Հայաստանյան հասարակությունը ռուս ռելոկանտներին դիմավորեց՝ վարձով բնակարանների գները շեշտակի բարձրացնելով, բանկային սեկտորը՝ օտարերկրացիների համար նոր ծառայություններ ներդնելով, սպասարկման ոլորտն էլ արձագանքեց ծառայության գների էական բարձրացմամբ:
Ռուս-ուկրաինական պատերազմն, իր աշխարհաքաղաքական հետևանքներից բացի, Հայաստանի դեպքում ունեցավ նաև այլ դրսևորումներ: Ռուսաստանից բազմաթիվ քաղաքացիներ, մեծամասամբ՝ իրենց բիզնեսներով, սկսեցին տեղափոխվել Հայաստան՝ կարճատև կամ երկարատև բնակություն հաստատելու: Իրենք իրենց, այնուհետ նաև՝ մենք իրենց, սկսեցինք անվանել ռելոկանտներ, ոչ թե միգրանտներ: Պատճառն այն է, որ Հայաստան տեղափոխվում էին ռելոկացնելով, այսինքն՝ տեղափոխելով բիզնես գործունեությունը: Հաշվի առնելով սա՝ առավել շատ խոսվում է Հայաստանում ռուսական ռելոկացիայի տնտեսական արդյունքների մասին, բայց ոչ պակաս կարևոր է ռելոկացիայի քաղաքական, մշակութային և սոցիալական բաղադրիչը:
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ ազգությամբ հայ, սովոր են ընկալել որպես զբոսաշրջիկների: Բացառություն են միայն Սիրիայից Հայաստանում ապաստանած մեր ազգակիցները, որոնցից շատերը Հայաստանում հայտնվել են ստիպված: Ետսովետական Հայաստանի 30-ամյա պատմությունն առավելապես արտագաղթի, ոչ թե ներգաղթի մասին է: Ըստ այդմ, ՌԴ քաղաքացիների՝ նման հոսքը Հայաստան ինչ-որ առումով ֆենոմեն է: Իրավիճակը որոշակիորեն հեշտացնում է այն հանգամանքը, որ ռուսական մշակույթի հետ ավանդական շփումները և Հայաստանում մշտապես ռուս զբոսաշրջիկների առկայությունը մեծապես կոտրում են օտարերկրացիների հանդեպ դասական կարծրատիպերն ու հաղորդակցվելու բարդույթները: Բայց, ինչպես նշեցինք, մի բան է այդ հաղորդակցությունը զբոսաշրջության կոնտեքստում, մեկ այլ բան՝ հիմնական կամ գոնե միջնաժամկետ բնակության տեսանկյունից:
Այս իմաստով իրավիճակն ունի որոշակի հնարավորություններ և ռիսկեր՝ միաժամանակ: Արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստան տեղափոխվել են հիմնականում նույն սոցիալական և մշակութային, տեղ-տեղ նաև՝ նույն մասնագիտական շրջանակների և, որ ամենակարևորն է, նույն աշխարհայացքային մոդուսի մեջ գտնվող մարդիկ: Խոսքը հիմնականում արդի տեխնոլոգիական մասնագիտությունների տիրապետող, երիտասարդ, հիմնականում ազատական հայացքներ ունեցող մարդկանց մասին է:
Բնական է, որ Հայաստան տեղափոխելով իրենց բիզնեսը ու նաև բնակություն հաստատելով Հայաստանում՝ վերջիններս իրենց հետ Հայաստան են բերելու և իրենց շուրջ ձևավորելու են որոշակի մշակութային միջավայր: Արդեն ակնհայտ է, որ, օրինակ, Հայաստան շատ են սկսել գալ հայտնի ռուս «stand up» արտիստներ, երաժիշտներ ու երաժշտական խմբեր: Արդեն կայացել ու պլանավորված են մի շարք նման ներկայացումներ ու համերգներ, որոնք նախկինում կա՛մ չկային, կա՛մ շատ հազվադեպ էին: Սրա պատճառը ռուսական ռելոկացիան է, բայց ինչպես կարող ենք ականատես լինել նման ներկայացումների ընթացքում, հանդիսատեսը բաղկացած է ոչ միայն ռուսաստանցիներից. մեծամասնությունը hայաստանցիներ են: Քանի որ խոսք գնաց «stand up» ժանրից, հարկ է նշել, որ Երևանում բացվել է առաջին «ստենդ-ափ» ակումբը: Իհարկե, այն բացվել է Ռուսաստանի հայազգի քաղաքացիների կողմից, սակայն ելույթ ունեցողների մեծ մասը, այցելուների հիմնական կորիզը և ելույթների հիմնական լեզուն ռուսականն ու ռուսերենն են: Սրան զուգահեռ՝ ավելացել են նաև այլ տեսակի միջոցառումները, օրինակ, ռուսերենով մասնագիտական դասախոսությունները։ Արդեն կան առանձին ակումբներ, որոնցում հավաքվողների հիմնական կորիզը հենց ռուս ռելոկանտներն են, քննարկվող թեմաների բնույթն ու լեզուն էլ՝ ռուսականը:
