Վերլուծություն

Դավաճանությունները բանակում կամ ազգային «բացառիկության» մասին

44-օրյա պատերազմի ավարտից հետո մինչ օրս Հայաստանում ու Արցախում հայտնաբերվել ու ձերբակալվել են աննախադեպ քանակի դավաճանության, հակառակորդի օգտին հետախուզության մեջ մեղադրվող անձիք։ Սա ցնցող տպավորություն է թողել սեփական բացառիկութան ու հայրենասիրության մեջ համոզված մեր հասարակության վրա։ Հասարակություն, որը չէր էլ մտածում սեփական հայրենակցի դավաճանության մասին, քանզի այդ պատկերացումով «հայը չէր կարող ադրբեջանցուն սեփական զորամասի մարտական տեղակայման վայրը հայտնել»։ «Ազգային բացառիկության» այս ընկալումը, որ տարիներ ի վեր հյուսվեց Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում, կարծես գաղափարական պարտադրանք լիներ՝ դիտավորյալ խեղելով այն պարզ ճշմարտությունը, որ հայերը մյուս ազգերից ոչ լավն են, ոչ էլ՝ վատը։ Այս առումով, ինքնամեծարումից մինչև ինքնախարազանում տվայտվող հիվանդագին դեգերումները տեղին չեն։ Հանրության մեջ կան խնդիրներ, ու հարկավոր է ախտորոշել դրանք։

Բանակը միշտ ու բոլոր հարցերում հասարակության մի մասն է ու դրա խտացված արտացոլումը։ Ինչպիսի բարքեր ու գաղափարներ, որ տիրապետում են հասարակության մեջ, նույնի խտացված տարբերակը միշտ երևում է նաև բանակում։ Այս ճշմարտությունից ելնելով էլ՝ առանձնացնենք մի քանի հանգամանք։

Ընդհանրապես, նման քանակությամբ դավաճանությունների դեպքերը վկայում են համընդհանուր ու համակարգային թափթփվածության ու քաոսի մասին։ Ինչպես քաղաքական, հանրային, պետական համակարգի ոլորտներում է տիրում խառնաշփոթ տրամաբանություն, երբ աջ ձեռքը հաճախ տեղյակ չէ ձախից, նույնը չէր կարող տասնամյակներ ի վեր չտիրել բանակում։ Դժբախտաբար, պետական կառավարման ինստիտուտները Հայաստանում հաճախ առկա են միայն ֆասադային մասով՝ առանց բովանդակության։ Նույն վիճակից ինչպե՞ս պիտի խուսափեր բանակը։

Դավաճանությունների ու տեղեկատվության արտահոսքերի բացահայտման՝ նման քանակը ապացույցն է հետախուզության ու հակահետախուզության աղետային աստիճանի վատ աշխատանքի։ Հարկավոր է արձանագրել, որ բոլոր բացահայտումներն այլևս ուշացած են. հակառակորդի գործակալական ցանցերն ու տեղեկատվության աղբյուրներն արդեն իսկ արել են իրենց գործը, հասցրել են նախանշված անդառնալի վնասը։ Պատերազմից առաջ ու ընթացքում առավելագույն խոցելի բացերն արդեն իսկ օգտագործվել են։ Սա, իր հերթին, չի նշանակում, թե բացահայտումները չպետք է շարունակվեն կամ անիմաստ են։ Ի վերջո, միամտություն է կարծելը, թե 44-օրյա պատերազմը հայկական ԶՈՒ-ի վերջին փորձությունն է։ Բայց հարկավոր է նաև արձանագրել հակահետախուզության՝ այլևս համակարգային խնդիրները. ոչ կոմպետենտությունը, հանցավոր անգործությունը, անգրագիտությունը և այլն։ Ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն հենց հատուկ ծառայություններն են, ու այնտեղից պետք է սկսվի պատասխանատվության կանչելու շղթան։ Հարկավոր են պաշտոնանկություններ ու հանցավոր անգործության թեմաներով քրեական գործեր, և, որ ավելի կարևոր է, բովանդակային փոփոխություններ հատուկ ծառայություններում։

Ավելի բազմաշերտ ու խորքային պատճառ է բոլոր հարցերում դրսևորվող տնավարությունը ու ցածր մակարդակի աշխատանքային էթիկան։ Պաշտոնական, աշխատանքային, ծառայողական հարաբերությունները հարմարավետության նկատառումով հաճախ  իջեցվում են տնայնավարական, կենցաղային հարաբերությունների մակարդակի, ինչն էլ իր հերթին փոխում է ընդհանրապես աշխատանքային մթնոլորտը ու թույլ չի տալիս աշխատել՝ փոխարենը ծաղկեցնելով աշխատանքի իմիտացիան։ Աշխատանքի իմիտացիան բոլոր հարցերում՝ ծառայություն, հետախուզություն, հակահետախուզություն, թղթաբանություն և այլն, բերում է հենց նմանատիպ հետևանքների։ Երբ զորամասին կցված հակահետախուզության սպան զորամաս է այցելում մի բաժակ սուրճ խմելու, այլ ոչ՝ անձնակազմի հետ աշխատանք տանելու, երբ յուրաքանչյուր զինծառայողի հետ պարբերաբար անցկացվող հրամանատարական անհատական զրույցները լրացվում են միայն թղթերում, սակայն իրականում բացակայում են, և այլն։

44-օրյա պատերազմում նշված դեպքերի ու ցանցերի դերը դեռ միայն նոր պետք է հաշվարկել ու գնահատել, բայց արդեն իսկ պարզ է, որ այն եղել է բավականին էական, և պատերազմի օրերին տարածվող խոսակցությունները՝ բազմաթիվ դավաճանությունների մասին, դժբախտաբար, տեղին էին։ Այժմ խնդիր պետք է լինի՝ դրանց առավելագույնս բացահայտումը, պատասխանատվության ենթարկումը և ամեն ջանք ներդնելը՝ նմանատիպ երևույթների կրկնությունը բացառելու համար։