Վերլուծություն

Քրիստոսի արձանը լուծելո՞ւ է Հայաստանի անվտանգության հարցը

ՀՀ աշխարհաքաղաքական ու ռազմական դրությունը ոչ միայն իդեալական չէ, այլև, կարելի է ասել, բավականին բարդ է՝ նկատի ունենալով հայ-ադրբեջանական հարաբերություններում թվացող փակուղին։ Հայաստանն էականորեն թուլացած, պարտված ու նկատելիորեն անպաշտպան վիճակում է, ինչն ուղղակիորեն դրսևորվում է ինչպես հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ պետական կառավարման համակարգում։ Ինչն էլ, իր հերթին, հանգում է ինքնիշխան պետության իմունիտետի հարցին։ 44-օրյա պատերազմից հետո այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կարծես կրկին հանգել են փակուղու, ինչը բավականին բարձրացրել է պատերազմի հավանականությունը։ Բայց, որքան էլ պարադոքսալ հնչի, այս մարտահրավերներն ընդամենը խնդիրների չնչին մասն են։

Շատ ավելի էական խնդիր է հասարակության, մտավորականության, գործարար ու քաղաքական ընտրանու պատասխանը վերոնշյալ խնդիրներին։ Արդեն մի շաբաթ է, ինչ հայ հասարակությունը, մտավորականությունը, գործարար ու քաղաքական ընտրանին քննարկում են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հարցը՝ որտեղ, ինչ հումքից, երեսպատման ֆոսֆորի գույնը, ճաշակով գաղափա՞ր է, թե՞ ոչ։ Աjսինքն՝ եթե կուզեք այլաբանորեն՝ զբաղված է թիթեռնիկ նկարելով։ 

Տեղի ունեցողի սյուրռեալիզմի մակարդակն այնքան խորն է, որ հիշեցնում է քաղաքական սատիրայի ժանրի ստեղծագործությունների սցենարներ: Աբսուրդաին լինելով հանդերձ՝ պետք է փորձել հասկանալ այս իրավիճակի ձևավորման պատճառները։ Կա երեք տարբերակ, թե ինչու է նման իրավիճակ ձևավորվել։ Կա՛մ հասարակությունն այնքան է դեգրադացվել, որ չի տարբերում կարևորն անկարևորից, առաջնայինը՝ երկրորդականից, սեփական անվտանգության հարցերը՝ մոդայից։ Կա՛մ հասարակությունն այնքան է հոգնել պատերազմից ու պատասխանատվութունից, որ գտնվում է խորը ապատիայի ու պատասխանատվութունից խուսափելու դեգերումների մեջ։ Կամ հասարակությանը դիտավորյալ մոլորեցնում են՝ շեղելու կարևոր ու բախտորոշ գործընթացներից։ Այս ապարագայում հարկավոր է արձանագրել, որ նախորդ պատերազմի ու դրա աղետալի արդյունքի համար Հայաստանի քաղաքական ընտրանին, ըստ էության, պատասխանատվություն, որպես այդպիսին չստանձնեց՝ ընկղմվելով միմյանց մեղադրելու հայհոյախոսությունների մեջ։ Ավելին՝ որևէ քաղաքական, պետական ռազմական  գործիչ այդպես էլ հստակորեն չընդունեց իր պատասխանատվությունը՝ նախընտրելով խոսել միայն իր հաջողություններից ու բոլոր մեղքերը կախելով հակառակորդների վզից։ Այդպիսի դեժավյուի ականատես կլինենք նաև այն պարագայում, եթե ներկայիս փակուղին դրսևորվի ամենավտանգավոր ձևով՝ հանձին նոր ռազմական էսկալացիայի։ Հայաստանի քաղաքական ընտրանին նախորդ փուլերում գերադասեց ոչ թե լուծել խնդիրները՝ գնալով ցավալի զիջումների ու ռեֆորմների, այլ թողնել գործընթացները ինքնահոսի և խուսափել պատասխանատվությունից։ Ոչի՞նչ, որ պատերազմի պարագայում Հայաստանը կորցրեց շատ ավելին, քան բանակցությունների ու զիջումների տարբերակով։ 

Իրականում խնդիրը հավասարապես բոլոր վերոնշյալ տարբերակներում է՝ բոլոր շերտերում։ Հասարակությունը չի պահանջում զբաղվել առաջնահերթ խնդիրներով, չի պահանջում պետությունից կատարել իր առաջնային պարտականությունները, չի պահանջում քաղաքական կուսակցություններից՝ պատասխանատվություն, և, ըստ էության, համաձայնվում է խաբվել։ Մտավորականութունը կա՛մ զբաղված է քաղաքական ուժերի այս կամ այն ճյուղի շահերի անվերապահ սպասարկմամբ, կամ մարգինալացված է ու որևէ կերպ չի փորձում առերեսվել առկա խնդիրների հետ։ Անշուշտ, շատ ավելի հեշտ է գլուխը թաղել վայ հայրենասիրական հողերում։ Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցումը որոշ աղանդների ու հոգեկան հիվանդությունների շրջանակներում, իհարկե, կարող է դիտարկվել որպես Հայաստանի խնդիրների ասիմետրիկ պատասխան, բայց նման պատասխանների հանդիպելով է, որ այդ խնդիրները, ի վերջո, սպառնում են խժռել Հայաստանի Հանրապետությունը։