Կիրակի, 25 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 21 ℃

Рус Eng

Ընդդիմությունը սխալ հաշվարկների՞, թե՞ քաղաքական ավանդույթի զոհ

Վերլուծություն

31 Հուլիսի, 19:46

Հետպատերազմյան Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները նպատակ ունեին լուծելու երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը: Իշխանությունն ու արտախորհրդարանական ընդդիմությունը (մասնավորապես՝ տարբեր տարիների նախկին իշխանությունները) դժվար ճանապարհով հասան կոմպրոմիսի արտահերթ ընտրության հարցում՝ այն հայտարարելով որպես միակ ելք ստեղծված իրավիճակից: Սակայն, ընտրություններից շատ չանցած՝ ընդդիմությունը, հրաժարվեց խաղի կանոններից՝ փաստացի չընդունելով ընտրությունների արդյունքները: 2022թ. գարնանն ու ամռանը ընդդիմությունը, արդեն խորհրդարանական ընդդիմության կարգավիճակով, դուրս եկավ փողոց՝ կրկին նույն օրակարգով, ինչ պատերազմից հետո: Ընդդիմության այս փորձն էլ՝ փոխել իշխանությունը, ձախողվեց ու հիմա, ԱԺ աշնանային նստաշրջանին ընդառաջ հետագա գործունեության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: Վերադառնա՞լ Աժ, թե՞ ոչ, ինչպե՞ս վերադառնալ, որ մաքսիմալ քիչ հեղինակության կորուստներ ունենա ու առիթ չտա վերադարձը ԱԺ մեկնաբանել որպես նահանջ, իսկ եթե, այնուամենայնիվ, չվերադառնալ ապա ի՞նչ անել: Բաց ու հասանելի տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հենց այս հարցերի պատասխանների փնտրտուքով է զբաղված ընդդիմադիր դաշտը: Իրավիճակն էլ ավելի է բարդացնում ընդդիմադիր երկու հիմնական ֆրակցիաների, կամ ավելի ճիշտ կլինի ասել երկրորդ և երրորդ նախագահների ուժերի միջև որոշակի լարվածությունը: 

«Ինչպե՞ս ընդդիմությունը հասավ այս հանգրվանին» հարցն առաջին հայացքից ունի մի քանի պարզ պատասխան, որոնք տարբեր փաթեթավորումներով անընդհատ շրջանառվում են: Ընդդիմությունը չի կարողանում աշխատել հանրության հետ, ընդդիմությունը, բաղկացած լինելով մեծամասամբ նախկին իշխանության ներկայացուցիչներից, շարունակում է ընդունելի չլինել հանրության մեծամասնության համար, ընդդիմությունը սխալ է կառուցում իր փողոցային պայքարն ու քարոզչությունը և այլն: Եթե ավելի ամփոփ, ապա պատասխանների այս խումբը կարելի է համախմբել «սխալ քաղաքական հաշվարկների» խմբում: Բայց կան արդյո՞ք այլ պատճառներ էլ, թե՞ բացառապես մի կոնկրետ դեպքի հետ գործ ունենք, որի գլխավոր դերակատարները պարզապես սխալ հաշվարկներ են արել ու ձախողել: Պատասխանը միանշանակ «այո» կարող էր լինել, եթե այդ ձախողումները շարունակական ու այլևս սովորական չլինեին: 

