Հունիսյան վերջին տասնօրյակը բավական հագեցած է ղարաբաղյան հակամարտության շուրջ անցուդարձերով։ Այս համատեքստում ակտիվորեն քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ճակատագիրը։ Քննարկվում է, սակայն, տարամետ ուղղվածության շեշտադրումներով։
Գաղտնիք չէ, որ 2020թ. պատերազմից հետո Մինսկի խմբի ձևաչափը գրեթե անգործունյա է։ Դրան նպաստել են ինչպես Ադրբեջանի նախագահի ժխտողական դիրքորոշումը այդ ձևաչափի անհրաժեշտության և անկենսունակության վերաբերյալ, Թուրքիայի հստակ բացասական տրամադրվածությունը, այնպես էլ՝ ՄԽ համանախագահ երկրների միջև էական աշխարհաքաղաքական տարաձայնությունները։
Դրանք բյուրեղացան հունիսի 23-ին՝ Բաքու այցելության ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններով։ Վերջինս հայտարարեց, որ Մինսկի խումբը իր գործունեությունը դադարեցրել է ամերիկացի մասնակիցների նախաձեռնությամբ։ Լավրովը Մինսկի խմբի գոյության դադարեցման մասին հայտարարում է ոչ մեկ անգամ։ Նմանատիպ հայտարարություն նա արել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամլո ասուլիսի ժամանակ։ Տպավորություն է, որ ՄԽ ձևաչափի լուծարման հարցում հիմնական շահագրգռված կողմը ՌԴ-ն է։ Այս տպավորությունը ամրապնդվում է նրանով, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից հրապարակավ երբեք կասկածի տակ չի առնվել ՄԽ ձևաչափի անհրաժեշտության հարցը։ Իսկ ՌԴ արտգործնախարարի կողմից ՄԽ չգոյության մասին բազմակի հայտարարությունները պատասխանատվությունը հավաքական Արևմուտքի վրա գցելու միտում ունեն։
Ոչ պակաս հետաքրքրական է նաև այն, որ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին խոսում է ԱԳ նախարարը։ Եվ իրավամբ, այդ իրողությունը արձանագրեց Նիկոլ Փաշինյանը՝ երկուշաբթի օրվա ասուլիսի ժամանակ։ Այս տարվա ապրիլի 19-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը ստորագրել են համատեղ հայտարարության փաստաթուղթ, որի 24-րդ կետում ամրագրվել է, որ կողմերը «հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի օգտագործման կարևորությունը»։ Ստացվում է, որ ՌԴ նախագահը, գրավոր փաստաթղթի ներքո ստորագրելով, վերահաստատում է Մինսկի խմբի գոյությունը և դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման գործում, իսկ նրա արտգործնախարարը՝ պնդում հակառակը։
Մինսկի խմբի գործունեությունը դադարելու և դրանում Արևմուտքին մեղադրելու՝ Լավրովի ջանքերը, ըստ էության, ի դերև ելան այսօր, երբ ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն տարածեց հայտարարություն, ըստ որի՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի ապագան, սակայն ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը մերժել է քննարկմանը մասնակցելու հրավերը։ Բյուրոն հայտարարությունը եզրափակում է՝ նշելով, որ անհամբեր սպասում են Մինսկի խմբի շարունակական աշխատանքին։
Պետդեպարտամենտի հայտարարությունն ուղղակիորեն ներկայացնում է Լավրովի հայտարարությանը հակառակ վիճակ։ Ըստ այդմ, Մինսկի խմբի արևմտյան համանախագահ երկրները ոչ միայն չեն հրաժարվում այդ ձևաչափով աշխատելուց, այլև գործնական քայլեր են անում այդ ուղղությամբ՝ հետագա անելիքները քննարկելու տեսքով։ Եվ սա էլ՝ այն պայմաններում, որ Արևմուտքը ՌԴ-ի հետ գրեթե ոչ մի հարթակում չի համագործակցում։ Ստացվում է, որ Արևմուտքը ՌԴ-ի հետ համագործակցության մի եզակի տարածք է համարում ԼՂ խնդիրը։
Ի՞նչ է ստացվում։ ՌԴ-ն շարունակաբար Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել և մեղադրում է տվյալ ձևաչափով աշխատելուց հրաժարվելու մեջ, սակայն փաստացիորեն ինքն է կասեցնում համանախագահության ձևաչափը։ Լավրովի և Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Մինսկի խմբի գործունեության դադարեցման վերաբերյալ, զարմանալիորեն ներդաշնակում են միմյանց՝ ի ցույց դնելով իրողությունը, որ ՌԴ-ն Հարավային Կովկասում ավելի նպատակահարմար է գտնում գործակցել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ՝ տարածաշրջանից Արևմուտքի ներկայությունը բացառելու նպատակով։ Արևմուտքը ուկրաինական ճգնաժամի պայմաններում էլ, երբ ՌԴ-ի հետ հակասությունները աննախադեպ ծավալների են հասել, փորձում է Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսության հարթակ բացել Ռուսաստանի հետ։ Վերջինս այդ հնարավորությունից էլ է հրաժարվում։ ՌԴ-ն ցանկանում է չվերականգնել ՄԽ-ի ձևաչափը, քանզի դա Արևմուտքի ինստիտուցիոնալիզացված ներկայությունն է Հվ. Կովկասում։ Զրկելով Արևմուտքին այդ գործիքից՝ ՌԴ-ն տարածաշրջանը վերածում է իր առանձնաշնորհյալ շահերի գոտու։ Այստեղ դաշնակիցներ են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք, իրենց խոսքերով ասած, չեն ցանկանում Մինսկի խմբի «վերակենդանացում» և նպատակային են համարում հենց այդ եռանկյունու միջոցով հարցերի քննարկումն ու լուծումներ տալը։