Վերլուծություն

Գազաբալոնների լիցենզավորում. պետության խնդիրը

Ս.թ. օգոստոսի 1-ից լիցենզավորված չլինելու դեպքում ավտոմեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվելու։ Առողջ որոշում է, ճիշտ է` թե' անվտանգության, թե' հանրային կյանքի կազմակերպման առումով։ Բայց։ 

Վերջնաժամկետին 3 օր է մնացել, ու տառացիորեն ոչ մի լիցենզավորման կետ պատրաստ չէ ստուգում անել, եթե մեքենան հերթագրված չէ։ Նոր հերթագրման դեպքում էլ` մոտակա ժամկետը նոյեմբերի վերջն է։ Կենտրոններ կան անգամ, որոնք մոտակա հերթագրումն անում են հունվարի 14-ին։ Այս ամենը հիշեցնում է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ծաղրական անեկդոտը ԽՍՀՄ-ի պլանային տնտեսության մասին։

ՀՀ ՏԿԵՆ-ը խստորեն հայտարարում է, որ ժամկետը չի երկարաձգվելու` ինչ է, թե վարորդներն ավելի վաղ չեն անցել լիցենզավորումը ու բերել-հասցրել են վերջին օրվան։ Բայց, արդյո՞ք պետությունը պետք է իր քաղաքացիների հետ խոսի տղայականության սկզբունքով, թե՞, այնուհանդերձ, պոզիտիվ պարտականություն ունի` կազմակերպելու հանրային կյանքն առավելագույնս խելացիորեն ու համակողմանիորեն։ 

Հիմա, եթե վարորդները նախորդ ամիսներին չեն գնացել լիցենզավորման կենտրոններ, դա չի նշանակում, որ առկա իրողությունների հետ պետությունը չպետք է հաշվի նստի ու տղայությամբ պնդի` «շուտ անեիք»։ Պետությունը այդպես չի կարող վարվել, որովհետև իր պարտականությունը խնդիրներ լուծելն է, ոչ թե «մուննաթը»։ Ի վերջո, գուցե չանելու տեխնիկակա՞ն պատճառների մեջ էլ կարելի է խորանալ: Գուցե մարդկանց իրազեկվածությո՞ւնն է խայտառակ վատ եղել, գուցե այդ լիցենզավորման կենտրոնները բավարա՞ր քանակի չեն եղել։ Հայաստանում նվազագույն հաշվարկներով կա ավելի քան 400.000 գազով աշխատող մեքենա։ Ամբողջ Հայաստանում հուլիսի սկզբին լավագույն դեպքում կար 20 լիցենզավորման կետ։ Յուրաքանչյուրը, ըստ միջինացված հաշվարկի, պիտի ստուգեր 20.000 մեքենա։ Պայմանականորեն հաշվելու դեպքում, որ հունվարից պիտի սկսվեր լիցենզավորման գործընթացը` 210 օր, ստացվում է, որ ամեն լիցենզավորման կետ պիտի 210 օր՝ առանց հանգստյան օրվա, վկայագրեր շուրջ 95 մեքենա: 24 ժամն անգամ բավարար չէ 40 մեքենա վկայագրելու համար, ուր մնաց` 95: Թվաբանորեն, հետևաբար, սա աբսուրդ է՝ էլ չասած, թե ինչ ստվերային գործարքների դուռ է բացվում։ 

Բայց այս պատմության մեջ ավելի շատ հետաքրքիր է պետության ֆունկցիայի ու դերի հարցը։ Պետությունը պիտի համապատասխան պայման ստեղծի, որից հետո` կարգավորում պարտադրի։ Այտեղից բազմաթիվ հարցեր են ծագում։ Եթե պետությունն իր ֆունկցիան ճիշտ է անում, մարդկանց համար բարենպաստ ու բարեկեցիկ միջավայր է ձևավորվում, գործադրվում է լավ ռեֆորմ, մարդիկ էլ հարգում են պետությանն ու գնահատում իրենց կյանքում դրա կարգավորիչ դերը։ Եթե պետությունը սխալ է վարվում` իբրև ֆունկցիոներ, ապա, արդյունքում, մարդիկ հերթական անգամ ֆիքսում են, որ պետությունն իրենց կյանքը խաթարող է, իրենց պետք չի ու զարտուղի ճանապարհներ են որոնում` առանց պետություն ապրելու, իրենց կյանքը մեկուսի դասավորելու ու նաև հեռանում են հանրային` քաղաքացիական պատասխանատվությունից։ Հիմա` ի՞նչ է ուզում Հայաստանը` տղայական պատվախնդրությո՞ւն, թե՞ քաղաքացիական ու իրավագիտակից հասարակություն։

Ի դեպ, իրավիճակի դրամատիզմն այն է, որ ոչ ոք դեմ չէ այս կարգավորմանը, թեպետ դա մարդկանց համար հավելյալ ծախս է։ Ու նման ստարտային ընտիր պայման ունենալով, այսպիսի անորա՞կ ինպլեմենտացիա։