Վերլուծություն

Ի՞նչ են ուզում տեռորիստական թեմատիկան տաք պահողները. նոր ժամանակներ, հին բարքեր

Կիրակի Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ցնցեց հասարակությանը։ Ցնցեց նաև տեղեկատվական, դրան հետևող կարծիքների, մեկնաբանությունների, խոսակցությունների, վարկածների առաջքաշման, դավադրապաշտական նորանոր տեսությունների հորինման առումով։ 

Ընդհանրապես, մեր հասարակությունը նման դեպքերի ընկալումների, վարքաձևի թույլ դիմադրողականություն ունի։ Պատճառներն ավելի քան խորքային են և բազմաշերտ։ Հայաստանի անկախացումից ի վեր չի մշակվել և ներդրվել հանրային ընդհանուր վարքականոն նման իրավիճակների համար։ Իսկ դրա կարևորությունը փաստում է զարգացած երկրների փորձը և այդ ոլորտում դրա արդյունավետությունը։

Հաջորդ կարևոր խնդիրը հանրության հետ հաղորդակցման ճիշտ ձևերի մշակումն է, տեղեկատվական դիմադրողականության բարձրացումը՝ ընդհանրապես, և տվյալ արտակարգ իրավիճակների դեպքում՝ մասնավորապես։ «Սուրմալու»-ի դեպքը եկավ ապացուցելու այդ ոլորտում առկա բացթողումներն ուղղելու խիստ անհրաժեշտությունը։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, թե դեպքի առիթով հանրային մակարդակում ինչպիսի տեղեկատվական քաոս սկիզբ առավ, թեման ինչպես դարձավ շահարկումների և դիտավորյալ մանիպուլյացիաների առիթ։ 

Մանիպուլյացիաները և շահարկումները երբեմն միահյուսվում էին դավադրապաշտական տեսությունների հետ։ Շրջանառվեց նաև ահաբեկչության վարկածը, հատկապես ընդդիմադիր շրջանակների կողմից։ Եվ սա այն դեպքում, երբ հրդեհաշիջման աշխատանքներն ընթանում էին ամբողջ թափով, չէր կատարվել դեպքի վայրի զննություն, էլ չենք խոսում փորձագիտական եզրակացության մասին։ Այդ բոլոր հարցերի պատասխանը պետք է տա նախաքննությունը։ Այդուհանդերձ, հասկանալի է որոշ շրջանների կողմից ահաբեկչության վարկածի հապճեպ առաջքաշումը և շրջանառումը։ Այդկերպ, նրանք նպատակ ունեին ցույց տալու իշխանության անկարողությունը՝ կանխելու հանրային վտանգավորություն ներկայացնող դեպքերը, ինչպես նաև արդյունավետ պայքարելու ահաբեկչության դեմ։

Կրկին, ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ շրջանառեցին այն վարկածը, որ «Սուրմալու»-ի դեպքը կապված է Բերձորի իրադարձությունների հետ։ Հիմնական շեշտադրումներն այն էին, որ, այդպիսով, ցանկանում են հանրության ուշադրությունը շեղել Բերձորից։ Առավել հնարամիտներն անգամ հիշեցին Վազգեն Սարգսյանի խոսքերն այն մասին, որ «Մեղրին մի օր պայթելու է Երևանի սրտում»։ Թե Սարգսյանի՝ փոխաբերական իմաստով ասված միտքն ի՞նչ կապ ունի Երևանում ուղղակի իմաստով հնչած պայթյունի հետ, լավագույն դեպքում պետք է հարցնել այն հնչեցնողներից, վատագույն դեպքում՝ միայն գուշակել։ Առանց նախաքննության ու համապատասխան ոլորտային ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող եզրակացությունների՝ դեպքը կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի, մասնավորապես՝ Բերձորից ուշադրություն շեղելու հետ, երևի թե խոսում է այն մասին, թե նման դեպքերում ինչպես կվարվեին իրենք՝ նման տեսակետ շրջանառողները։ Թերևս նույն ձեռագիրն է, ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ շրջանառվեց «5 ռոմանտիկների» մտավարժանքը, Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո՝ 2 կրակոցով ինքնասպանություն գործելու սրիկայամտությունը և այլն։

Ասվածի հանրագումարում հարկ է հաշվի առնել, որ 21-րդ դարում հիբրիդային պատերազմի անբաժան մասն են նաև տեղեկատվական շահարկումները և մանիպուլյացիաները։ Հանրային վտանգավորությունը մտահոգիչ է նաև այն առումով, որ գիտակցաբար դաշտ նետված այդ վարկածները ոչ հազվադեպ շրջանառվում են որոշակի զանգվածի կողմից, որոնք չունեն անհրաժեշտ փորձառություն և հմտություններ՝ նման ինֆորմացիայի հետ վարվելու։ Սա պետական հոգածության խնդիր է, և հուսով ենք, որ անհրաժեշտ ռեֆորմներն այդ ուղղությամբ կկատարվեն՝ չսպասելով մարդկային կյանքեր խլող նման պատահարների առաջ բերած հրամայականին, ինչը ոչ միայն պետությունն է հիմքից մաշում, այլև տասնամյակների բարդույթներ ստեղծում հանրության համար։