Վերլուծություն

Բանակը՝ սոցիալական շերտավորման ճահճում. բանակից ազատվելու և պետության խտրության միջև

«Զինծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին վերջին քննարկումները, որոնք ավելի շատ մեկնաբանվեցին հայտնի «24 մլն դրամի» կոնտեքստում, վերստին ակտիվացրեցին մի ցավոտ խնդիր: Խոսքը զինծառայությունից տարատեսակ ճանապարհներով խուսափելու մասին է, մի երևույթ, որ, ցավոք, ունի համատարած, մեծ հաշվով՝ համակարգային ընդգրկունություն: Այս արատավոր երևույթի երևացող կողմում, իհարկե, ահռելի կոռուպցիոն սխեմաներ են, մյուս կողմից՝ հասարակության վերաբերմունքը պարտադիր զինծառայությանը: Իսկ համակարգային բնույթը փաստվում է նրանով, որ արատավոր մեխանիզմներից օգտվել են ոչ միայն սոցիալապես ապահով խավերը, այլ ավելի ցածր ապահովության խավի ներկայացուցիչները ևս: Իրավիճակի կուլմինացիան եղել է այն, որ այն մարդիկ, որոնք չեն ուզել կամ կարողացել մտնել այդ մեխանիզմների մեջ, դա արել են արտագաղթի միջոցով:

Պատերազմից հետո զինված ուժերի վերափոխման մասին քննարկումներն ակամայից գալիս են այս արատավոր իրողությունների վերանայմանը, ինչքան էլ այն ցավոտ չլինի, հատկապես հիմա, երբ ակներև է նման երևույթների կարևոր նշանակությունը պատերազմի հայտնի ելքի վրա: Միաժամանակ, չնայած պատերազմը ավարտվել է, բայց արդիական զինված ուժեր ունենալու կարիքն էլ ավելի է ընդգծվել, իսկ դա անել՝ առանց նախապատերազմյան բանակի արատները վերհանելու, չի ստացվի: Խնդիրը, սակայն, միայն բուն զինված ուժերի՝ դրա արատները վերհանելու ու համակարգը բարեփոխելու տիրույթում չէ: Զինծառայության հանդեպ համընդհանուր վերաբերմունքը ի ցույց է դնում քաղաքացի-պետություն հարաբերությունների բովանդակության խորքային շերտեր:

Անկախության հռչակումից հետո մի կողմից փոխվեց տնտեսական և քաղաքական կարգը երկրում, մեկ այլ կողմից առաջ եկավ արտաքին անվտանգությունը ինքնուրույն հոգալու անհրաժեշտություն: Մի կողմից՝ տնտեսակարգի փոփոխությունը, սովետական քիչ թե շատ համահարթ կենսակերպից անցումը ազատ շուկայական տնտեսությանը, մեկ այլ կողմից՝ երկրի ֆիզիկական անվտանգությունը հոգալու անհրաժեշտությունը: Այսինքն, Հայաստանը իր պետականության կառուցումը սկսում էր ինչպես սոցիալական շերտավորմամբ, նոր ձևավորվող հարուստներով և աղքատներով, որը ՍՍՀՄ-ում ապրած հասարակության համար բավական ստրեսային էր, այնպես էլ՝ նրանով, որ հարուստները և աղքատները միասին ունեին միևնույն խնդիրը՝ պատերազմ, պատերազմին հաջորդած բանակի ձևավորման գործընթաց:

Ու եթե պատերազմի ընթացքում այս զուգահեռ, չհատվող գծերը առանձնապես չբախվեցին ու չբերեցին կոնֆլիկտի, ապա պատերազմից հետո ակնհայտորեն տեղի ունեցավ այդ հատումը: Հարաբերական խաղաղության ժամանակներում տնտեսական նոր կարգն ու դրանից առավել շահած մարդիկ սկսեցին իրենց դուրս դնել անվտանգության ապահովման գործառույթից՝ այն թողնելով նոր տնտեսակարգի փլատակների տակ մնացած մարդկանց վրա: Սրան զուգահեռ նաև հաշվի առնենք, որ տնտեսական բարիքներն առաջինը յուրացրած մարդիկ սահուն և արագ կերպով հայտնվում էին քաղաքական վերնախավում: Սոցիալական այս շերտավորումը ընկալելի կարող էր լինել հասարակության համար, չառաջացներ էքսցեսներ, եթե չլիներ արտաքին մարտահրավերի խնդիրը: Իսկ այդ խնդիրը ոչ միայն կար, այն քարոզչական ու նեղ քաղաքական նպատակներով շահարկվում էր նախորդ շրջափուլի քաղաքական վերնախավերի կողմից՝ երկրում հասարակական կայունություն ապահովելու համար, բնականաբար, հիմնականում հետընտրական թեժ իրավիճակներում: Իսկ երբ սոցիալական անհավասարության դրսևորումներին ավելանում է նաև անվտանգության ապահովման գործում ակնհայտ անհավասարություն, հասարակությունը սկսում է ինքն էլ հարմարվել այդ մոդելին:

Եթե կոպիտ ձևակերպենք, ապա երբ հարուստ մարդը կարող էր իրեն թույլ տալ զինծառայությունից ազատել իր զավակին, ապա ոչ հարուստ մարդը, չունենալով նման հնարավորություն, փորձում էր այլ տարբերակներ՝ օրինակ, իր զավակին տեղավորում էր մոտ կամ այնպիսի զորամաս, որտեղ ուներ ծանոթ սպաներ: Այս դրսևորումների շարքը երկար կարելի է շարունակել, ընդհուպ մինչև զինապարտությունից խուսափելու նպատակով արտագաղթը, որն ավարտվում էր այլ երկրի քաղաքացիություն ստանալով:

Օբյեկտիվորեն, Հայաստանը չէր կարող չունենալ սոցիալական անհավասարություն, եթե փոխում էր տնտեսակարգը: Սովետական անցյալի հիշողությունները՝ սոցիալական հավասարության մասին, երբ, պատկերավոր ասած, վատ ապրում էին բոլորը, ավելի զգայուն էին դարձնում վայրի կապիտալիզմի բերած սոցիալական անհավասարության ընկալումները: Բայց մյուս օբյեկտիվ հանգամանքն էլ այն է, որ երբ ունես չլուծված քաղաքական կոնֆլիկտ, գտնվում ես բարդ տարածաշրջանում ու ունես մարտունակ զինված ուժեր ունենալու խնդիր, ստիպված ես առնվազն այս հարցում դրսևորել շատ խիստ, անխտրական մոտեցում: Խոսքն այստեղ միայն օրենսդրական դաշտի կարգավորման մասին չէ: Օրենսդրությամբ, իհարկե, բոլորը հավասար էին և բոլորն էլ զինապարտության ենթակա: Խոսքը հողեղեն իրողությունների մասին է:

Հայաստանյան քաղաքական վերնախավին չհաջողվեց գոնե այս հարցում խուսափել կամ մեղմել կոռուպցիոն մեխանիզմների ազդեցությունը, ինչն անհետևանք չմնաց՝ այս հարցում բերելով հասարակական լայն շերտերի վատ վերաբերմունքին: Հիմա, երբ այդ կոռուպցիոն ազդեցության թափանիվն ակնհայտորեն կորցրել է երբեմնի ազդեցիկությունը, միաժամանակ՝ կա զինված ուժերը արագ վերափոխելու կարիք, ժամանակն է այս իրողությունների մասին ազնիվ խոսակցության, որը կօգնի ավելի արդյունավետ դարձնել սպասվելիք լուծումները: