՝ ավելի կայուն ու անվտանգ շուկան․ Արևելքի երկու կարևորագույն նավթ արտադրող երկրների համար ռազմական և քաղաքական ռիսկերի ընդհանուր կարգավորումը վնաս է նաև Ռուսաստանին։ Ռուսաստանը կորցնում է իր՝ Չինաստանի բացառիկ մատակարարի կարգավիճակը, երբ առանց այն էլ, տնտեսական առումով, գտնվում է Չինաստանի «գրպանում»։

Ամփոփելով՝ ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը ԱՄՆ-ՍՍՀՄ մրցակցությունը չէ, երբ այն ողջ երկրագնդով մեկ էր և բոլոր տարածաշրջաններում։ ԱՄՆ-ն այլևս չունի այդպիսի գլոբալ մրցակցության ռեսուրսներ։ Փոխարենը, Միացյալ Նահանգները պետք է ընտրողաբար զսպի Չինաստանին։ Չինաստանի միջնորդությամբ այս գործարքն այն դեպքերից է, երբ Վաշինգտոնը կարիք չունի էներգիա ծախսելու՝ փորձելով զսպել Պեկինին: Չինական դիվանագիտությունը կարող է գոնե մասամբ լրացնել ԱՄՆ-ի ազգային շահերը, և Իրան-Սաուդյան Արաբիա գործարքը կարող է այդ օրինակներից մեկը լինել։  Դրանով Չինաստանը նաև նոր «բեռ  է վերցնում»՝ մերձավոր արևելքում կայունության ու անվտանգության երաշխավորի «ծանր առաքելությունը» կիսելով ԱՄՆ-ի հետ։