Վերլուծություն

Ադրբեջանական գազը՝ Եվրոպայի փրկօղա՞կ, թե՞ ռուսական թակարդ

Երկուշաբթի օրը Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որով նախատեսվում է մինչև 2027թ. ադրբեջանական բնական գազի ներմուծման ծավալները դեպի ԵՄ հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։ Նպատակը Ադրբեջանից ԵՄ երկրներ գազի արտահանումը կրկնապատկելն է։ 

Ուկրաինական պատերազմի ու ՌԴ դեմ պատժամիջոցների ֆոնին ԵՄ-ը փնտրում է Ռուսաստանի էներգակիրների այլընտրանքային մատակարար՝ հույս ունենալով դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները և մեղմել պատժամիջոցների ազդեցությունը սեփական տնտեսության վրա։ Լեյենի խոսքով՝ այդ հուշագիրը պարտավորեցնում է ընդլայնել «հարավային գազային միջանցքը», որն, ըստ եվրոպացի պաշտոնյայի, «շատ կարևոր մատակարարման ուղի է Եվրամիության համար»: Ներկայումս Ադրբեջանն արդեն մատակարարում է տարեկան ավելի քան 8 միլիարդ խորանարդ մետր գազ, և կողմերը ռազմավարական նպատակ են հռչակել, որ մի քանի տարի հետո դրա թողունակությունը հասնի մինչև 20 միլիարդի:

Անկասկած է, որ Ադրբեջանից Եվրոպա նավթի և գազի արտահանումն անուղղակիորեն ազդելու է Եվրոպայում Ռուսաստանի դիրքերի վրա։ Պատերազմից ի վեր պաշտոնական Կրեմլը փորձում է նվազեցնել իր էներգակիրների մատակարարումները՝ ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու և ԵՄ ռազմատնտեսական ու քաղաքական աջակցությունից Ուրաինային զրկելու համար։ Այդ համատեքստում Ադրբեջանը յուրօրինակ փրկօղակի դեր է ստանձնում ԵՄ-ի համար։

Այս՝ առաջին հայացքից իդեալիստական իրավիճակը, սակայն, ունի մի շարք թաքնված խութեր։ Նախ, մի կողմից Ադրբեջանն ունի սեփական գազի արդյունահանման և արտադրության ավելացման սահմանափակ հնարավորություններ, մյուս կողմից՝ սեփական գազի պահանջարկը բավարարելու կարիք: Հարկ է հիշել՝ անցած տարվա վերջին ներքին դեֆիցիտը վերացնելու համար Բաքուն համաձայնագիր էր կնքել Իրան հետ՝ գազ ներկրելու վերաբերյալ:

Բաքուն, իհարկե, կարող է կրկնապատկել էներգակիրների փոխադրումը Եվրոպա, սակայն այդ ծավալները ոչ մի կերպ չեն բավարարում ԵՄ՝ նույնիսկ մինիմալ պահանջներին։ Բացի այդ, Ադրբեջանի խոշորագույն գազի՝ «Շահ Դենիզ» հանքավայրի օպերատոր British Petrolium ընկերությունը հայտարարել էր, որ հանքավայրը չի կարող մատակարարել ողջ գազը Եվրոպա՝ ադրբեջանական գազի մատակարարումը կրկնապատկելու համար: Իսկ ադրբեջանական մյուս փոքր հանքավայրերը չունեն բավարար քանակությամբ գազ արտահանելու հնարավորություն:

Այստեղ, ահա, կարող է մի շատ հետաքրքրական  հեռանկար բացվել։ Կարող է այնպես ստացվել, որ ողջ հարավային միջանցքը կարևոր դառնա ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ ՌԴ-ի համար, որպես հետագայում նոր արտահանման շուկաներ մուտք գործելու միջոց։ Եվ դրանով էլ կարող է բացատրվել Ռուսաստանի պաշտոնական զուսպ կեցվածքը Ադրբեջանի հակապատերազմական ու պրոուկրաինական դիրքորոշումների վերաբերյալ։ Ավելիn` եթե հիշենք, որ պատերազմի նախօրեին Ալիևը Պուտինի հետ մի ստվարածավալ ռազմավարական համագործակցության հուշագիր էր ստորագրել, կստացվի որ Կրեմլը այս ճանապարհով նույնպես կարող է կառավարել ադրբեջանական էներգակիրների արտահանումները և Ադրբեջանին դարձնել ԵՄ-ում տրոյական ձին՝ դրանից բխող հնարավորություններով ու ռիսկերով։