Վերլուծություն

Ալիևի օրակարգը Հայաստան բերող և անթաքույց միջանցք պահանջող Զատուլինի ընկերները

Այս շաբաթ Հայաստանի տարտամ հանրային կյանքը ալեկոծվեց Կոնստանտին Զատուլինի հետ կապված միջադեպով։ ՀՀ ԱԺ-ն հայտնել էր, որ նա անցանկալի անձ է Հայաստանում։

Զատուլինը պատահական մարդ չէ հայ-ռուսական հարաբերությունների շրջանակներում։ Նա «Լազարյան ակումբի» հիմնադիրն է, ՌԴ պետական դումայի պատգամավոր, պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը։ Ով չգիտի՝ «Լազարյան ակումբը» ռուսական փափուկ ուժի սիմվոլն է Հայաստանում՝ ռուսական ազդեցության կենտրոնակայաններից մեկը, այլ կերպ ասած՝ «Ռոբերտ Քոչարյան և Ռուսաստանի ընկերներ ՓԲԸ»-ն է, որոնք անթաքույց և հատուկ հրճվանքով հայտարարում են, որ Հայաստանն է 2020-ի պատերազմի մեղավորը, Հայաստանն է լքել ու ծախել Արցախը, որ ՀՀ իշխանությունները «սորոսի գործակալներ» են և այլն։ Եվ հիմա, երբ հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացման ֆոնին դաշնակից Ռուսաստանը հրաժարվում է ֆիքսել ՀՀ սահմանները և փաստացի մեղադրում Հայաստանին դելիմիտացիա և դեմարկացիա չանելու և Մեղրիով կոմունիկացիները չբացելու մեջ, Զատուլինը շարունակում է այդ երգը երգել։ Բայց դա էլ ոչինչ, ընդունենք՝ դա էլ իր գործն է — մի կողմից՝ խոսել սուրբ Արցախից՝ պոպուլիզմով շոյելով միամիտ հայաստանցիների ականջները, մյուս կողմից՝ սպասարկել ռուս-ադրբեջանական օրակարգը՝ ՀՀ-ին մեղադրելով 44-օրյա պատերազմի հրահրման ու Արցախի կորստի մեջ՝ ակամայից անտեսելով ՌԴ դաշնակցային դերը, պարտավորությունները առնվազն ՀՀ անվտանգության հարցում և ներդաշնակությունը տարածաշրջանում թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։

Առավել աղետալին ներհայաստանյան զատուլինյան զեղումներն էին՝ Ռուսաստանի դերը գովերգող, ՀՀ «դավաճանությունը» երգող ու աղետ գուժող մարտիկների շարանի տեսքով։ Նախ, Ռուսաստանի տարատեսակ սիմոնյաններն ու այստեղի նրանց «քույր ու եղբայր գործիչները» սկսեցին Հայաստանին մեղադրել հակառուսականության տարածման ու դավաճանության մեջ։ Եվ, միջոցների մեջ խտրություն չդնելով, կամա կամ ակամա դարձան նաև Ալիևի շահերի պաշտպանները Հայաստանում։ 

Այդպես, Ռուսաստանում բիզնես գործունեություն ծավալած, Հայաստանում սեզոնային կուսակցության հիմնած և, ապա, անհասկանալի հանգամանքներում քաղաքականությունից դուրս եկած, տարբեր շրջափուլերում Վազգեն Մանուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմում ներգրավված Ավետիք Չալաբյանը հիշեց ոչ միայն Զատուլինի «հայամետ ու հայոց հողի սիրահար» կերպարը։ Չալաբյանն, ուրեմն, պաշտպանելով Զատուլինին ու մեղադրելով ՀՀ իշխանություններին ապազգային ու հակառուս քաղաքականության մեջ, հայտարարել է. «Այս իշխանությունները հիմա փորձելու են հիմնավորել, որ Զատուլինը խոսել է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին, և որ Ռուսաստանը ընդհանրապես ճնշում է գործադրում Հայաստանի վրա միջանցքի հարցում: Ցավալի իրականությունն այն է, որ այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով (թեև այն այդպես չի կոչվում, բայց նկարագրությունը համապատասխանում է դրան), և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է»։    

Ուշադրություն դարձրեք ձևակերպման չարագուշակության վրա՝ «այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով»։ Հատուկ անտեղյակների համար նշենք, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի՝ «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։

 Թե որտեղ է բիզնեսմեն, բարերար, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «ազգ-բանակ» ու «ազգ-սինգապուր» հայեցակարգերի ջատագով, խորագիտակ Ավետիք Չալաբյանն այդ չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք տեսել՝ բացի Լաչինի միջանցքից, միայն Աստված գիտի ու գուցե Չալաբյանը։ Թերևս նաև Զատուլինը։ Եվ հերիք չի՝ գիտի, մի բան էլ, Ալիևի շահերի պաշտպանի պատմուճանը հագած, հատուկ պնդում է, որ դրա տակ հենց Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Եվ որ իրականում ոչ թե Ռուսաստանն է Ադրբեջանի միջոցով ռազմական ուժով ճնշում Հայաստանին՝ «միջանցք» տալու համար, այլ, արի ու տես, դա Փաշինյանն է ստորագրել։

Ստացվում է, ուրեմն, որ իրենք, Երևանի կենտրոնը ուտուշ-խմուշի և երգ ու պարի, նաև սպանությունների բեմադրության թատերահարթակ դարձնելով, և միաժամանակ հայտարարելով, որ հնարավոր չէ չեղարկել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, պայքարում էին, որպեսզի միջանցք տան Ալիևին։ Պայքարում էին, որ հենց իրենք լինեն «միջանցք» տվողը, հենց իրենք կատարեն Ալիևի և Ռուսաստանի պահանջը։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը, Չալաբյանն ու իր կուսակիցները, որոնք հայտարարում էին, որ հնարավոր չէ չեղարկել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հենց միջանցքի համար էին պայքարում։ Այսինքն՝ միջանցք տալու, որ Ալիևի սուրբ պահանջը կատարվի, որ Ռուսաստանը ստանա իր համար այնքան բաղձալի այդ ճանապարհի վերահսկողությունն ու հավելյալ լծակներով էլ ավելի կուլ տա Հայաստանը։ Սա նորմա՞լ է։