Հետևաբար, կան այլ գործոններ, բացի սխալ քաղաքական հաշվարկները, որոնք ևս կարևոր դեր ունեն ընդդիմության ձախողումներում: Այդպիսի գործոններից մեկը կարելի է համարել ընդդիմադիր հռետորաբանությունը, որը անկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում էական փոփոխություններ այդպես էլ չկրեց՝ վերածվելով քաղաքական ավանդույթի: Ավանդույթ դարձող այդ հռետորաբանության հիմնական առանձնահատկությունը իրավիճակն ապոկալիպտիկ ձևակերպումներով նկարագրելն է ու, ըստ այդ նկարագրության, փրկչագործական ելքեր առաջարկելը: Ունենալով ավելի շատ ազատություն և ավելի քիչ կաշկանդվածություն հրապարակային խոսքում՝ հայաստանյան ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները տարբեր տարիների գեներացրել ու էստաֆետի նման միմյանց են փոխանցել այս հռետորաբանությունը: Տարեցտարի, ամեն հերթական ընդդիմադիր վերելք-վայրէջքներից հետո ձևավորվող այս ավանդույթը դարձել է մի ճահիճ, որի մեջ ընկնում են ընդդիմադիր հայտ ներկայացնող տարբեր տրամաչափի ուժերը: Հետաքրքրական է այն, որ ներկայիս ընդդիմությունը, որն իր հիմնական կազմով նախկին իշխանությունն է ու որպես ընդդիմություն էլ անփորձ, ևս ընկավ այս ճահիճը: Ընդ որում՝ ոչ թե պատերազմից հետո, այլ դրանից շատ առաջ, ըստ էության, 2019թ. սկսած: 
Ավելորդ է երկար խոսել, թե ինչու ապոլակիպսիս-փրկչագործություն մոդելը արդյունավետություն չի ունենում: Այն, բացի ռացիոնալ չլինելուց, նաև չափազանց սարսափեցնող է թվում ունկնդիրներին: Շատ քչերը ապոկալիպսիսին ընդառաջ փրկչագործության գործին լծվելու համարձակություն կունենան։ Բացի այդ, իրավիճակի այդպիսի նկարագրությունն ու առաջարկվող լուծումներն էականորեն տարբեր են հասարակական տարբեր խմբերի՝ գետնի վրա, այսօր և աստեղ ռեժիմով ունեցած խնդիրներից: Ընդդիմությունն այդպես էլ չձևավորեց հասարակության այդ տարբեր խմբերի հետ առանձին-առանձին աշխատելու ավանդույթ, փոխարենը՝ նախընտրելով համահարթեցնել այդ տարբերություններն ու խնդիրները: 

Երկար տարիներ իշխանություն եղած մարդիկ, որոնք հետևել և տեսել են, թե ինչպես են բազմաթիվ ընդդիմադիր ալիքներ մարել, քամահրական վերաբերմունքից բացի, որևէ հետևություն չեն արել, որովհետև չեն մտածել, որ իրենք էլ կարող են հայտնվել ոչ իշխանական կարգավիճակում: Ու հիմա, երբ այդ կարգավիճակը փոխվել է, նրանք վերցրել են նույն էսթաֆետը ու շարժվում են նույն ճանապարհով՝ ձախողումներին ընդառաջ: Փաստը, որ նույնիսկ երկար տարիներ իշխանություն եղած մարդիկ են դառնում ընդդիմադիր այդ ավանդույթի զոհ, ցույց է տալիս, որ գործ ունենք բավական խորքային խնդրի հետ, քան ընթացիկ քաղաքական պայքարում կողմերից մեկի ձախողումներն են: Իշխանություններն ու ընդդիմությունները կարող են տարբեր հանգամանքներում փոփոխվել, բայց եթե երկրում չի ձևավորվում առողջ քաղաքական մտածողություն, մեծ հաշվով արդյունքն էլ միշտ նույնն է լինելու: 

Հ.Գ. Կարող է հարց ծագել, ինչպե՞ս ստացվեց, որ 2018թ. ընդդիմադիր այդ արատավոր մատրիցան չաշխատեց ու հանրության մեծամասնությունը դրական արձագանքեց ընդդիմության այդ պահի նախաձեռնությանը: Պատմությունն, իհարկե, ապագայում առավել ընդգրկուն կկարողանա մոտենալ այս հարցին, բայց այս պահին առնվազն ակնհայտ է, որ 2018-ը դուրս էր այդ մատրիցայից, առաջին հերթին տեքստերով ու տեխնոլոգիաներով: Ցավոք, սակայն, այդ հաջող փորձը չքանդեց վերոնշյալ մատրիցան: Ինչպես տեսանք ընդդիմության այս տարվա գարնանային ակտիվության ժամանակ, փոխառվել էր միայն 2018-ի ֆորմալ կողմը, իսկ բովանդակությունը կառուցված էր նույն առանցքի շուրջ ՝ վերահաս ապոկալիպսիս ու առաջարկվող փրկչագործություն:

Հ.Գ.2 Խնդրո առարկա թեման միայն առաջին հայացքից է լոկ ընդդիմության խնդիրը: Անարդյունավետ ու ձախողակ ընդդիմությունը միայն կարճաժամկետ կտրվածքով կարող է ձեռնտու լինել մրցակիցներին: Ամուլ ընդդիմությունը ոչ միայն կիսատ է դարձնում քաղաքական համակարգի գործունեությունը, այն նաև իդեալական թիրախ է արտաքին սուբյեկտների համար՝ ընդդիմության ամլությունը դարձնել գործիք պետության հետ հարաբերություններում սակարկումների համար. մի բան, որի ականատեսը թե՛ նախկինում, թե՛ հիմա հաճախ ենք լինում: 

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»