Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տարելիցի օրը հրապարակեց ԱՄՆ պետդեպարտամենտի դիվանագիտական հեռագրերը, որոնցում խոսվում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին։ Համաձայն այդ փաստաթղթերի՝ 1997թ. ընթացքում բանակցային գործընթացը ոչ միայն սկսել էր ակտիվանալ, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրների շահերից էր բխում կարգավորել այս հարցն ու դրանով իսկ ցույց տալ, որ Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են համագործակցել և նպաստել Եվրոպայի խաղաղությանը:
Գաղտնի փաստաթղթերից պարզ է դառնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել էին փոխզիջումային տարբերակով գնալ խնդրի լուծմանը, սակայն ղարաբաղյան կողմն է դեմ եղել։ Հիշեցնենք, որ 1997-ի փուլային տարբերակը գրավոր մերժել է հակամարտության կողմերից Ղարաբաղը, մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը, թեև վերապահումներով, համաձայնվել են այս տարբերակին։ Այդ հողի վրա Հայաստանում տեղի ունեցավ 1998-ի հայտնի ներպալատական հեղաշրջումը։
Ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերի գաղտնազերծումից նաև պարզ է դառնում, որ գերտերությունները ոչ միայն միասնական են եղել իրենց նպատակներում, այլև ցանկություն է եղել հիմնախնդրի կարգավորմամբ Հայաստանը մասնակից դարձնել տարածաշրջանում սպասվող տնտեսական աճին։ Նաև եղել են զգուշացումներ, որ լրջագույն ծրագրեր են տապալվում հակամարտության պատճառով, ու Հայաստանի համար որևէ առարկայական առաջընթաց տեղի չի ունենա, առանց խաղաղության:
Ու հիմա, կարելի է ասել, հրապարակված փաստերը «իշխանության ձեզ հայտնի մարմիններից» հաշիվ պահանջելու ևս մեկ առիթ են՝ 1998-ի ներպալատական հեղաշրջման ու դրանով Հայաստանի զարգացման ընթացքը կասեցնելու համար։ Ներպալատական հեղաշրջման երեք շահառուներից երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այսօր ողջ են և այսօր մեկնաբանելու շատ բան ունեն, մինչդեռ լռում են, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Նույն կերպ լռում է նաև Ղարաբաղի՝ այն ժամանակվա իշխանական վերնախավը՝ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։ Մինչդեռ նրանք պարտավոր են պատասխանել շատ հարցերի և պարզաբանել՝ ինչո՞ւ, հակառակ միջազգային հանրության հորդորներին ու աջակցությանը, մերժվեց արժանապատիվ խաղաղության ծրագիրը։
Եվ ինչո՞ւ, որպես այս ամենի հետևանք, Հայաստանն, ըստ էության, դուրս մղվեց տարածաշրջանային փաստացի տնտեսական քարտեզից՝ մի շարք էներգետիկ ծրագրերից, ընդ որում՝ անվերադարձ։
Քաղաքական կարճատեսության կամ անմտության մասին մեկնաբանություններն այնքան էլ համոզիչ չեն․ և ուրեմն, հարկավոր էր պարզապես զավթել իշխանությունը, ինչը և արվեց՝ որպես պատրվակ օգտագործելով ԼՂ խնդիրը։
Մանավանդ, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ՀՀ իշխանության ղեկին գտնված բոլոր ղեկավարները՝ նույն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, շարունակել են բանակցել նույն այն դրույթների շուրջ, որոնք մերժել էին՝ համարելով պարտվողական։ Միայն թե այդ ընթացքում, ըստ «Վիկիլիքսի» և ռուսական զլմ-ների, հասցնելով հսկայական ունեցվածք դիզել, թուլացնել պետության ու հասարակության դիմադրողականությունը, ինքնըստինքյան խորացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային բալանսը և, փաստացի, սպասել պատերազմի...
Պատմությունը դեռ պետք է տա իր գնահատականը տեղի ունեցածին։