Վերլուծություն

Ի՞նչ է սպասում Ռուսաստանի տնտեսությանը. վերադարձ 90-ականներ ու պրիմիտիվացիա

Ուկրաինական պատերազմն ու ռուսական ագրեսիան հանգեցրին Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի աննախադեպ սանկցիաների՝ հարվածելով նրա ֆինանսական համակարգին, ռուբլին դարձնելով մեխանիկորեն կոնվերտացվող արժույթ՝ Ռուսաստանը, կարծես, ետ շպրտելով 1990-ականների սկիզբ։ Եթե Իրանը 1979թ. հեղափոխությունից հետո մոտ 40 տարի փուլ առ փուլ պատրաստվել, ադապտացվել ու առերեսվել էր արևմտյան պատժամիջոցներին, ապա Ռուսաստանը այդ նույն ճանապարհն անցել է երեք շաբաթում։ Ռուսական տարբերակն իսկական շոկային թերապիա էր՝ թե՛ ռուսական, թե՛ եվրոպական ու համաշխարհային տնտեսությունների համար։

Ի պատասխան այդ պատժամիջոցների՝ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին արևմտյան ապրանքների ու տեխնոլոգիաների փոխարինման, ինքնաբավ տնտեսական մոդելի անցման ու տեղական արտադրողների համար նոր հնարավորությունների ստեղծման մասին։ Սակայն այդպիսի խոսակցությունները փաստացի վերադարձ են 1990-ական թվականներ կամ, ինչպես որոշ հետազոտողներ են անվանում, «ՆԷՊ 2.0» (ՆԷՊ – Նոր տնտեսական քաղաքականություն, ռուս.՝ Новая экономическая политика)։ Պարզապես, ի տարբերություն ՍՍՀՄ-ի, որը ինքնակամ էր մեկուսացել և փակել իր շուկան արտաքին աշխարհի առջև, Ռուսաստանն այդ ճանապարհով գնում է ճարահատյալ։ ՆԷՊ-ն իրենից ենթադրում էր ուժեղ կենտրոնական իշխանություն, որն ամեն կերպ «պետականացնում էր» խոշոր ձեռնարկությունները, կլանում հարուստներին, բայց տարրական կյանքի ապահովման համար թույլ էր տալիս մանր ու միջին ձեռնարկությունների ու առևտրի կիսալեգալ գործունեությունը։

Պետք է հասկանալ, որ  գլոբալ աշխարհի տնտեսական մոդելում ներմուծման ցանկացած փոխարինում ենթադրում է արդյունավետության որոշակի կորուստ։ Այս քաղաքականությունը կարող է օգտակար լինել, եթե երկիրը ինչ-որ կերպ շահագրգռված է կոնկրետ, ոլորտային արդյունաբերության զարգացմամբ, և, միգուցե, մեկ ոլորտում այն կարող է աշխատել: Բայց այն չի կարող միաժամանակ աշխատել բոլոր ոլորտների համար: Երկիրը կարող է ինքնաբավ լինել միայն զարգացման շատ ցածր մակարդակի վրա՝ շատ ավելի ցածր, քան ձեռք էր բերվել Ռուսաստանում պատերազմի մեկնարկից առաջ:

