Վերլուծություն

Կրիպտոարժույթի շուկան՝ խոշոր տատանումների մեջ

Ավելի քան մեկ ամիս է՝ կրիպտոարժույթի համաշխարհային շուկան հայտնվել է խոշոր տատանումների շրջափուլում։ 

Նախորդ ամիսներին կրիպտոարժույթի շուկայում ստեղծված հարաբերական կայունությունը խախտվեց Terra-ի անկմամբ, որի կրպիտոարժույթը՝ Luna-ն, շուրջ 100 դոլարից անկասելի ձախողում ունեցավ՝ հասնելով 0.0006 դոլարից էլ նվազ վիճակի։ Նման մասշտաբի անկումը կրիպտոարժույթի շուկայում հաճախ հանդիպող երևույթ չէ, հետևաբար իր հերթին բերեց շղթայական անկման։ Կրիպտոարժույթի շուկայի ամենակայուններից մեկը համարվող Luna-ն, որը հիմնված էր Terra տոկենի վրա և, ըստ էության, փակցված էր դոլարի փոխարժեքին, չկարողացավ դիմանալ շուկայական ալիքին ու ամբողջովին արժեզրկվեց։ Բազմաթիվ մարդիկ բառի բուն իմաստով կորցրին իրենց ունեցվածքը։ Luna-ի հիմնադիր Դու Կուոնը փորձեց կրպիտոարժույթին նոր կյանք հաղորդել՝ ստեղծելով նոր Luna-ն՝ նախորդը դարձնելով Luna Classic, սակայն սկզբնական լավատեսությունը ներկայումս կրկին խաթարված է՝ նկատի ունենալով, որ նախնական արժեքը ավելի քան 7 դոլարից ընկել է 3-ից էլ նվազ վիճակի։

Եվ ահա մի քանի օր է, ինչ կրպիտոարժույթի համաշխարհային շուկան նոր անկում է արձանագրել։ Bitcoin-ը 29-31 հազար դոլարից արժեզրկվել է մինչև 21-23 հազար՝ իր հետ վար ձգելով նաև մյուսներին, այդ թվում՝ Ethereum -ին, Solana-ին, BNB-ին, ApeCoin-ին և այլն։ Ստորև տրված պատկերը ցույց է տալիս, թե որքան են եղել ամենահայտնի կրիպտոարժույթները իրենց բարձրակետում` 2021թ. նոյեմբերին, և ինչ արժեն այսօր։

  • Bitcoin - 68.000 $
  • Ethereum - 4.426 $
  • BNB – 677 $
  • Solana - 259 $
  • Luna (Classic) – 119 $ (2022 ապրիլ)

Ներկայումս՝

  • Bitcoin - 19-21.000 $
  • Ethereum - 1000-1100 $
  • BNB – 200-210 $
  • Solana - 28-31 $
  • Luna (Classic) – 0.0005-0.0007 $ 

Կրիպտոարժույթի անկայունության նոր փուլը սկսվեց մայիսին ԱՄՆ-ում «Սպառողական գների ինդեքսի» զեկույցից, որ համաշխարհային շուկայում առաջացրեց հերթական գնաճային շոկը: Ակնկալվում է, որ գնաճն իր հետ պետք է բերի ֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացմանը և շղթայական անխուսափելի բացասական հետևանքներ ունենա ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլև կրիպտոարժույթի շուկայի վրա։ Կրիպտոարժույթների գնի նվազման հետ ուղիղ կապված է և այն, որ տվյալ շուկայի ընդհանուր կապիտալիզացիան 2021թ. փետրվարից ի վեր առաջին անգամ իջել է 1 տրիլիոն դոլարից` հասնելով 977 միլիոն դոլարի:

Փորձագետները նշում են, որ կրիպտոարժույթի գների անկումը վկայում է ներդրողների զգուշավորության մասին՝ ռիսկի չենթարկվելու միտումով։ Ըստ մասնագետների՝ նրանք զգուշանում են ռիսկային քայլերից. «Կրիպտոարժութային շուկան վերջին մի քանի ամիսների ընթացքում գտնվում է ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգի ճնշման տակ, երբ գնաճի դեմ պայքարելու համար բարձրացվեցին տոկոսադրույքները: Bitcoin-ը, Ethereum-ը և կրիպտոարժույթների մեծ մասը կորուստներ են կրել՝ ԱՄՆ-ում գնաճի՝ 40 տարվա առավելագույնին հասնելուց հետո»։ 

Մինչև վերջերս, Bitcoin-ը համարվում էր վստահելի արժեք, որը էականորեն պաշտպանված էր ակտիվների արժեքի ռիսկային տատանումներից: Դա այլևս այդպես չէ: Այսօր Bitcoin-ը և կրիպտոշուկան ավելի լայնորեն են ազդվում տնտեսական երևույթներից, ինչպիսիք են գնաճը, ֆոնդային շուկաները և ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականությունը:

Bitcoin-ի առևտրով զբաղվողների համար շուկայի այսպիսի տատանումը նորություն չէ։ Հիշենք, օրինակ, որ դրա գինը 2017-2018 թվականներին ընկել էր ավելի քան 80%-ով։ Բայց դա տեղի ունեցավ մինչ խոշոր կորպորացիաները, ինչպես օրինակ՝ Fidelity, PayPal և այլն, միլիարդավոր դոլարներ ներդրեցին կրիպտոարժութային խաղի մեջ մտնելու համար: Թե այժմ ի՞նչ է սպասվում կրիպտոարժույթի շուկային և որո՞նք են վերականգնման միջոցները, մասնագիտական շրջանակներում կարծիքները խիստ տարբերվում են՝ սկսած կարճաժամկետ հոռետեսական կանխատեսումներից, մինչև երկարաժամկետ հուսադրող ակնկալիքներ։