Վերլուծություն

Հայաստանը Մինսկի խմբի «թակարդում» կամ Մոսկվայի ու Վաշինգտոնի պայքարի արանքում

Վերջին շրջանում, պայմանավորված հարցի սրությամբ, ակտիվացել են խոսակցությունները Մինսկի խմբի համանախագահության դերի ու դրա ապագայի շուրջ։ Այդ խմբի գործունեությունը փաստացի կասեցված է համարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խումբն անպիտան է հռչակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ ԱՄՆ-ն օրեր առաջ փորձել է համանախագահների զրույց կազմակերպել` խմբի վերակենդանացման մոտիվներով։

Մինչ այդ խոսակցություններին անրադառնալն ու դրանց գնահատական տալը, սակայն, հարկավոր է մի քանի չափումներ սահմանել։ Նախ, Մինսկի խմբի համանախագահության էությունն արևմուտք-Ռուսաստան աշխատանքն է Արցախյան հարցի շուրջ։ Եթե չի ստացվում այդ աշխատանքը, ապա գործնականում գոյություն չունի նաև ձևաչափը։ Մինսկի խմբի համանախագահության` այս պահին գոյութուն ունեցող և դաշտում ներկա միակ այլընտրանքը ռուս-թուրքական ձևաչափն է։ Թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ 3+3-ի գաղափարն այս ձևաչափի նախորդ արարներն էին։

Ռուս-թուրքական ձևաչափի կայացման նպատակից է ելնում Ռուսաստանը, երբ փորձում է անել ամեն բան` տապալելու համար Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը։ Այդ ձևաչափն առավել ձեռնտու է Ռուսաստանին մի քանի պատճառներով։ Նախ Ռուսաստանն ու Թուրքիան առավել հավասար քաշային կատեգորիաների երկրներ են, քան Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, երկրորդ` Թուրքիան Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտայի աչքերում առավել վստահելի գործընկեր է, քան արևմուտքն այն պարզ պատճառով, որ այս երկու պետությունները բավականին նման են` երկուսն էլ արևելյան տիպի կայսրություններ են։ 

Ռուս-թուրքական ձևաչափը և, ընդհանրապես, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, սակայն, միանշանակ չեն՝  մրցակցայինից անցնելով համագործակցայինի և հակառակը։ Առանձին հարցերում կամ նույնիսկ նույնի հարցի շուրջ, բայց տարբեր ժամանակահատվածներում, դրանք կարող են լինել գործակցային կամ հակադրային։

Ռուս-թուրքական ձևաչափը Հայաստանի համար միշտ հղի է եղել սարսափելի արհավիրքներով՝ ընդհուպ մինչև ինքնիշխան պետականության կորուստ` պայմանով, որ չեն կարգավորվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այսպիսի ապագան կանխարգելող մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Վերջիններն այս պահին, սակայն, կարգավորել հնարավոր է միայն Հայաստանի կողմից թերևս միակողմանի լուրջ զիջումներով և դեռ փաստ չէ, որ դրանք բավարար կլինեն։ Ուրեմն, ռուս-թուրքական ձևաչափի գոյության պարագայում Հայաստանը կա՛մ կորցնելու է ամեն ինչ, կա՛մ գնալու է շատ էական ու ցավոտ զիջումների։ Գրեթե այն, ինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ առանց քաղաքական տողատակերի հստակորեն ասել է։

Հայաստանում այս բոլոր գործընթացների նկատմամբ կարծես ձևավորվում է արձագանքի 2 ուղղություն։

Առաջին ուղղության ներկայացուցիչներն, ըստ էության, համարում են Մինսկի խմբի համանախագահութան ձևաչափն անայլընտրանք և պատրաստվում են երկարաժամկետ պայքարի` հանուն դրա պահպանության։ Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանից մեծամասամբ կախված չէ համանախագահության աշխատանքի ապագան։ Իրավիճակը կախված չէ, սակայն, նաև Ադրբեջանից։ Հարցը բացարձակապես Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների տիրույթում է։

Երկրորդ ուղղության ներկայացուցիչներն արդեն համակերպվել են ռուսական մոտեցման հետ ու համարում են, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն արդեն գոյություն չունի և դրանից կառչած մնալը միայն վնասում են գործին` խաթարելով թե՛ հայ-ադրբեջանական հարաբերություններում որևէ դրական զարգացումների հավանականությունը, թե՛ վնասելով հայ-ռուսական հարաբերություններին։ 

Ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, ճշմարտությունը, թերևս, մեջտեղում է։ Եթե Մինսկի խմբի համանախագահության ապագան 0․01 տոկոսով էլ կախված է պաշտոնական Երևանից, ապա վերջինս պետք է անի ամեն բան, որպեսզի պահպանի այն։ Երկրորդ, եթե արձանագվում է, որ նոր ձևաչափի կայացումն այլևս անկասելի է կամ, ավելի ճիշտ, Միացյալ Նահանգները պատրաստ չեն կապիտալ ծախսել այն կասեցնելու համար, ապա հայ հասարակությանը պետք է նախապատրաստել ու բացատրել, թե ինչ ժամանակներ են մոտենում։ Չի բացառվում, որ հայտնի ուժային կենտրոնների հաշվարկը հենց Հայաստանի էմոցիոնալ արձագանքն է ստեղծվող իրավիճակին ժամանակին ու ճիշտ խոսակցություններ ու զիջումներ անելու անկարողությունը։