Պատկերացրեք, որ ձեր ընտանիքը դարձել է «ինքնաբավ»: Բոլոր հիմնական ապրանքները՝ սնունդն ու հագուստը, արտադրվում են ընտանիքի անդամների կողմից: Մի կողմից, դա միանգամայն հնարավոր է անել. բոլորը կարող են միրգ և բանջարեղեն աճեցնել, աճեցված հացահատիկից մակարոնեղեն և խմորեղեն պատրաստել, մսի համար հավ և խոզ բուծել և այլն։ «Ռոբինզոն Կրուզոյում» տնտեսության այսպիսի պրիմիտիվացումը մանրամասն նկարագրված է. յուրաքանչյուր ընտանիք կարող է դա անել: Բայց նրանք, որոնք կզբաղվեն սննդի արտադրությամբ, այլ բան չեն կարողանա անել և կենտրոնանալու են միայն այդ առօրյա՝ կենցաղային գործի վրա, այսինքն՝ ընտանիքի ՀՆԱ-ի կորուստները կլինեն և՛ սննդի, և՛ մնացյալ գործողությունների տեսքով։ Պետությունը, տնտեսությունը և քաղաքացիները «ինքնաբավության» համար ստիպված կլինեն շատ թանկ վճարել։ Ներմուծման փոխարինումը կատարվում է, առաջին հերթին, ամենահիմնական ապրանքների արտադրության միջոցով, ի հետևանս՝ տնտեսությունն ամբողջությամբ դարձնելով պարզունակ։ Պետության ռեսուրսներն առաջադեմ արդյունաբերությունից ուղղվում են դեպի այն ճյուղերը, որոնք ապահովում են քաղաքացիների մինիմալ գոյատևումը և առաջին անհրաժեշտության ապրանքների ինքնաբավությունը:

Եվ սա ոչ թե տնտեսության կառուցվածքային վերակառուցում է՝ «ներկրման փոխարինման միջոցով պրիմիտիվացման» ու ներմուծման անհետացման տեսքով, այլ՝ պարզունակացում։ Նույնքան կարևոր է, որ բացակայող բաղադրիչը փոխարինելու ամենահեշտ ձևն առանց դրա ապրելն է: Օրինակ, միջազգային ավտոարտադրողների՝ Ռուսաստանից դուրս գալուց հետո, ռուսական խոշոր ավտոարտադրողներից՝ Lada-ն հայտարարեց, որ դիլերների մոտ սպառվել են ավտոմատ փոխանցման տուփով մեքենաները, և դրանք չեն սպասարկվելու առաջիկա 1-2 տարում։ Նույնը տեղի կունենա մեքենաների, ավտոմատացման և էլեկտրոնիկայի դեպքում. երբ ներմուծում չկա, էլեկտրոնիկան պարզապես չի կիրառվում։ Արդյունքում՝ ամբողջական ոլորտներ վերադառնում են «նախնադար»:

Որպես արդյունք՝ անհրաժեշտ ապրանքը ոչ թե անհետանում է, այլ դառնում ավելի պրիմիտիվ։ Այս գործընթացը «ինքնաբավության» անցնելու ժամանակ տեղի է ունենում ամենուր։ Ավելի որակյալ ու հուսալի ապրանքների փոխարեն հայտնվում են նվազ որակի ու հուսալիության ապրանքներ։ Օրինակ, ռուսական արտադրության ինքնաթիռները՝ Sukhoi Superjet-երը, փոխարինում են տեխնոլոգիապես առավել զարգացած Boeing-ներին և Airbus-ներին։

Նկարագրվածը մոտակա 5-10 տարվա ամենահավանական սցենարն է, եթե արևմտյան երկրները չչեղարկեն պատժամիջոցները։ Ռուսաստանը ստիպված կլինի ադապտացվել իրավիճակին՝ տեխնոլոգիապես շատ ետ չմնալու համար վերադառնալով ոչ միայն ՍՍՀՄ ապրելակերպի տրամաբանությանը, այլև գործողություններին՝ տարբեր ոչ ստանդարտ միջոցներով փորձելով շրջանցել պատժամիջոցները կամ ձգտել սև շուկայից «գողանալ» անհրաժեշտ «տեխնոլոգիաներ»։ Երկու դեպքում էլ տեխնոլոգիական ճեղքը՝ մոլորակի երկու աշխարհագրական ու աշխարհաքաղաքական հատվածների միջև, անխուսափելիորեն մեծանալու է՝ նոր, այդ թվում՝ անվտանգային մարտահրավերների պոտենցիալով։