Խորհրդարանական ընդդիմությունը ցուգցվանգի մեջ է՝ իրավիճակ, երբ ցանկացած գործողություն դուրս է գալիս դրա կատարողի դեմ։
Փողոցային պայքարի՝ հերթական փորձը կրկին ձախողվեց, երբ, այդպես էլ չկարողանալով կրիտիկական զանգված ապահովել՝ մարտավարական փոփոխությունների անվան տակ ընդդիմադիրները հայտարարեցին վրանները հավաքելու մասին։
Հիմա խորհրդարանական ընդդիմությունը կամ պետք է վերադառնա Ազգային ժողով, կամ՝ հերթական անգամ փողոցային պայքարի նոր փուլի մասին հայտարարի։
Երկրորդ ճանապարհն ակնհայտ է, որ ունենալու է նույն տխուր ավարտը, ինչ եղավ գարնանը. հերթական անգամ հնարավոր չի լինի մարդկանց փողոց դուրս հանել՝ հակառակ այն բանի, որ հասարակական դժգոհությունների համար ինչ-որ տեղ պատճառներ կան, թեկուզ, օրինակ, այս օրերի շարունակական գնաճը, որ հարված է բոլորի գրպանին։ Անգամ նման ստարտային պայման ունենալով՝ ընդդիմադիրները կմաշեցնեն իրենց՝ առանց այն էլ սակավ ռեսուրսը։
Ընդդիմության մյուս ճանապարհը խորհրդարան վերադառնալն է, որը, թեև այլընտրանք չունի, սակայն նրանց համար, րենց տերմինալոգիայով ասած, կլինի նվաստացուցիչ։ Ու դրա մեղավորը նույն ընդդիմությունն է, որը մաքսիմալիստական պահանջներ է ներկայացրել՝ հրաժարվելով որևէ փոխզիջման գնալուց։ Գիտեք՝ նրանք հայտարարել են, որ ԱԺ կվերադառնան բացառապես իրենց օրակարգով։ Սակայն պարզ է, որ այդ օրակարգը գեներացնելու որևէ հնարավորություն չունեն, էլ չասած որ այդ օրակարգը անգամ պարզ քաղաքականի սահմաններից դուրս է։
Եթե մտադիր են ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, ինչի մասին պարբերաբար հայտարարում են, ապա այստեղ մեծ հիասթափություն է սպասվում. երկու ընդդիմադիր խմբակցություններն անգամ այս հարցն ԱԺ օրակարգ բերելու բավարար քանակի մանդատ չունեն, ուր մնաց՝ փորձեն քննարկել և իրագործել այն։ Այնպես որ, խորհրդարան ցանկացած այլ տարբերակով վերադարձն ընդդիմությանը լրացուցիչ անհարմարություններ է պատճառելու։
Կա նաև այսօր եղած «ստատուս-քվոն» պահպանելու տարբերակը, երբ ընդդիմադիրները պարզապես չեն գա խորհրդարան՝ շարունակելով իրենց բոյկոտը, իսկ փողոց դուրս կգան շաբաթը մեկ անգամ՝ մայրաքաղաքում երեկոյան զբոսանքի նպատակով, ինչպես, օրինակ, անում են վերջերս՝ կազմակերպելով «ինքնաբուխ» հանրահավաքներ ու երթեր։ Այս դեպքում, եթե իշխանությունը չհիշի նրանց ու անգամ մանդատից զրկելու քայլերի չգնա (որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրանա, ու ընդդիմադիրները քաղհալածյալի դերում չդիրքավորվեն), ապա հազիվ թե ինչ-որ բան փոխվի։ Բացառությամբ, թերևս, պետբյուջեի մսխվելուց, երբ ընդդիմադիրներն աշխատավարձ կստանան՝ առանց գործ անելու։
Ընդդիմության չգոյության պայմաններում, թերևս, հնարավորություն կարող է բացվել այլ՝ արտախորհրդարանական ուժերի համար, որոնք էլ կարող են լցնել վակուումը, և հաջորդ խորհրդարանական ընտրություններին ԱԺ-ն որակյալ ընդդիմություն կունենա։