Կիրակի, 25 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 21 ℃

Рус Eng

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղում չի աջակցի կողմերից մեկին

Վերլուծություն

6 Օգոստոսի, 19:57

Օգոստոսի 1-ից ցայսօր Լեռնային Ղարաբաղում տարբեր մակարդակներով շարունակում է պահպանվել լարվածությունը։ 2020թ. աշնանային պատերազմից հետո տարբեր հաճախականությամբ շարունակվող լարվածությունը դրսևորվեց առավել ակտիվությամբ։ Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը ԼՂ շուրջ՝ տեղի հայության համար ստեղծելով անելանելի իրավիճակ։

Ադրբեջանը ներկա բացահայտ ագրեսիայի հարմար ժամանակը պատահական չի ընտրել։ Ուկրաինական ճգնաժամից զատ՝ պոտենցիալ պայթունավտանգ օջախ է կա Բալկաններում, որտեղ փորձում էր ակտիվություն ցուցաբերել Կոսովոն ու Սերբիան, որոնք գրեթե պատերազմի եզրին էին։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում նման թեժ կետերի առկայության պայմաններում, բնական է, միջազգային հանրության ուշադրությունը Հվ. Կովկասի վրա չի լինելու։ Իսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ ներգրավված ՌԴ-ն անհրաժեշտ լրջությամբ իր ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում դեռ չի դրսևորել։

Այս պարզ ռազմաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների առկայությունը, թվում է, պետք է իրատեսության և իրավիճակը ադեկվատ գնահատելու հիմք հանդիսանա հայաստանյան հանրույթի տարբեր շերտերի համար։ Այդուհանդերձ, գետնից կտրված ակնկալիքներն արտաքին դերակատարներից հանգեցնում է յուրատեսակ ճակատագրապաշտության՝ դրանից բխող կրավորական դիրքորոշմամբ։ Իհարկե, Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության արդյունավետության վերաբերյալ հնչում են ոչ հազվադեպ արդարացի քննադատություններ։ Սակայն կարևոր է հաշվի նստել ՌԴ ներկա քաղաքականության դրդապատճառների հետ։

Ռուսաստանը ներկա փուլում բացահայտ չի աջակցելու հակամարտության որևէ կողմին։ Խաղաղապահ առաքելության տրամաբանությունից ելնելով՝ թվում է, թե ռուսաստանյան խաղաղապահներն ադրբեջանական ագրեսիայի դեպքում պետք է մարտի մեջ մտնեն վերջիններիս հետ։ Իրավական նրբությունները մի կողմ դրած, սակայն, ՌԴ-ն այդ քայլին չի գնում՝ առաջին հերթին տարածաշրջանային հստակ շահերից ելնելով։ Այստեղ կարևոր նշանակություն ունի նաև Ադրբեջանին սատարող Թուրքիայի գործոնը։ Այդ դերակատարությունը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքով։ Հավաքական Արևմուտքի սահմանած աննախադեպ տնտեսական սանկցիաների հետևանքով ՌԴ-ն այդ սանկցիաները շրջանցելու տարբեր սողանքների և խողովակների կարիքն ունի։ Թուրքիան ՆԱՏՕ-ի բլոկի այն երկիրն է, որը հրաժարվում է լիովին հետևել սանկցիաներին և պահպանում է տնտեսա-քաղաքական հարաբերությունները ՌԴ-ի հետ։

Այս համատեքստում ակնկալել, որ ՌԴ-ն ռազմական միջոցներով կփորձի զսպել ադրբեջանական կողմի ագրեսիան, իրատեսական չէ։ Բացի այդ, ՌԴ չեզոքության դրևսորումն այս հարցում, բնական է, չլուծված է պահում հակամարտությունը։  Դա էլ ապահովում է հարավկովկասյան տարածաշրջանում ՌԴ ներկայության անհրաժեշտությունը։ Ներկա և հետագա երկարաժամկետ լուծումների որոնումներում հայկական կողմը չի կարող հաշվի չառնել այս նրբությունները՝ նկատի ունենալով, որ ամեն էսկալացիա հանրային լարվածության հետ միասին մարդկային կյանքեր է արժենում։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»