Վերլուծություն

Ի՞նչ էր մտածում Օսկանյանը՝ ԼՂ-ը բանակցություններից դուրս թողնելիս

44-օրյա պատերազմից հետո կարելի էր միամտություն ունենալ՝ կարծելու, որ մարդիկ կլինեն, ովքեր եթե ոչ պարզապես կլռեին, ապա առնվազն այլևս չէին անի այն, ինչ թույլ էին տալիս «ցոփ ու շվայտ» ժամանակներում։ Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, ովքեր անձնական հստակ ու անօտարելի պատասխանատվություն են կրել 1997թ. փուլային լուծման տապալման համար, մերժել են այդ ծրագիրը՝ խրոխտ հայտարարելով, թե ավելի լավ պայմաններով համաձայնություն է հնարավոր, թե իրենք ապահովելու են 8000 քառ/կմ անկախ Արցախ։ Այդ մարդիկ էին նաև, որ մասնակիցն են եղել Հայաստանում ցնորական պատկերացումներ հորինելու ու սերմանելու, միֆական իրականություն ստեղծելու ու հանրային լայն շերտերին մոլորեցնելու գործին։ Այդ շարքում, ի թիվս հսկա երգչախմբի՝ դիվանագետներ, գիտնականներ, մտավորականներ, պետական պաշտոնյաներ և այլն, իր արժանավոր տեղն է զբաղեցնում նաև 1998-2008թթ. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ որպես ստատուս-քվոյի քաղաքականության ճարտարապետ, որպես նախարար, որն իր ծանր վրիպումներով ոչնչացրել է Արցախի՝ հակամարտության կողմի կարգավիճակը, որը բանակցել է «Ընդհանուր պետություն» տարբերակի շուրջ և տվել դրան իր համաձայնությունը, դրա շարքում նաև գնացել Քի Ուեսթի լուծմանը և այլն։ 

Այն, որ Օսկանյանը այսօր հանդես է գալիս դասախոսական բնույթի հոդվածով, կարելի էր ապրիորի համարել բնական ու ուսուցողական, քանի որ նախկին նախարարների մտքերը միշտ էլ հետաքրքիր են և անգամ օգտակար թե՛ հանրության համար, թե՛ քաղաքականություն վարողների։ Դա նորմալ կլիներ, սակայն, եթե չլիներ 44-օրյա պատերազմի ծանր արդյունքը, որն առաջին հերթին բխել է 1998թ. հետո որդեգրված կուրսից՝ արտահայտվելով ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի նվաճումների բացարձակ կորսմամբ, այլև երկրաշարժի ենթարկեց Հայաստանի Հանրապետությունը։ 1998թ. կատարված ընտրության և դրանից բխած քաղաքականության այսպիսի խոշորամասշտաբ տապալումը պարզապես արդարացման տեղ չի թողնում դրա հեղինակների համար, որոնք ոչ միայն ավելի լավ տարբերակի հույսեր էին տալիս ու խոստանում հաղթական լուծում, այլև իրենց գործունեությամբ խափանել էին կոնկրետ մի լուծում, որն այսօր երազային է թվում և որին, ի տարբերություն հաջորդ բոլոր առաջարկների, Ադրբեջանը համաձայնել էր։ Տեղի ունեցածը մի մանր հարցի ձախողում չէր, դա հազարավոր կյանքեր արժեցած, պետության հիմնասյուները ցնցած սխալ էր, ֆրանսիացի պետական գործչի խոսքով՝  դա ավելին էր, քան հանցագործությունը, դա սխալ էր։

Կլինեն կարծիքներ, թե Օսկանյանը կիսվում է իր փորձով, գիտելիքներով ու հմտություններով և իր խորհուրդն է տալիս՝ ի՞նչ վատ բան կա դրանում։ Վատ չէր լինի, եթե վրիպումը վերաբերեր որևէ գյուղի ջրագծի սխալ անցկացմանը կամ գոմը անհարմար տեղ կառուցելուն և նմանատիպ այլ բաների։ Բայց այսպիսի հարցում նրա սխալը խիստ աղետալի հետևանքներ է ունեցել, ուստի նա կրում է անհատական պատասխանատվություն։ Այսօր ԱԳ նախկին նախարարը հանրային մեծ ծառայություն մատուցած կլիներ, եթե դասեր տվողի վերամբարձության փոխարեն հրապարակավ ճանաչեր իր իշխանության ճակատագրական վրիպումները և, հանրության հետ շիտակ երկխոսությամբ, բացատրեր դրանց աղետալի բնույթը, ինչը, անկասկած է, որ շատ լավ գիտի։ 

Տխուր է այն, որ պատուհասած դժբախտությունից հետո ետին թվով իրավիճակի ճարտարապետները փորձեր են անում սրբագրելու իրենց գործած սխալները կամ արդարացումներ հորինելու դրանց համար, մինչդեռ իրենց տուրքը կտային հանրությանը և նոր մեղքեր չէին ավելացնի իրենց կուտակածին, եթե ազնիվ խոսեին՝ աջակցելով հանրությանը վտանգավոր միֆերից ազատելու, իրերի իրական դրությունը ըստ էության քննելու ու ելքեր որոնելու դժվարին գործին։ Եթե դա չկա, ավելին՝ կա ցնորքների ու հեքիաթների վրա նորերը կառուցելու համառ ջանք, անգամ անիմաստ է քննարկել Օսկանյանի հոդվածի բովանդակությունը, քանզի, ինչպես Կիկերոնն է դիպուկ ձևակերպում, ինչը բարոյապես սխալ է, երբևէ չի կարող օգտակար լինել։ 

Հ.Գ. Այս ողջ պատմության մեջ ամենից վատն այն է, որ հայկական քաղաքական միտքն անընդհատ ստիպված է անդրադառնալ անցյալին, մինչդեռ այժմ ներկայիս մարտահրավերներին արձագանքելու պահն է։ Բայց ինչպե՞ս չխոսել անցյալից, երբ մեր օրերում այդ անցյալի ոչ միայն պարզաբանում չկա, այլև անցյալի հորինվածքի վրա նոր մանիպուլյացիայի վերնաշենք է կառուցվում։