Կիրակի, 25 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 21 ℃

Рус Eng

Մեծախոսությունն ու հոխորտանքները լուծելո՞ւ են Արցախի անվտանգության հարցը

Վերլուծություն

26 Հուլիսի, 19:47

44-օրյա պատերազմը փոխել է ոչ միայն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը, այլև ներհայաստանյան։ Այն վերափոխման է ենթարկել ոչ միայն քաղաքական, սոցիալական, մշակութային համապատկերը, այլ նաև՝ խոսույթն այդ մասին։  Պատերազմը ցույց տվեց իրականության և պաթոսային հայրենասիրական կեղծ քարոզչության վտանգավորությունը։ ԼՂ հակամարտության դիսկուրսի խզվածքը բանակցային գործընթացում և ներհայկական միջավայրում տրամաբանորեն հանգեցնելու էր հանրային շոկի այն վիճակին, որը ապրեց հայաստանյան հանրությունը պատերազմից հետո։

Հետևաբար, հետպատերազմյան իրողությունները հաշվի առնելով՝ ԼՂ հակամարտության խոսույթը պետք է զերծ լինի մանիպուլյացիոն տարրերից և պաթոսից ու դրանից պիտի խույս տան հատկապես արտաքին քաղաքականության պատասխանատուները։ Այդուհանդերձ, հանդիպում են պաշտոնյաներ, որոնք համառորեն հրաժարվում են 44-օրյա պատերազմից դասեր քաղել։ Եվ բավական տարօրինակ է այն, որ դրանց շարքում են արցախյան պաշտոնատար անձինք՝ պատերազմի առաջին գծում գտնվողները, ռումբերի առաջին հարվածները ստացողները։ Այս առումով աչքի է ընկնում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Բացի այն, որ նրա տեքստերը ներծծված են հայդատական կեղծհայրենասիրական պաթետիզմով, դրանք տառապում են նաև հակասականությամբ։ Վերջին գրառումներից մեկով նա ահազանգում էր, որ Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ։ Բաբայանի ահազանգի անկեղծությանը միգուցե հնարավոր լիներ հավատալ, եթե իր նախընթաց տեքստերում և ելույթներում վերջինս չհայտներ այնպիսի կարծիքներ, որոնք ոչ միայն որևէ կերպ չէին նպաստում այդ գոյաբանական սպառնալիքների չեզոքացմանը, դեռ մի բան էլ յուղ էին լցնում կրակին։ 

Պարզից էլ պարզ է, որ գոյաբանական սպառնալիքի առաջ կանգնած Արցախի պաշտոնատար անձինք պետք է իրենց խոսույթը ձևավորեն առկա իրողություններից ելնելով, վտանգներն ու սպառնալիքները հաշվի առնելով։ Սակայն ի հակասումն իր վերջին ահազանգի՝ Բաբայանը ավելի վաղ հարցազրույցներից մեկում, խոսելով Արցախի ԱԺ կողմից ընդունված ադրբեջանական օկուպացիայի մասին օրինագծի մասին, կրքոտ աջակցություն է հայտնել դրան։ Դեռ ավելին՝ ընդգծել է, որ նման օրինագծի ընդունմանը փորձելու են խանգարել Ադրբեջանը և Թուրքիան, սակայն չեն կարողանալու։ Ընդհանրապես, սա դիվանագիտական խոսույթի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ի՞նչ էր տալու այդ դեօկուպացիայի օրենքը կամ ի՞նչ է տվել։ Իսկ փաստացիորեն տվել է ադրբեջանական կողմին սադրվելու առիթ ու դա էլ տաք է պահվում Արցախի ԱԳ նախարարի կողմից։  Ի դեպ, ամեն կերպ պաշտպանելով ՌԴ դիրքորոշումը՝ Բաբայանը չի մոռանում նաև հետևողականորեն քննադատության ենթարկել հավաքական Արևմուտքի դերակատարությունը մեր տարածաշրջանում։ Ի հաստատումն սրա՝ Արցախի ԱԳ նախարարը քննադատել է Էստոնիայի խորհրդարանի այցը Շուշի՝ դա համարելով Եվրոպայի կողմից սխալ և անընդունելի քայլ։ Իսկ ահա Ադրբեջանում ՌԴ դեսպան Բոչարնիկովի այցը Շուշի՝ Բաբայանը նորմալ է համարել, նշել, որ նա, Շուշի այցելելով, տեղում ավելի լավ կպատկերացնի՝ ինչ է կատարվում այնտեղ։

Արցախի էքզիստենցիալ սպառնալիքների մասին խոսող Բաբայանը կարո՞ղ է պատասխանել, թե ինչո՞վ է իր հայդատական հռետորաբանությունը նպաստում այդ սպառնալիքների չեզոքացմանը։ Արդյո՞ք նրա հայտարարությունները, դրանցով պայմանավորված վարվող քաղաքականությունը համարժեք են այդ սպառնալիքներին դիմակայելու տրամաբանությանը։ Վերջապես, Արցախում հասկանո՞ւմ են, թե ուր է գնում այս ամենը, թե՞ 30 նույնպիսի մսխված տարիներ էլ պիտի վատնեն ու, Սերժ Սարգսյանի բառերով ասած, Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգեն կարոտից։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»