Ֆրանսահայ դաշնակցական գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելուց հետո, սկսվել էր հանրային քննարկման մի մեծ ալիք։ Դրա ամենահետաքրքիր մասը ոչ այնքան կապված էր վերոնշյալ անձի կամ տեղի ունեցած միջադեպի, որքան Սփյուռք-Հայաստան հարաբերությունների և, ընդհանրապես, Սփյուռքի դերի ու իրավունքների հետ։
Ունի արդյո՞ք Սփյուռքն իրավունք՝ մասնակցելու Հայաստանի ներքաղաքական կյանքին, ազդելու Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգային քաղաքականության, հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների կամ իրագործվող որևէ այլ քաղաքականության վրա, առավել ևս ճնշում գործադրելու այդ քաղաքականությունը մշակողների վրա։ Ընդ որում՝ այստեղ, ինչպես և Մուրադ Փափազյանի դեպքում է, խոսքը ՀՀ քաղաքացիություն չունեցող սփյուռքահայերի մասին է։ Մինչ այս հարցին պատասխանելը, կառուցենք մի քանի մտապատկեր՝ կենցաղային, իրավական, քաղաքական-փիլիսոփայական և լեզվամտածողության դաշտերից։
Առաջին. Հայաստանում չբնակվող մարդն արդյո՞ք իրավունք ունի ազդելու անվտանգային այնպիսի որոշումների կայացման վրա, որոնց հետևանքների հետ ինքը որևէ կերպ չի առերեսվելու ու սեփական մաշկի վրա չի զգալու դրանց ուղիղ արդյունքները։ Չէ որ նա կամ իր որդին, չեն գնալու պատերազմ, չեն ապրելու չքավոր ու շրջափակված երկրում, չեն լինելու զրկված «արևմտյան սպիտակ մարդուն» արժանի հնարավորություններից։ Բայց չեն կարող լինել իրավունքներ՝ պարտականութուններից զատ։ Իսկ սփյուռքյան պարտականությունների դաշտում ամեն ինչ սկսվում և ավարտվում է կամավորության շրջանակներում։ Ընդ որում՝ այդ կամավորության իրական մասշտաբները պարզորեն երևացին 44-օրյա պատերազմի օրերին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային խիստ համեստ մասնակցությամբ։
Իրավունքի տեսանկյունից պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ էթնիկ պատկանելությունը ու քաղաքացիությունը լիապես տարբեր երևույթներ են։ Իրավական պետությունը հարաբերվում է մարդու հետ՝ բացառապես նրա քաղաքացիությունից ելնելով։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող ճանաչել մարդկանց՝ ըստ նրանց մաշկի գույնի, հավատամքի կամ գենետիկ առանձնահատկությունների, այլ միայն՝ ըստ քաղաքացիության։ Ըստ այդմ՝ կան ՀՀ-ում բնակվող մարդիկ, ընդ որում՝ տարբեր ազգությունների՝ հայ, հույն, ռուս, եզդի և այլն, որոնք ունեն ՀՀ քաղաքացիութուն և համապատասխանաբար ունեն կոնկրետ իրավունքներ՝ մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին, դրա ապագայի կառուցմանը։ Կան նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձիք՝ նույնպես տարբեր ազգությունների՝ հայ, հույն, ռուս, թայլանդացի, ովքեր նման իրավունքներ չունեն։ Սա փոփոխման ենթակա մեծություն չէ՝ առնվազն սթափ և առողջ իրականություններում։
Քաղաքական-փիլիսոփայական հարթության մեջ գոյություն ունեն այնպիսի հասկացություններ, ինչպես, օրինակ, երկու պետությունների շահերի հակասականությունը։ Օրինակ՝ ինչպե՞ս պետք է վարվի մի մարդ, ով Ռուսաստանի կամ Ֆրանսիայի քաղաքացի է, բայց մասնակցում է ՀՀ-ում քաղաքականության ձևավորմանը, երբ նշյալ երկրների շահերին հակասող որոշում պետք է կայացվի, որովհետև այդ երկրների ու ՀՀ-ի շահերը անհրաժեշտաբար կարող են չհամընկնել։ Սրանից էլ բխում է հաջորդ քաղաքական-փիլիսոփայական հարցը, թե ի՞նչն են մարդիկ համարում Հայաստան՝ ՀՀ-ն իր արդի սահմաններո՞ւմ, թե՞ իրենց մտապատկերում առկա «պապենական էրգիրը», հետևապես նաև՝ ո՞րն է սրանցից գերակա։ Կարելի՞ է արդյոք թեկուզ և զոհաբերել Հայաստանի Հանրապետությունը՝ «պապենական էրգիրը» ազատագրելու նպատակին։ Ինչպիսի՞ հորզիոնական է զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունը օտարահպատակ հայերի առաջնահերթությունների ցուցակում։ Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները միարժեքորեն մեզ հեռացնում են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն կոչվող սինթետիկ մտապատկերից։
Լեզվամտածողության հարցում նույնպես կա խնդիր։ Օրինակ՝ հայերենում չկա «nation» բառի համարժեք թարգմանություն։ Ի դեպ, դա ազգությունը չէ, ազգությունը հայերենում ավելի համադրելի է ժողովուրդ բառի հետ և ընդամենը դրա ավելի կազմակերպված ձևն է։ Օրինակ՝ Արամ Խաչատրյանը ազգությամբ հայ է, բայց նրա «nation»-ը սովետական է։ Պատահական չէ, որ Արամ Խաչատրյանին անվանում են սովետական կոմպոզիտոր՝ հայկական ծագմամբ։ Կամ Շառլ Ազնավուրն, օրինակ։ Իհարկե, ազգությամբ հայ է, բայց նա ֆրանսիացի երգիչ է։ Իսկ ո՞րն է այդ դեպքում «nation»-ի մեր տարբերակը: Միանշանակ պատասխան տալը թերևս դժվար է, սակայն գուցե դա հայաստանցի՞ն է։ Ի վերջո, լեզվամտածողության մեջ էլ պետք է տարբերակվի պետության հետ առկա հարաբերությունների երանգը։
Այս ամենից կարելի է և պետք է անել միայն մեկ եզրակացություն՝ Հայաստանի պետության ներկայի ու ապագայի, անվտանգության ու կողմնորոշումների, վարվող քաղաքականության վերաբերյալ որոշումներ կարող են և պետք է կայացնեն միմիայն ՀՀ քաղաքացիները։ Սփյուռքն այստեղ ասելիք չունի։