Վերլուծություն

Իսկ ո՞վ է երկնքից հայտնվելու ու լուծելու մեր խնդիրները

Հայաստանում անընդհատ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվում,  համաձայն որոնց` ներկայիս քաղաքական դերակատարների հանդեպ հիասթափություն ու անտարբերություն կա։ Այս իրողությունն, դժբախտաբար, ակնհայտ է, և դրանում համոզվելու համար անգամ լուրջ սոցհարցումներ անցկացնելու կարիք չկա։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ստեղծված իրավիճակն ինչ-որ տեղ նույնիսկ բնական է՝ հաշվի առնելով տարիներ ի վեր դեգրադացված քաղաքական համակարգը, փողի վճռորոշ նշանակությունը քաղաքական դաշտում։

Բայց իրավիճակի արձանագրումն ամենևին էլ բավարար չէ։ Ավելին՝ հիմա իրավիճակից դուրս գալու համար լուծումների կարիք կա։ Իսկ սա նշանակում է, որ պետք է լուծել անվստահության հարցը, կանգնեցնել հիասթափության, անտարբերության անիվը։ Իհարկե, հեշտ չէ, շատ դժվար է, բայց եթե իրագործելի չլինի, կստացվի մեր պետության գոյությունն ենք կասկածի տակ դնում։ Այլընտրանքը ցավոտ կարող է լինել. քաղաքական դաշտում գլուխ կարող են բարձրացնել մարգինալ խմբակները լուսանցքային գործիչները, քաղաքական ծաղրածուները կամ արտաքին ուժային կենտրոնների կողմից հեռակառավարման վահանակով աշխատողները․ որոշ նախանշաններ արդեն իսկ կան։

Առաջիկայում սպասվող Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ (իսկ այդ ընտրություններն իրենց մասշտաբով գրեթե զիջում համապետական ընտրություններին) հանրային տրամադրությունները կարևոր են, և դրանց հետ պետք է հաշվի նստել, նաև՝ հետևություններ անել։ Հիասթափության, անտարբերության ալիքը, որ կա Հայաստանում, մեղմ ասած, լավ բանի մասին չի խոսում, այլ խոսում է քաղաքական համակարգի խնդիրների մասին։ Այս առումով ընտրողը քվեախուց մտնելիս նաև մտածի, թե ում է վստահում երկրի էպիկենտրոնի կամ քաղաքական առումով ազդեցությամբ երկրորդ պաշտոնյայի կարգավիճակը։ 

Ստեղծված իրավիճակի մասին քննարկումներն ու խոսակցությունները մեզնում կրում են առավելապես մեխանիկական բնույթ՝ այն տրամաբանությամբ, թե՝ կա նոր ուժի պահանջարկ, պետք է նոր լիդեր և այլն։ Բայց չկա խորքային ուսումնասիրություն, նաև՝ գործնական պատկերացում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի այդ նոր ուժը, ինչ բովանդակությամբ։ Նոր մարդու, նոր լիդերի մասին խոսակցությունները բարի ցանկություններից այն կողմ չեն անցնում։ Դրանք միշտ էլ եղել են, կարծես երկնքից մեկը պիտի հայտնվի ու տա բոլոր լուծումները։ Այսօր այդ բարդույթի կրկնության տխուր փորձերին ենք ականատես լինում։ Մինչդեռ նոր ուժի, նոր լիդերի ի հայտ գալը դեռ երաշխիք չէ, որ կլուծվեն առկա խնդիրները, կամ այդ ուժն ի զորու է անել «երազելին»։ Կարելի է ձախողումների ու սխալների համար անընդհատ քննադատել գործող իշխանությանը, կարելի է անընդհատ խոսել նախկինների թալանչի բնույթի մասին և այդ ամենի հանրագումարում՝ խոսել նոր ուժի մասին։ Իսկ ո՞վ պետք է լինի այդ ուժը, որտեղի՞ց։ Հենց այնպես զրոյից ոչինչ չի լինի։ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթներից մեկում ասել էր՝ «զրո եք, զրոները ճանապարհ չունեն»։ Հիմա այս դեպքում է։

Այնպես որ, մեզանում պետք է քաղաքական իմունիտետի վերականգնում և գործնականում նոր որակի իմունիտետի ձևավորման հիմք: Ասել է, թե հարկավոր է առարկայական խոսակցություն քաղաքականության, քաղաքական երևույթների, դրանց նկատմամբ կայուն վստահության վերականգնման մասին։ 

Առավել ևս, երբ քաղաքական համակարգերում բնական տրանսֆորմացիաների ու որոշակի սերնդափոխության համար անցնցում անցումը կարևոր է։ Սա ոչ միայն քաղաքական անվտանգության խնդիր է, այլև պետության, քանի որ, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում, շատ կարևոր է քաղաքական դաշտի կայացածությունը։ Դա, կարելի է ասել, պետության ողնաշարը ուղիղ պահելու հարց է։