Վերլուծություն

Ընդդիմության ձախողումների ուրվականը

Ոչ «Պատիվ ունեմ», ոչ, առավել ևս, «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն պատրաստվում հետևել Արթուր Վանեցյանի օրինակին ու վայր դնել մանդատները։ Սա ակնհայտ էր ի սկզբանե։

Ճիշտ է, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները դեռ պաշտոնապես ոչինչ չեն հայտարարել ու չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը, սակայն նրանց ակնարկներն ու կցկտուր խոսքերն արդեն իսկ վկայում են մանդատները պահելու մտադրության մասին։

Իրավիճակն այլ է «Հայաստան» խմբակցության դեպքում. այստեղ պատգամավորները մեկը մյուսի ետևից հայտարարում են՝ մանդատն իրենց ժողովուրդն է տվել, հետևաբար՝ կպահեն ու ԱԺ կվերադառնան իրենց օրակարգով։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև վստահեցնում են՝ օգոստոսին պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել և իրավունք չունեն այդ գործիքը չօգտագործել։

Խորհրդարանական ընդդիմության փաստարկներն, իհարկե, այնքան էլ համոզիչ չեն, և պարզ է, որ այս ամենն ասվում է՝ ընդամենը որպես մանդատները պահելու արդարացում։

ԱԺ սեփական օրակարգով վերադառնալու հայտարարությունները, մեղմ ասած, ծիծաղ են հարուցում՝ թեկուզ այն պատճառով, որ նրանք մեկ անգամ արդեն փորձեցին իրենց օրակարգով վերադառնալ խորհրդարան ու ձախողվեցին. հիշում եք՝ շաբաթներ առաջ ընդդիմադիրներին չհաջողվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, չկար քվորում, և նիստը չկայացավ։ Ու խորհրդարանում դեռ շատ երկար ժամանակ, իշխանությունների բոյկոտի արդյունքում, քվորում չի ապահովվի, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը չունի իշխանության վրա ազդելու ամենակարևոր գործիքը՝ հանրային աջակցությունը, և չի կարող փողոց մարդ դուրս բերել։ 

Ինչ վերաբերում է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Հայաստան» խմբակցության մտադրությանը, ապա այդ նախաձեռնությունը ևս կտապալվի։ Խորհրդարանական ընդդիմությունը, լավագույն դեպքում, կփորձի ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել, ուրիշ՝ ոչինչ։ Իսկ քանի որ, սահմանադրության համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ, ոչ մի դեպքում չի հաջողվի բավարար քվե հավաքել։ Անհրաժեշտ է 53 կողմ ձայն, մինչդեռ խորհրդարանական երկու խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր։

Ու կրկին՝ առաջ է գալիս նույն խնդիրը. խորհրդարանական ընդդիմությունը չի կարող արտախորհրդարանական պայքար գեներացնել, հետևաբար, չի հաջողվի իշխանությունից գեթ մեկ պատգամավոր պոկել։

Ի դեպ, սահմանադրությունը նախատեսում է, որ եթե վարչապետին անվստահություն հայտնելու որոշում չի ընդունվում, հարցի քննարկումը համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է, և նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան՝ վեց ամիս հետո:

Այնպես որ, խորհրդարանական ընդդիմությունը դատապարտված է ձախողման նաև այս հարցում։ Լավագույն դեպքում կարող են խորհրդարանի գործունեության այս ընթացքում վեց ամիսը մեկ պարբերականությամբ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ, մերժվել ու վեց ամիս անց կրկին փորձել։