Ռուսական ռելոկանտների գործունեության սպեկտրն, իհարկե, շատ լայն չէ, բայց բավական խորը ընդգրկում ունի: Այն, ըստ էության, Հայաստանի կարծրացած և լճացած հանրային կյանքի որոշ ոլորտներ ակտիվացրել ու նոր շունչ է հաղորդել: Անկախ այն բանից, որ քաղաքական ռեժիմի իմաստով Ռուսաստանը Հայաստանից ավելի փակ, դարավոր ավանդույթներ ունեցող ուղղաձիգ բյուրոկրատիայով երկիր է, մշակութային և քաղաքակրթական իմաստով՝ Ռուսաստանը, օբյեկտիվ պատճառներով, առավել առաջադեմ է: Անկախ Արևմուտքի հետ հակասություններից՝ ռուսական մշակույթը թե՛ նախկինում, թե՛ հիմա ավելի կապված է արևմտյանի հետ, այն արևմտյանից ավելի արագ է թարգմանում և ընկալում մշակութային կոդերը:
Եվ, այս իմաստով, ռուսական ռելոկանտների հայտնվելը Հայաստանում էական հնարավորություններ է ընձեռում՝ ստեղծելով նաև որոշակի ռիսկեր: Ռիսկերի մեջ կարող ենք դիտարկել նաև այն, որ հայաստանյան մշակութային կյանքը, հատկապես վերջին տարիներին, ցուցաբերում է էական լճացման նշաններ: Երբ այս վակուումը լցվում է ռուսական և ռուսալեզու կոնտենտով, այստեղ ունենում ենք որոշակի մշակութային սուվերենության խնդիր, երբ, չկարողանալով ինքներս ինտեգրվել ու ինտեգրել ժամանակակից աշխարհի նոր ֆորմատներին կամ դա անելով շատ դանդաղ, ակամայից օգտագործում ենք ռուսական խողովակը: Սա նորություն չէ, մինչև ռուս ռելոկանտների հայտնվելն էլ արևմտյան մշակույթի հետ հայաստանյան հասարակությունը հիմնականում հարաբերվում էր ռուսական «թարգմանությամբ», բայց նրանց հայտնվելն այս գործընթացը դարձրել է ավելի արագ ու առարկայական:
Միաժամանակ, վերջին տարիներին ետսովետական երկրներում ռուսական քաղաքականության, մասնավորապես՝ միութենական պետության մասին խոսակցությունների ֆոնին առաջանում են որոշակի հարցեր ու խնդիրներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստան տեղափոխված ռելոկանտները քաղաքական այլ մոտեցումների կրողներ են, հաճախ՝ հակադիր պաշտոնական Մոսկվային, բայց իրենց ներկայությամբ ու ակտիվությամբ նրանք կամա թե ակամա ստեղծում են որոշակի պարարտ հող՝ հնարավոր ինտեգրացիոն գործընթացների համար: Ռուսական սեգմենտի իրական ու մշտական ներկայությունը Հայաստանում, օրինակ, ավելի առարկայական է դարձնում ռուսալեզու դպրոցների առկայության անհրաժեշտությունը։ Մի բան, որի մասին, որպես տեսական անհրաժեշտություն, անընդհատ խոսվում է ռուսական կողմից, բերվում են հիմնավորումներ՝ դարավոր բարեկամության կոնտեքստում, բայց հիմա արդեն փաստացի ձևավորվում է նաև առարկայական, ընթացիկ անհրաժեշտություն:
Բիզնեսի տեղափոխման ու կեցության կազմակերպման մասով առաջին ամիսների շոկը կարծես անցել է, և ռուսական ռելոկանտների ներկայությունը դարձել է սովորական: Բայց Հայաստանը, որպես պետություն և հասարակություն, էական անելիք ունի՝ հասկանալու մշտական կամ երկարաժամկետ դարձող այս ֆենոմենի հետ փոխհարաբերությունները: Խոսքն այստեղ ոչ թե արհեստական արգելքների մասին է, որոնք հասարակական, մշակութային ոլորտներում անիմաստ ու անարդյունք կլինեն, այլ ռիսկերն ու հնարավորությունները գնահատելու մասին: Փաստացի, անկախ մեր կամքից, մենք ստացել ենք մի ռեսուրս, որի՝ բացառապես տնտեսական բաղադրիչն ենք գնահատում, բայց որի մշակութային և սոցիալական, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նաև քաղաքական կողմն անտեսում ենք: