Վերջին շրջանում նկատելի ակտիվություն է ցուցաբերում ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Հատկապես 2020թ. աշնանային պատերազմից հետո Վարդանյանը հանդես է գալիս հոդվածներով, հարցազրույցներով, գրառումներով, շարադրում ապագա հայկական պետության մասին իր պատկերացումները։ Նրա տեքստերը և խոսքը բացասաբար են ընկալում ներկա իրականությունը և, որպես ելք, առաջարկում են «միասնությունը», «համախմբումը» և «ազգայինը». այսինքն, անառարկայական են։
Իհարկե, այդ հանգամանքներն անդրադարձի կարիք չէին ունենա, եթե նկատի չառնվեր Ռուբեն Վարդանյանի կերպարը և վերջին շրջանում արտահայտած որոշ մտքեր։ Ռուբեն Վարդանյան անձը ձևավորվել է ռուսաստանյան իրականությունում, կրում է վերջինիս գաղափարական և քաղաքական միջավայրի ազդեցությունը։
Եվ այդ միջավայրի արդյունքում է, որ Վարդանյանը հանրային խոսքում իրեն թույլ է տվել կասկածի տակ առնել հայկական պետության գոյության անհրաժեշտությունը։ Ավելին, նա զարգացնում է միտքը՝ նշելով,թե ինչպես պետք է անել, որ Միութենական պետության մեջ մտնելուց հետո ՀՀ-ն դառնա Թաթարստանի պես հաջողակ ռեգիոն։ Այս առումով՝ Հայաստանը գուցե պետք է մտածի՝ պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք կխոսեն ինքնիշխանության դեմ, առավել ևս՝ հանրայնորեն։ Ի վերջո, սա մասնավոր դեպք չէ։ Ռուբեն Վարդանյանն իր այս տեսակետով կարող է բացել օվերտոնի պատուհանը։ Եվ սա արվում է պետության համար ծանր ռազմաքաղաքական իրավիճակում։ Ըստ տրամաբանության՝ պետության ճակատագրով մտահոգ անհատները պետք է ջանք ու եռանդ, միտք չխնայեն՝ պետությունը նման իրավիճակից հանելու համար։ Իսկ Վարդանյանի մոտեցումը հակառակն է՝ անուղղակիորեն տրամաբանական շղթա կառուցել, թե պետությունը պարտվել է պատերազմը, ուրեմն պետք է մտնի մեկ այլ պետության կազմի մեջ։ Հանրային ընկալումների և հավաքական հոգեբանության տեսանկյունից՝ սա չափազանց վտանգավոր է։ Ընդ որում, ինքնիշխանության դեմ խոսողները պատահական անձինք չեն։ Նույնանման միտք էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մի քանի օր առաջ էլ Վարդանյանը ապոկալիպտիկ հաջորդ տեքստը հրապարակեց, որով մտահոգություն էր հայտնում Հայաստանի և Արցախի գլխին կախված «դամոկլյան սրի» վտանգների մասին։ Որպես վտանգների չեզոքացմանն ուղղված քայլ՝ անհրաժեշտ էր համարում ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության համահայկական ճակատ։ Իհարկե, գործարարը չի դետալիզացնում այդ նախաձեռնությունը։ Փոխարենը, հաջորդիվ տեքստում ի հայտ է գալիս կարևորը. Վարդանյանն անվտանգության առանցքային տարր է դիտարկում Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամկետի երկարաձգման և բազմակի մեծացման հարցը։ Թերևս, մեխը հենց սա է։ Վարդանյանն այդպիսով շարունակում է նախընթաց երկուհարյուրամյակից ձգվող ռուսահայ բուրժուազիայի գիծը՝ Հայաստանի գոյության հարցը կապելով բացառապես Ռուսաստանի հետ։ Համահայկական ճակատ է ստեղծվում՝ ռուսական խաղաղապահ ուժերի անվտանգային երաշխիքներով։ Իսկ Վարդանյանը հարցրե՞լ է ռուսներին՝ նրանք պատրաստ են կամ ցանկանո՞ւմ են այստեղ ավելացնել իրենց ներկայությունը։
Այստեղ մեկ այլ հարց է առաջանում։ Երբ Ռուբեն Վարդանյանը շարունակաբար գուժում է պարտությունից հետո ծառացած մարտահրավերների մասին, արդյո՞ք տեսնում է իր պատասխանատվությունը դրանցում։ Նախընթաց քսան տարիների ընթացքում, երբ երկրորդ և երրորդ նախագահների կառավարման ժամանակ ԼՂ հարցում ստատուս քվոն պահպանելուն էին ուղղվել պետության ներքին քաղաքականությունը և ողջ ռեսուրսները, Վարդանյանը նպաստե՞լ է դրան, թե՞ կանխատեսել սպառնալիքները և բարձրաձայնել դրա մասին։ Բարձրաձայնման դեպք, կարծես, չենք հիշում։ Ինչ խոսք, Հայաստանի համար բարդ իրավիճակում հեշտ է փրկչի և խելացի բարերարի պատմուճանով «միասնության» քարոզչի դերն ստանձնել։ Նման փրկիչներ դեռևս շատ են ի հայտ գալու։ Հարկ է, որ հանրությունը առողջ բնազդով կարողանա տարբերել անհատներին, որոնք ստատուս քվոյի պահպանման և պետության դիմադրողականության մաշեցման հաշվին չեն զբաղվել ինքնափիառով և կապիտալի կուտակմամբ։