Վերլուծություն

Միրզոյան-Լավրով հանդիպում. ո՞րն է, բաբո, մեր դաշնակից

Օրերս Աստանայում հանդիպել էին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հանդիպումը, իրավամբ, աննախադեպ էր՝ թե՛ երկուստեք շեշտադրումների, թե՛ դիրքորոշումների հստակեցման պահանջների առումով։ Արարատ Միրզոյանը, շատերի համար անսպասելի, բայց վերջին սահմանային միկրոպատերազմի ֆոնին շատ սպասված հարցադրումների առաջ կանգնեցրեց ՌԴ արտգործնախարար Լավրովին։ Միրզոյանը, շատ կոնկրետ հարց/մեղադրանք ուղղեց Լավրովին, ասելով. «ՄԱԿում  որոշ երկրներ, որոնց հետ բարեկամության և ռազմավարական գործընկերության երկար պատմություն չկա, հայտարարություններ արեցին, որոնք ավելի օբյեկտիվ և հստակ արտացոլում էին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»։ Իսկ ահա Ռուսաստանի դեպքում հայկական կողմը այդպիսի արձագանք ու թիրախային գնահատական չտեսավ։ Ավելին, եթե վերադառնանք կոնֆլիկտին հաջորդած և Ֆրանսիայի նախաձեռնած ՄԱԿ ԱԽ նիստի քննարկումներին կհիշենք, ինչ էր ասում ՌԴ ներկայացուցիչ Նեբեզնյան ՄԱԿ-ում։ Իսկ Նեբեզնյան բացահայտ հայտարարում էր, որ սահմանագծման-սահմանազատման, խաղաղության պայմանագրի ու կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներն ուղղակիորեն փոխկապակցված են և առանց մեկը մյուսի չեն կարող դիտարկվել։ Դրան էլ գումարվել էր ՌԴ հանրային դաշտի «դամքաշների» սինխրոն երգերը, որով Ադրբեջանի ագրեսիայի հենց առաջին օրից ռուսական կողմից մեկնաբանվեց որպես «հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի խափանումներ»։

Ստացվում էր, որ մեր «դաշնակցի» համար ադրբեջանական ագրեսիան ու ՀՀ սուվերեն տարածքի դե ֆակտո օկուպացիան պարզապես «խափանումներ են», որ դրանք արդյունք են ոչ թե ադրբեջանական ագրեսիայի, այլ սահմանների անհստակության, և որ առանց կոմունիկացիաների ապաշրջափակման այդ բոլոր հարցերն իրարից անկախ չեն լուծվի։ Արարատ Միրզոյանի խոսքը ուղղված էր ոչ այնքան Լավրովի անձին, որքան այն փաստին, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ամբիոնից ու միջազգային իրավունքի դիրքերից ուղղակիորեն հրաժարվում է իր դաշնակցային պարտականություններից, հրաժարվում 1997թ. հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրից։ Եվ, փոխարենը, իր հանցավոր անգործության կամ, թե կուզեք, ժամանակավոր անզորության սլաքները ուղղում Հայաստանի դեմ։ Դեռ մի բան էլ Հայաստանին է մեղադրում, թե իրենք «լուրերից են իմացել», որ Հայաստանը Արևմուտքի գործընկերների հետ քննարկում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հարցերը և ՀԱՊԿ ԱԽ նիստ չեն հրավիրել, դրա համար էլ ՀԱՊԿ-ից առաքելություն չի եկել Հայաստան։ Այնինչ, իրականությունը բացահայտեց նույն Միրզոյանը՝ հայտնելով, որ Հայաստանը քանիցս դիմել է ՀԱՊԿ անդամներին՝ ԱԽ նիստ հրավիրելու, բայց նրանց քանիցս «հարմար չի եղել»։  

Հայաստանի այս հասցեական հայտարարություններն ու կոչերը՝ հիշեցնելու Ռուսաստանին իր դաշնակցային պարտավորությունների, ՄԱԿ ԱԽ նիստում ՀՀ սուվերեն շահերի ստորադասման ու Ադրբեջանի շահերի անուղղակի սպասարկման մասին, ամենևին միակողմանի չէին։ ՀՀ ԱԳ նախարարը այդ ամենի շարքում չմոռացավ յուրատեսակ կոնսենսուսային «միջանցք» բացել հետագա բանակցությունների համար։ Միրզոյանը, մասնավորապես, հատուկ շեշտեց, որ «շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցերի շուրջ, մենք ուզում ենք զգալ Ռուսաստանի աջակցությունն ու առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում եռակողմ պայմանավորվածությունների ոգով։ Մենք պատրաստ ենք դրան»։

Այսինքն, որքան էլ որ ՀՀ իշխանությունների ու հանրության շրջանում արդարացի հարցեր, մեղադրանքներ ու կասկածներ կան, որ Ռուսաստանը երկակի խաղ է խաղում Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ ուղղակիորեն սպասարկելով իր կարճաժամկետ շահերն ու ստորադասելով իր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի սուվերեն շահերը, այնուամենայնիվ, կամուրջները ոչ միայն չեն այրվում, այլև շեշտվում է ՀՀ պատրաստակամությունը՝ շարժվել նախանշված եռակողմ համաձայնություններով։ Բայց դրա համար նախևառաջ հարկավոր է, որ Ռուսաստանը ճանաչի իր իսկ կողմից ստորագրված 1997թ. պայմանագիրը, ՀՀ իրավունքները իր սուվերեն տարածքի հանդեպ, կատարի իր դաշնակցային պարտավորությունները և չփորձի սակարկել ՀՀ տարածքի ու զիջումների գնով, որպեսզի սիրաշահի իր մեկ այլ դաշնակից և ներկայիս ֆավորիտ Ադրբեջանին։

Գոռ Մադոյան