Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Երևան 2 ℃

Рус Eng

Սեպտեմբերը անցավ, թեժ աշունը չեկավ

Վերլուծություն

23 Հոկտեմբերի, 20:39

Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմի դրվագը. ամեն անգամ հարցին՝ ե՞րբ կվերադառնա Նատալյա Սեմյոնովնան, ամուսինը թոթովում էր ուսերն ու պատասխանում. «Միգուցե վաղը, միգուցե՝ մյուս օրը»։

Հիմա խորհրդարանական ընդդիմությունն է։ Ընդդիմադիրները խուսափում են հստակեցնել, թե երբ կվերսկսեն խոստացած թեժ պայքարը։

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս հարցազրույցում չի բացառել փողոցային պայքարի տարբերակը, սակայն այդպես էլ չի հստակեցրել իրենց գործողությունները. «Մենք առաջիկայում մեր քայլերի մասին կխոսենք: Ամեն ինչ անելու ենք երկրի նոր կապիտուլյացիան կանխելու համար... Ընդդիմությունը չի կարող ձեռքերը ծալած նստի, տեսնի՝ ոնց են մի խումբ մարդիկ երկիրը տանում կործանման: Պետք է քայլեր ձեռնարկենք և կանենք»,- վստահեցրել է նա:

Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե չլինեին ավելի վաղ արած իր հայտարարությունները՝ սեպտեմբերից մեծ թափով պայքարը սկսելու մասին։ Սաղաթելյանը նույնիսկ ասել էր, թե իրենց նախորդ սխալներից դասեր են քաղել։

Սեպտեմբերը վաղուց արդեն սարերի ետևում է, մի քանի օրից հրաժեշտ ենք տալիս հոկտեմբերին, բայց ընդդիմադիրները իրենց գործողությունների մասին սպառնալիքներից այն կողմ չեն անցնում։ Ո՛չ «հուժկու» հանրահավաք են արել, ո՛չ նույնքան «հուժկու» երթ ու ցույց։ Լավագույն դեպքում փորձում են կրակից շագանակներ հանել ուրիշների ձեռքով, օրինակ՝ միջադեպ հրահրել Եռաբլուրում։

Չնայած ընդդիմադիրներն արդեն դժվար էլ որևէ գործողության դիմեն՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմաններն ու հորդառատ անձրևը (իսկ Շիրակում ու Գեղարքունիքում նույնիսկ ձյուն է տեղում)։ Հակառակի նման, հիդրոօդերևութաբաններն էլ որևէ հույս չեն տալիս. խորը աշունը մտնում է իր իրավունքների մեջ։ Այնպես որ, ընդդիմությանը ոչինչ չի մնում, քան տաքուկ անկյուններից հարցազրույցներով պայքարի սպառնալիքներ հնչեցնելը։

Իսկ հիմա ավելի լուրջ. խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքար չվերսկսելով, նաև չի շտապում վերադառնալ խորհրդարան՝ պատճառաբանելով, թե չեն ցանկանում մասնակցել իշխանությունների թելադրած կեղծ օրակարգին։ Դրան զուգահեռ, սակայն, ընդդիմադիրներն իրենց «իրական օրակարգն» էլ չեն փորձում առաջ տանել և թեկուզ հարցեր բարձրացնել։ Իսկ սա, համաձայնվեք, իսկական փարիսեցիություն է։ Ի վերջո, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը հրաշալի հնարավորություն է այս հարցում։ Նաև՝ ԱԺ կանոնակարգը խմբակցություններին հարցապնդումներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում, ընդ որում՝ իշխանությանը պարտադրելով ԱԺ-ում քննարկել այդ հարցապնդումները։

Սակայն ընդդիմադիր խմբակցությունները հրաշալի հաշտվել են իրավիճակին. այդպես առավել քան հարմարավետ է։ Մի կողմից ոչինչ չանել, բայց նաև աշխատավարձ ստանալ, դրան գումարած՝ պարգևավճարներ, իսկ գործուղումների անվան տակ միջազգային ճամփորդությունների մասին էլ չենք խոսում։ Հատկապես վերջին ամիսներին ընդդիմադիրներն ընդգրկված են միջազգային բոլոր պատվիրակություններում։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան