Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները, Սոչիի հանդիպման հետ կապված, ծայրահեղացված և, երբեմն, բևեռային սպասումներ ունեին։ Մի մասը սպասում էր, որ խաղաղության պայմանագրի «սևագիր» է կնքվելու՝ ազդարարելով նոր բանակցային գործընթացի մեկնարկ, մյուսները կարծում էին, թե Հայաստանն ու Ադրբեջանը մերժելու են Մոսկվայի միջնորդական դերը՝ նախապատվություն տալով Բրյուսելին և Վաշինգտոնին։ Սակայն եղավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Հանդիպմանը հետևած հայտարարությունը, ըստ էության, իրերի ներկա դրության ամրագրման փորձ է՝ առավելապես ֆիքսելով ներկա իրավիճակը տարածաշրջանում, գործող «ստատուս քվոյի» սառեցումը։ Հայտարարության ամենաառանցքային դրույթը հետևյալն էր. «Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը»։
Կողմերը, ուրեմն, ընդունում են խաղաղապահների գոյության ու գործունեության «պահանջվածությունը», այսինքն, կոնֆլիկտի առկայությունն ու ներկա փուլում լուծումների անհնարինությունը։ Եվ դա, փաստացի, առավելագույնն է, որ հիմա հարկավոր է կողմերի մոդերատորին ու հիմնական խաղացողին՝ Ռուսաստանին։ Ռուսաստանը հիմա խրված է ուկրաինական պատերազմում, չի կարողանում կոնֆլիկտից ելքի ճանապարհներ գտնել, գտնվում է աննախադեպ պատժամիջոցների տակ, շատ ոլորտներում ուղղակի կախված է Թուրքիայի հետ համագործակցությունից և, առնվազն այս փուլում, նպատակ չունի փոխել ստատուս քվոն տարածաշրջանում։ Միգուցե ապագայում՝ ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումից հետո, հետաքրքրված լինի փոխելու ստատուս քվոն, բայց այս փուլում, իրերի այս դրությամբ, ստատուս քվոյի փոփոխությունը միայն անկառավարելիություն և հավելյալ ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար։ Դրան է միտված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը, որ Հայաստանը համաձայն է 5-10-15 տարով երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում։
Բայց ի՞նչ է այս ամենի մասին մտածում Ադրբեջանը։ Ադրբեջանն, իհարկե, խաղաղապահների ներկայության ու ստատուս քվոյի պահպանման առաջին կորցնողն է։ Բայց դա, ցավոք, թե ի ուրախություն, ոչ իր, ոչ Հայաստանի քաշային կարգի հարցը չէ։ Դա թուրք-ռուսական համաձայնության արդյունք է, Ադրբեջանին ուղղակի կմնա հաշվի նստել դրա հետ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը կարող է հավելյալ եկամուտներ, «կալորիաներ» և զիջումներ ստանալ Ռուսաստանից՝ առավելապես իր տարածքով Եվրոպային Ռուսաստանի էներգակիրները վաճառելու դիմաց։
Իսկ ի՞նչ է մտածում Արևմուտքը և, գլխավորապես, ԱՄՆ վարչակարգը։ ԱՄՆ-ն, իհարկե, դեմ չի լինի տարածաշրջանի հանդարտեցմանը, Ռուսաստանին դուրս մղելուն և իր ազդեցությունը ավելացնելուն։ Բայց այդ դեպքում կստանա ավելի անկառավարելի Թուրքիա, որը կուժեղացնի իր դիրքերը։ Բայց նաև հարց կմնա, թե արդյո՞ք Թուրքիան ունակ կլինի լցնել Ռուսաստանի բացակայության հետևանքով առաջացած վակուումը, կամ արդյո՞ք Իրանը ուղղակիորեն չի ներքաշվի այդ գործընթացում։ ԱՄՆ-ն, իհարկե, դեմ չէ փոխել իրերի դրությունը, բայց այս փուլում Ռուսաստանը, եթե ոչ գերակշիռ, բայց 51% մասնաբաժին ունի տարածաշրջանում՝ գլխավորապես զինուժի ու տնտեսական լծակների տեսքով, և ոչ ոք, առնվազն առերևույթ, չի փորձում փոխել այդ հավասարակշռությունը։ Ստացվում է, ուրեմն իրավիճակ, որ Ռուսաստանը թուլացած է արևմտյան թևում, բայց ուժեղ է արևելյանում՝ գտնելով նոր դաշնակից՝ ի դեմս Իրանի, և դրանով փորձելով հավասարակշռել թուրք-իսրայելա-ադրբեջանական տանդեմը։
Այս բոլոր հարցերը բազմաթիվ անհայտներով, ռիսկերով ու փակուղիներով հավասարումներ են, որոնց լուծման ամենաօպտիմալ տարբերակը ներկա տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանում է՝ նոր քայլերն ու շարժերը թողնելով ավելի «լուսավոր» ու բարենպաստ ժամանակներին։