Վերլուծություն

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե վերջին վեց ամսում իր ընտանիքը, հարազատները ենթարկվում են ապօրինի ճնշումների։

Նա պատմել է, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է հայրը, նաև խուզարկություն է եղել իրենց տանը։ «Հայրս ինձ հորդորել է՝ պայքարից հետ կանգնել չկա։ Մեր տան հարսներն էլ են պատրաստ նստել։ Ինչ կարան, թող անեն»,- լրագրողների մոտ հպարտացել է ԱԺ նախկին փոխնախագահն ու հավելել, թե իրեն չեն կարող վախեցնել։

Դաշնակցական գործչի հայտարարությունները խրոխտ են հնչում։ Միայն թե, նախքան «տան հարսների նստելու» պատրաստակամության ու չվախենալու մասին խոսելը, Իշխան Սաղաթելյանը ճիշտ կաներ՝ հիշեր, թե բողոքի ցույցերից մեկի ժամանակ ինչ կայծակնային արագությամբ փախավ իրեն բերման ենթարկել փորձող ոստիկաններից։ Նրա այդ վազքն արժանի տեղ է զբաղեցրել քաղաքականության նորագույն պատմության մեջ։ Ու դրանից հետո երբ Սաղաթելյանը խոսում է չվախենալու մասին, այնքան էլ համոզիչ չէ։

Իհարկե, դժվար է ասել՝ մեզնից յուրաքանչյուրն իրեն ինչպես կպահեր, եթե բերման ենթարկվեր։ Սակայն մի բան է շարքային ցուցարարը, այլ բան՝ այդ ցուցարարներին առաջնորդելու հայտ ներկայացրած անձը, ավելին, 130-ամյա կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչը։ Եվ իր այդ վազքով Իշխան Սաղաթելյանը շատ լուրջ հարված է հասցրել իր քաղաքական կարիերային։

Ի դեպ, այսօր իր ճեպազրույցի ժամանակ Իշխան Սաղաթելյանը մի կողմից հայտարարել է, թե իրենց շարժումը տվել է արդյունքներ, բայց մյուս կողմից խոսել իշխանության դեմ ցանկացած մեթոդով պայքար մղելու, անգամ՝ ժողովրդական ապստամբության դիմելու մասին, ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում այդ քայլն արդարացված է։

Սկսենք նրանից, որ եթե իրենց շարժումը տվել է արդյունքներ, ինչո՞ւ է Սաղաթելյանը խոսում ապստամբությունից։ Եթե տվել է արդյունքներ, ապա կշարունակեին գործողությունները, ոչ թե գլխահակ կվերադառնային խորհրդարան։

Իսկ եթե, այնուամենայնիվ, խոսք է գնում ապստամբության իրավունքի մասին, հիշեցնենք՝ ՀՅԴ-ական գործիչը մեկ անգամ չէ, որ նման կոչ է արել։ Նախորդ տարվա գարնանային հանրահավաքների ժամանակ նա հայտարարում էր, թե ժողովրդի բնական իրավունքն է ապստամբությունը։ Սակայն ոչ ապստամբության, ոչ, ընդհանրապես, համախմբվելու և ոտքի կանգնելու կոչերն այդպես էլ տեղ չեն հասնում։ Ասվածի վկան նրանց կազմակերպած սակավամարդ հանրահավաքներն են։ Անգամ ընդդիմադիրներն են խոստովանում, որ իշխանափոխության չեն կարողացել հասնել, որովհետև փողոցում հնարավոր չի եղել ապահովել կրիտիկական զանգված։

Իսկ ինչո՞ւ հնարավոր չի եղել՝ պատասխանը պետք է փնտրել նույն ընդդիմության մեջ։ Հազիվ թե հաջողություն կարողանա գրանցել մի ուժ, որն այդպես էլ ներողություն չի խնդրում արկածախնդիր քաղաքականության համար։ Հազիվ թե հաջողություն գրանցի մի ուժ, որի մոտ բացակայում է քաղաքական միտքը, քաղաքական խոսույթը։ Բացի այդ, ընդդիմության գործողությունները սկսվում ու ավարտվում են կեղծ ազգայնականությամբ։ Ասվածի ապացույցը նրանց հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Արցախի թեմայով ներկայացված հայտարարության նախագիծն է՝ համեմված կեղծ հայրենասիրությամբ ու պաթոսով՝ մի կողմ դրած ռեալ քաղաքականությունն ու իրողությունները։