Վերլուծություն

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը

Օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերում ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց էր տալիս։ Ստանդարտից դուրս ոչնչով չառանձնացած այդ հարցազրույցում, սակայն, հնչեց մի միտք, որը մեղմ ասած, տարակուսելի էր։

Քոչարյանը 12 տարի զբաղեցրել է ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը։ Այդ պաշտոնը տասը տարի զբաղեցրել է Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում, երկու տարի՝ Նիկոլ Փաշինյանի կաբինետում։ Ի պաշտոնե նա տեղյակ է եղել երկու ղեկավարների արտաքին քաղաքական խոհանոցի անցուդարձին, նրբություններին, զարգացումներին։ Եվ ահա, այսօր հայտարարում է, որ 2020-ի պատերազմը և պարտությունը նախապես ծրագրված էին, որի նպատակը ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելն էր։ Հարց է ծագում. եթե 2018թ. սկսած՝ իշխանությունները տանում էին նման քաղաքականություն, Քոչարյանը ինչո՞ւ շարունակեց մնալ իր պաշտոնում, ինչո՞ւ ազատման դիմում չգրեց և չմերկացրեց դավադիր պլանը։ Այժմ նման հայտարարություն անելով՝ Քոչարյանն իրեն փաստացի մասնակից է դարձնում այդ գործընթացին, քանզի մաս է կազմել ներկա իշխող կառավարող կաբինետին։ Եթե նա մեղադրում է իր ղեկավարներին հանցավոր գործունեության մեջ, ինքը նույնքան հանցակից է այդ ամենին, եթե այնժամ չի թողել, հեռացել, էլ չենք ասում՝ բացահայտել դավադրությունը։

Եթե հիշենք, թե երբ է Քոչարյանը հեռացել ԱԳ փոխնախարարի պաշտոնից (2020թ. նոյեմբերի 17), պարզ կդառնա նրա տեքստի և կեցվածքի հակասականությունը։ Նա հեռացավ այդ պաշտոնից պատերազմում կրած պարտության և ներքաղաքական ցնցումնալից վիճակում։ «Հայրենիքի փրկության շարժումը», ի թիվս այլոց, հավանաբար Շավարշ Քոչարյանի հոգում նույնպես ծլարձակել էր իշխանափոխության և հարազատ միջավայրի վերադարձի հույսը։ Այլապես բոլորովին հասկանալի չէ, թե ինչու պաշտոնից հեռանալու ժամանակ նա չի բարձրաձայնել վերը նշվածի մասին։ Եթե պաշտոնի լինելով չի հասկացել՝ ինչ է կատարվում, ուրեմն զրո պրոֆեսիոնալիզմ ունի, եթե հասկացել ու լռել է, դավադիր է։ Ուրիշ ինչպե՞ս բացատրես։

Քոչարյանը պաշտոնը թողնելուց 3 տարի հետո է միայն «պայծառացել». «Ռուսներին դուրս մղելու համար պետք էր ծրագրավորված պատերազմ, պարտություն, որ Արցախից ազատվեն։ Ուղղակի ռուսները դա թույլ չտվեցին»։  Ի՞նչ է սա, եթե ոչ հայտարարություն սեփական պաշտոնեական հանցավորության մասին, երբ երկրի փոխարտգործնախարարը լուռ հետևել է դավադրությանը, վայելել աշխատավարձը, պարգևավճարը, կաբինետն ու իր սիրելի կոնյակը և հեռացել միայն հնարավոր թվացող իշխանափոխության ֆոնին։ Նրա տեքստի տրամաբանությունը հուշում է, որ մինչև պաշտոնաթողությունը և դրանից հետո գործ ունենք երկու տարբեր Շավարշ Քոչարյանների հետ։ Փոխնախարար Քոչարյանը լոյալ էր վարվող քաղաքականությանը և կես բառ անգամ անհամաձայնություն չի դրսևորել։ Իսկ, ահա, պաշտոնաթողությունից հետո եթերում հայտնվել է միանգամայն այլ Քոչարյան, որը ՌԴ-ին պաշտպանելու և ռուս-թուրքական գործակցությունը հերքելու համար պատրաստ է նման մեղադրանքներ հնչեցնել իր պետության, այդ թվում՝ նաև սեփական աշխատանքային երկամյա կենսագրության դեմ։ 

«Իսկ կշռաքարերն ինչո՞ւ գողացաք, պարո'ն Քոչարյան»,- կհարցներ հայտնի ֆիլմի հերոսը։