Վերլուծություն

Ընդդիմադիր դաշտում դատարկություն է. ինչո՞վ կլցվի այն

Հաշվի առնելով հրապարակի՝ հետզհետե նվազող ակտիվությունը, Իշխան Սաղաթելյանի արած հայտարարությունը և դրան հաջորդած՝ Ֆրանսիայի հրապարակի ապաբլոկավորումը, կարելի է պնդել, որ իշխանափոխության մեծ-մեծ խոստումներ տված ուժերը, առնվազն այդ նպատակի համատեքստում, հանգեցին ֆիասկոյի։ Ընդ որում, այդ ձախողումն այնքան խորն է և համապարփակ, որ վերջին հայտարարությունից դեռ օրեր առաջ այս շարժման «առաջնորդները» սկսել էին ճողոպրել՝ ով ոնց կարող է և ինչքան հեռու կարող է։ Նպատակը մեկն էր՝ չլինել բեմում և հնարավորինս քիչ ասոցացվել պարտության հետ։ Սերժ Սարգսյանի թեթև ակնարկով պարտության մանյակը կախվեց Իշխան Սաղաթելյանի վզից։

Շարժումը իր որևէ նպատակի ի վիճակի չեղավ հասնել՝ անկախ հորինված հաջողությունների մասին հայտարարություններից։ Ավելին, այն մեծագույն հաջողությամբ ջարդել է հենց սեփական քաղաքական հենարանը։ Վերջին գործողությունների տարերային անկազմակերպվածությունը, ցածր պատրաստվածությունը, նույնպիսի կատարողական տեխնիկան ու առաջնորդների՝ հրապարակը պահելու «տաղանդավոր» վարքը կոտրեցին «հարց լուծող ուժի» տեսիլքը։ Թերևս չափազանցություն չի լինի՝ ասել, որ հրապարակում տեղի ունեցավ մի քանի կուսակցությունների մի ողջ սերնդի քաղաքական ինքնասպանություն։ Ընդդիմությունը նախկինում էլ է, անշուշտ, կրել պարտություններ, բայց այդ պարտություններն էականորեն պայմանավորված են եղել իշխանության դաժան բռնություններով, անօրինականություններով և ընտրակեղծարարությամբ։ Սակայն այս դեպքում գործ ունենք հանրային բացարձակ անտարբերությամբ և իշխանության զրոյական բռնությամբ արձանագրված ձախողման հետ, որն իր որակական մակարդակով խիստ տարբերվում է նախորդներից՝ համալրելով պատերազմից հետո ՀՓՇ հորջորջվածի ձախողումների շարքը։ Կարելի է անգամ պնդել, որ այս ձախողումն արդյունք էր հասարակության բացասական վերաբերմունքի։

Այս ամենի արդյունքում դատարկվել է ոչ միայն Ֆրանսիայի հրապարակը կամ, պայմանական ասած, փողոցը, այլև՝ քաղաքական դաշտը։ Քաղաքական դաշտում այժմ, ըստ էության, ներկա է միայն իշխանությունը։ Սա հակաբնական և խիստ վտանգավոր իրավիճակ է։ Հակաբնական, քանի որ քաղաքականության մեջ վակուում չի կարող լինել. այն միշտ և շատ արագ լրացվում է։ Այլ հարց է՝ ինչպես։ Լավագույնը կլիներ այն, որ շատ արագ տեսնեինք նոր քաղաքական հայտեր։ Քանի որ առկա քաղաքական խմբերի, արտախորհրդարանական ուժերի մեծ մասը կամ չեն կարողանում (չունեն ֆինանսական, մարդկային, ինտելեկտուալ և այլ ռեսուրսներ), կամ չեն ուզում այդ հայտը ներկայացնել, տարբերակները դառնում եմ բավականին սակավաթիվ։

Լավ կլիներ, որ հիմնականում աջ հոսանքում գործող ու խիստ բաղդատված երիտասարդ քաղաքական ուժերը վերջապես իրենց մեջ ուժ գտնեին՝ գնալու աջ ուժերի միասնական դաշինքի ճանապարհով։ Այդ դաշինքը կունենար անհրաժեշտ ներուժ՝ ճիշտ աշխատանքի պարագայում դառնալու քաղաքական բևեռ, լցնելու ստեղծված վակուումը և փոփոխություններ բերելու Հայաստանի քաղաքական դաշտում։ Վատ տարբերակն այն է, որ հիմնականում ռուսահայ օլիգարխիկ կապիտալի հիման վրա ստեղծվող ուժերը, ունենալով անհամեմատ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ և արդեն իսկ գրանցված որոշակի հաջողություններ, այժմ ձգտելու են իրենցով լցնել քաղաքական դաշտի բաց հատվածը։ Սա, որակական իմաստով, Հայաստանի քաղաքական դաշտը վերադարձնելու է առնվազն 4 տարվա վաղեմության վիճակի՝ միայն այն տարբերությամբ, որ կդադարի ակտուալ լինել նախկիններ-ներկաներ բաժանումը՝ որպես հետևանք է՛լ ավելի ուժեղացնելով ռուսական ֆավորիտներին։

Ամենավատ տարբերակն ուլտրանացիոնալիստական իռացիոնալ և մանիպուլյացիաների վրա հիմնված ուժերի ինքնիրագործումն է։ Այս ուժերը մշտապես իրենց խոսույթը տարածում են ծայրահեղ ամբոխահաճ, իրականությունից կտրված ու Հաաստանի համար խիստ վտանգավոր հարթության մեջ։ Հայաստանի քաղաքական դաշտում այդպիսիների՝ կայուն տեղ զբաղեցնելը կբերի նոր սերնդի դաշնակցության ֆենոմենի՝ վնասելով թե՛ Հայաստանի քաղաքական դաշտին, թե՛ ավելացնելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։

Այսպիսով, առաջացած վակուումը ստեղծել է ինչպես հնարավորություններ, այնպես էլ՝ ռիսկեր, և, թերևս, չափազանցություն չի լինի՝ ասել, որ մինչ այժմ հիմնականում կուլիսում գտնվող քաղաքական ակտորներից է կախված իրավիճակի հետագա զարգացումը։