Վերլուծություն

Ռուսաստանը՝ Հայաստանի աչքերով. կամ ինչպես չճանաչել դաշնակցին

2020թ. պատերազմից հետո Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի, իսկ մեծ հաշվով՝ հայության կյանքում էականորեն ավելացավ՝ պայմանավորված պատերազմի արդյունքների, Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման ու անվտանգության խնդիրների հետ: Այս զգալիորեն ավելացած ներկայությունն իր հետ բերեց Ռուսաստանի, հայ-ռուսական բարեկամության մասին քննարկումների խիստ ծայրահեղացում՝ բացասական և դրական երանգներով: Չնայած այս քննարկումների ծայրահեղացմանը և բովանդակային հակադրությանը՝ կա մի ընդհանուր, մեթոդաբանական նմանություն. երկու նարատիվներն էլ, առավելապես լինելով էմոցիոնալ և պատեհապաշտական, չեն բացատրում Ռուսաստան կոչվող քաղաքական միավորի բարդ, բազմաշերտ կառուցվածքն ու նպատակները: Կա՛մ բարեկամի, կա՛մ թշնամու սև-սպիտակ ընկալումը ոչ միայն Ռուսաստանի, այլև կարևորություն ներկայացնող գրեթե բոլոր երևույթների դեպքում, հայաստանյան քաղաքական միտքը մտցրել է անելանելի թվացող փակուղի:

Իրականում երկու մոտեցումներում էլ կարելի է գտնել ճշմարտանման պատառիկներ, սակայն դրանց առկայությունը, միևնույն է, ռացիոնալ չի դարձնում մոտեցումներից որևէ մեկը: Այդ մոտեցումները ի սկզբանե ելնում են այն իրողությունից, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ունի պարտավորությունների ահռելի չափաբաժին, սակայն մի դեպքում դրանք չի իրականացնում ինչ-ինչ պատճառներով (օրինակ, չի համակրում պահի իշխանությանը կամ թաթախված է ուկրաինական ճգնաժամում), մեկ այլ դեպքում՝ Ռուսաստանն այդ պարտավորությունները պարզապես ուրացել է: Ինչպես տեսնում եք, որևէ ակնարկ, որևէ վերլուծություն չկա այն մասին, թե ինչպիսի՞ն են այդ պարտավորությունները, արդյո՞ք դրանցից մեր ակնկալիքներն ու իրականությունը համապատասխանում են իրար, թե՞ ոչ:

Խնդիրն, իհարկե, քաղաքական վերնախավերի մակարդակում է: Մի բան է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին պատմական, կենցաղային, քարոզչական նարատիվները, որոնք հասարակական մակարդակում ունեն լայն սպառում: Այդ նարատիվներն, իհարկե, հաճախ նաև պաշտոնական, դիվանագիտական լեզվում են տեղ գտնում, բայց քաղաքական վերնախավերը, ենթադրվում է, որոշումների կայացման ժամանակ հստակորեն պիտի տարանջատեն դիվանագիտական կոկետությունը իրական քաղաքականությունից:

Ռուսաստանի աճող ներկայությունը թե՛ մեր, թե,՛ ընդհանրապես, տարածաշրջանի, իսկ եթե ավելի լայն հայացք գցենք, նաև՝ աշխարհաքաղաքական կյանքում, պետք է, որ ազդակ հանդիսանա՝ վերանայելու հայ-ռուսական հարաբերությունների մասին մեր ընկալումները: Ընդ որում, նման վերանայման կոչեր հաճախ հնչում են, սակայն, ոչ թե իրավիճակը վերագնահատելու, այլ՝ պարզապես Ռուսաստանի փոխարեն այլ դաշնակից գտնելու կոնտեքստում: Բայց առանց նման վերագնահատման ու իրական քաղաքականության դաշտ գալու, նույնիսկ եթե մեր ցանկությամբ փոխենք մեր դաշնակիցներին, իրավիճակը էականորեն չի փոխվելու: Այդ դեպքում էլ ակնկալիքներ-հուսահատություն փակ շղթան ունենալու է նոր բարեկամ-դավաճան՝ ի դեմս մեկ այլ գերտերության:

Ռուսաստանին մեղադրել այս հարցում՝ անիմաստ է. լինելով կայսրություն, որը պատմական տարբեր շրջափուլերում սկսում է քաղաքական ու քաղաքակրթական էքսպանսիայի գործընթացներ, իրականում բավականաչափ կանխատեսելի վարք է դրսևորում: Մեր խնդիրը, որպես քաղաքական սուբյեկտ, հասկանալն է Ռուսաստանը, մի բան, որի կարիքը երբեք չի գնահատվել հայկական իրականությունում: Ենթադրվել է, որ, ունենալով սերտ կապեր բոլոր մակարդակներում՝ կենցաղային, մշակութային, տնտեսական, քաղաքական ևն, առանձնապես կարիք չկա հասկանալ Ռուսաստանը, այն առանց այդ էլ հասկանալի է, ընթեռնելի և լսելի: Այդ է պատճառը, որ Հայաստանի բուհերում կան միջազգային քաղաքականության, ամերիկագիտության, արևելագիտության ամբիոններ, բայց ռուսագիտությունը սահմանափակվում է սոսկ Ռուսաստանի անցնող դարերի պատմության շարադրանքն անգիր անելով:

Հայաստանում ինստիտուցիոնալ մակարդակում չեն հետևում Ռուսաստանի ներքաղաքական կյանքին, այլ սոսկ կենցաղային՝ այդ երկրի նախագահի հանդեպ հիացական կամ նեգատիվ վանկարկումների տեսքով: Հետևելու դեպքում, օրինակ, կարելի կլիներ տեսնել, թե ինչպես է փոխվում ռուսական իշխող վերնախավի հռետորաբանությունը՝ 2012թ. սկսած, երբ Վլադիմիր Պուտինը վարչապետական դադարից հետո առաջադրվեց ու նախագահ ընտրվեց երրորդ անգամ: Ռուսական քաղաքականությունն այդ պահից էականորեն սկսեց ավելացնել կայսրության պատմական ազդեցության մոտիկ և, նույնիսկ, հեռավոր գոտիներում հետաքրքրության չափաբաժինը, ինչը, բնականաբար, չէր կարող չառնչվել նաև մեզ: Հայաստանում, սակայն, նույնիսկ 2016թ. հայ-ադրբեջանական կարճատև պատերազմից հետո, այս փաստը համառորեն չէին ցանկանում նկատել՝ բացառությամբ եզակի մարդկանց:

Նույնիսկ հիմա, երբ ռուսական ներկայությունը առավել, քան վերջին 30 տարիներին ավելացել է Հայաստանում, Ռուսաստանը հասկանալու, վերջինիս հետ մեր հարաբերությունները վերագնահատելու լուրջ փորձեր չեն նկատվում, փոխարենը՝ ունենք ծայրահեղ դրական ու ծայրահեղ բացասական նարատիվներ՝ բացառապես իռացիոնալ կլիշեներով հագեցած: Ռուսաստանն, իհարկե, առաջիկայում չի փլուզվելու, ինչպես կանխատեսում են որոշ մարգինալներ, այն այս կամ այն ուժով, այս կամ այն չափով ներկա է լինելու մեր ու տարածաշրջանի կյանքում: Հետևաբար, օր առաջ անհրաժեշտ է դառնում՝ սկսել այդ գործոնի ինստիտուցիոնալ վերագնահատումը: