Վերլուծություն

Փրկիչների դեսանտը համալրվում է. իսկ Հայաստանը ուզո՞ւմ է փրկվել

Օգոստոսի վերջին ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը հայտարարեց ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին: Հայտարարությունը բուռն քննարկումներ, տարակերպ մեկնաբանություններ հարուցեց: Եվ ահա, վերջին օրերի հետաքրքրական լուրերից մեկն այն է, որ հնարավոր է՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին։

Իհարկե, լիովին արդարացված կերպով կարելի էր չանդրադառնալ խոսակցությունների մակարդակով շրջանառվող այդ լուրին։ Սակայն հայաստանյան քաղաքական դաշտի տարբերիչ առանձնահատկություններից է դարձել որևէ իրադարձությունից առաջ նախ լուր նետելը հրապարակ։ Դա, կարծես, հայկական միջավայրում տրամադրությունների շոշափման քաղաքական տեխնոլոգիա լինի։ Այդպես եղավ Ռուբեն Վարդանյանի դեպքում։ Նախ, մամուլում հրապարակումներ դրա մասին, ապա՝ Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ։

Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանի վերադարձի համար նոր քաղաքական պլատֆորմ է ձևավորվելու։ Դրա նախաձեռնությունը կապվում է «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի անվան հետ։ Ըստ այդմ, Ղազինյանը նախաձեռնելու է «արհեստավարժ, փորձառու և համակարգային գիտելիքներ ունեցող անձանց» կոնսոլիդացիա։ Զարմանալի չէ այս ձևակերպումը։ Գեղեցիկ բառերի և ամպագոռգոռ նպատակների փաթեթավորմամբ պարզագույն ամբիցիաներ հրամցնելը վաղուց կիրառվող և մաշված մեթոդ է։

Ի տարբերություն Ռուբեն Վարդանյանի՝ Կարեն Կարապետյանը նոր դեմք չէ հայաստանյան միջավայրում։ Վերջինս նախկինում զբաղեցրել է Երևանի քաղաքապետի, առաջին փոխվարչապետի, վարչապետի պաշտոնները։ Համակրելի արտաքինով և հագուկապի համալիրում ժիլետը որպես պարտադիր բաղադրատարր օգտագործող Կարապետյանը, ով, ըստ որոշ գնահատականների, շահել էր տնային տնտեսուհիների և բալզակյան տարիքի կանանց սիրտը, նախ ներքին անհամաձայնությունների և շահերի բախման արդյունքում հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից, ապա վերադարձավ և ստանձնեց վարչապետի և փոխվարչապետի պաշտոնը։ Սակայն 2018թ. հեղափոխության ընթացքում Կարապետյանը լայն զանգվածների ճնշման ներքո հրաժարական տվեց նաև վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից։ Ահա այսպիսի քաղաքական բեռ ունեցած գործչի վերադարձի մասին է խոսքը։ Եվ առաջնահերթ հարցադրումը ծագում է ինքնին՝ ինչո՞ւ հիմա։

Այդ հարցի պատասխանի որոնումներում պետք է նկատի առնել, որ Ռուբեն Վարդանյանը և Կարեն Կարապետյանը ռուսաստանյան միջավայրի ծնունդ են, բնականաբար, որպես գործիչ։ Այդ միջավայրը դարեր ի վեր իրեն դիրքավորել  է որպես քաղաքակրթության միջնորդ՝ նոր տարածքներ յուրացնելիս, այն մտայնությամբ, որ իրենք քաղաքակրթություն են տարածում նոր տարածքների բնակչության շրջանում։ Այդ գաղափարը հետագայում տրանսֆորմացվեց՝ տեղ գտնելով նաև ռուսաստանյան քաղաքականության զինանոցում։ Տարածաշրջանային բարդ ռազմաքաղաքական վայրիվերումների ընթացքում Ռուսաստանը հանդես էր գալիս որպես փրկիչ։ Եվ նման միջավայրում ձևավորված գործիչները գործուղվում են իրենց էթնիկ ծագման հայրենիք՝ փրկիչների լուսապսակով պարուրված։

2020թ. աշնանային պատերազմի արդյունքներով բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի ու Ղարաբաղի փրկիչների պակաս չկա, թեպետ պատերազմի ժամանակ նրանք չէին նշմարվում՝ բացի իշխանափոխության կոչերից։ Եթե փրկիչները մինչ այս տեղական արտադրության ու բազմակի օգտագործման էին, ապա այժմ արտասահմանյան «փաթեթավորման» են։ Քաղաքակրթական միջնորդի մեծահոգությունն առավել քան նկատելի է՝ միանգամից մեկական փրկիչ՝ Արցախում և ՀՀ-ում։ Այդուամենայնիվ, վերջին տարիների քաղաքական և տարածաշրջանային սրընթաց փոփոխություններն ու զարգացումները հայաստանյան միջավայրի մոտ ստեղծել են որոշակի իմունիտետ՝ փրկչական ինստիտուտի նկատմամբ։ Եվ եթե Ռուբեն Վարդանյանի պարագան անորոշ է՝ միջավայրում նոր դեմք լինելով պայմանավորված, ապա Կարեն Կարապետյանի դեպքում նախադրյալները անհամոզիչ են՝ հատկապես նկատի ունենալով երրորդ փորձի պարագան։ Իհարկե, եթե փրկությունը չպարտադրվի հանրությանը, որը չի ուզում փրկվել համակրելի փրկչի ձեռամբ։