Վերլուծություն

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Անցած տարի նոյեմբերին, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Լեռնային Ղարաբաղի պետական նախարար, հանրային դիսկուրսում մարդիկ փորձում էին հասկանալ, թե ինչ է թաքնված դրա ներքո։ Դրվատանքի խոսքերից բացի, կային խոսակցություններ Վարդանյանի՝ ՌԴ կողմից գործուղված լինելու վերաբերյալ։

Այս խոսակցությունների համար հիմք էր այն, որ Վարդանյանը ռուսաստանաբնակ գործարար էր, տիրապետում էր նաև հանրային, քաղաքական ու տեղեկատվական միջավայրերում լուրջ կապերի։ Նման տրամադրությունների հիմնավոր կամ անհիմն լինելը պետք է պատասխան ստանար Ռուբեն Վարդանյանի գործունեությամբ։ Այսօր Ստեփանակերտ-Երևան «Արցախ. շրջափակման ամիս» հեռուստակամուրջի ժամանակ Վարդանյանն անդրադարձավ ռուսաստանյան խաղապահների դերին և նշանակությանը։ Լրագրողի հարցին Վարդանյանի պատասխանը նյարդայնության տպավորություն թողեց. «Ես չեմ ուզենա մեկնաբանել քաղաքական գործչի բառերը»։ Այսպես սկսվեց նրա պատասխանը։ «Քաղաքական գործիչը», անկախ գործարարի անձնական համակրանք-հակակրանքից, ՀՀ վարչապետն է։ ՌԴ խաղաղապահների վերաբերյալ հարցի համատեքստում նման որակումն ի ցույց է դնում իրողությունը, թե ինչքան զգայուն է Վարդանյանը Մոսկվայի քաղաքականության վերաբերյալ հնչող հարցադրումների նկատմամբ։  

Իր պատասխանի տողատակերում դժգոհելով՝ Ռուբեն Վարդանյանը նշում է, որ ՀՀ աջակցությունն արտահայտվում է հիմնականում ֆինանսական և իրավական ասպեկտներով։ Պետնախարարը, հավանաբար, 2020թ. աշնանն իսպառ կտրված է եղել հայկական իրականությունից և տեղյակ չէ պատերազմից և դրա հետևանքներից։ Այլապես դժվար թե դիտավորյալ կերպով անտեսեր այն փաստը, որ ՀՀ-ն պատերազմի ծանր արդյունքներով ներկայումս սահմանափակ հնարավորություններ ունի Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ի վերջո, եթե Ռուսաստանը, որի մի մասը Թաթարստանի «ծաղկունությամբ» լինելուն դեմ չէր Վարդանյանը, չի կարողանում Ադրբեջանին ստիպել բացելու Լաչինի միջանցքը, ինչպե՞ս կարելի է Հայաստանից ունենալ նման ակնկալիք։ 

Ռուբեն Վարդանյանը միաժամանակ համոզված է, որ ամեն ինչ պետք է անել, որ ռուս խաղաղապահն իրեն լավ զգա, պետք է զգա, որ ինքը մեծ դեր է խաղում։ Ավելի առաջ գնալով՝ նա հորդորում-հրամայում է վերջ տալ ռուսներին թիրախավորելուն։ Նախ, Վարդանյանին պետք է հիշեցնել, որ հակառակը՝ ռուս խաղաղապահը, ըստ իր պարտականությունների, պետք է ամեն ինչ անի, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրեն լավ զգա (հիմա՝ ապահովի անվտանգությունը), ռուս խաղաղապահը պետք է իր պարտավորությունները կատարի՝ ըստ պատշաճի, դրանից և՛ տեղի բնակչությունն իրեն լավ կզգա, և՛ ռուս խաղաղապահը կզգա իր մեծ դերը։ Սրանք տարրական բաներ են, որոնք Վարդանյանի պես անձը հաստատապես շատ լավ գիտի։ Պարզապես նա փորձում է ամեն գնով պաշտպանել ռուս խաղաղապահներին հիմնավոր քննադատություններից, ինչն էլ նրան դնում է նման հակասական տեքստեր արտաբերելու անհարմար հրամայականի առաջ։ Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ։

Այս հարցի պատասխանը Վարդանյանի մյուս մտքերի մեջ է գտնվում։  Ըստ այդ մտքերի՝ պետք է ամեն ինչ անել, որ ռուս խաղաղապահներն ստանան միջազգային մանդատ, երկարաձգվի նրանց ներկայությունն իրենց տեղակայման վայրերում տասնյակ տարիներով, մեծացվի թվանաքանակը, ավելանա զինամթերքը։ Մի խոսքով՝ հավերժացվի ՌԴ ներկայությունը տարածաշրջանում։ Գիտակցաբար, թե անգիտորեն, Ռուբեն Վարդանյանը դառնում է ռուսաստանյան հետաքրքրությունների սպասյակը։ Դա դեռ ոչինչ, նա բացահայտորեն այդ դերը վերագրում է Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը։ Այսինքն՝ ելակետ չի վերցվում այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի և թշնամություն ու պատերազմը վերանան ու տարածաշրջանում խաղաղություն լինի։ Վարդանյանը, սայլի և ձիու տեղերը կարծես խառնում է, քանզի ԼՂ հակամարտության վերջնանպատակը ոչ թե պիտի լինի ռուս խաղաղապահների մնալը, այլ հենց խաղաղապահների գործոնը պետք է նպաստի հաշտության ու համաձայնությունների կայացմանը։