Հունիսի 3-ին Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը։ 10-րդ հոբելյանական նիստը առիթ է՝ անդրադառնալու այս աշխատանքային ֆորմատին, դրա գրանցած արդյունքներին ու նպատակներին և այդ ամենի վերաբերյալ հանրային անելիքներին։ Առաջին և կարևոր արձանագրումն այն է, որ լարվածության մակարդակը որոշակի իջել է, ու սահմանային բախումներ գրեթե չկան։ Ինքնին բանակցային գործընթացը լավ է, ինչքան այն ավելի ակտիվ ու հաջողած լինի, այդքան կոնֆլիկտի վերսկսումը պակաս հավանական է։ Իհարկե, սա չի նշանակում, որ ինքնանպատակ կամ սխալ տարվող բանակցային գործընթացը կարող է լավ լինել։ Կարևոր է, որ Հայաստանն այժմ չի առաջնորդվում այն գավառական խորամանկությամբ, որը կար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ Ասել է, թե՝ գնալ բանակցել մի բան, իսկ Հայաստանում կոմունիկացնել ու սերունդներ կրթել բացարձակապես այլ հարթության մեջ՝ նպատակ ունենալով հավերժ վերարտադրել ստատուս քվոն։
Ակնհայտ է, որ կա ակտիվ դիվանագիտական օրակարգ ու աշխատանք։ Ենթադրելի է, որ աշխատանքն ընթանում է երկու առանձին թեմաների շուրջ՝ տնտեսական ենթակառուցվածքների բացազատում և հարաբերությունների կարգավորում։ Եթե առաջինում, այս պահի դրությամբ, պայմանավորված նաև աշխարհաքաղաքական գործընթացներով, հնարավոր է կանխատեսել որոշակի առաջընթաց, ապա երկրորդը շատ ավելի խնդրահարույց է։ Այնուամենայնիվ, Հայաստանի առաջնահերթություն պետք է լինի հարցերը փուլային սկզբունքով լուծելու տարբերակը և, որպես դրա առաջին փուլ, Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն ու սահմանագծումը։
Հասարակության անելիքների մասին խոսելիս՝ նախ հարկավոր է արձանագրել հասարակության հետ հաղորդակցության անբավարար մակարդակը։ Հայաստանի ուժեղ կողմը լեգետիմ և ժողովրդավար իշխանություն ունենալն է։ Մինչդեռ սեղանի շուրջ նստած մյուս խաղացողները նույն պնդումը հազիվ թե կարողանան անել իրենց մասին։ Բայց չի կարելի թույլ տալ, որ այդ խաղացողների հաղորդակցության մեթոդները գերակշռեն։ Հասարակության հետ ամեն խնդիր պետք է հաղորդակցել ու վստահ լինել, որ հասարակությունը տարբերվում է ամբոխից ու, ինչպես հին իմաստնությունն է ավետում, իմաստուն է։
Հասարակությունը պետք է հանրային քննարկման դաշտից դուրս մղի սենտիմենտալ, ռևանշիստական, աճպարարական ու ինֆանտիլ ողջ խոսույթն ու դրա կրողներին։ Հարկավոր է արցախյան թեմատիկան ամբողջապես տեղավորել ռացիոնալի, հաշվարկի ու աշխատանքի դաշտում։ Հայրենասիրության, պատմական արդարության ու թափված արյան վրա ձեռք տաքացնող ահել ու ջահել գործիչները և գավառական «շուստրիություն» առաջարկողները պետք է հասարակության կողմից արհամարհվեն ու մարգինալացվեն։ Իշխանությունը պետք է զգա, որ մանդատ ունի՝ հարցի կարգավորմանը հիմա գնալու, և իրեն խոսակից դարձնի ոչ թե ամբոխախոսներին, այլ հարցերի վերաբերյալ բովանդակային դիսկուսիա ծավալողներին։
Բազմիցս է ասվել, որ բանակցային գործընթացին զուգահեռ պետք է ակտիվորեն զբաղվել իքնապաշտպանական կարողությունների կարգավորմամբ ու ավելացմամբ, ու դա, անխոս, ամբողջովին պետական տիրույթում է։ Բայց ստեղծված իրավիճակում հասարակությունը կարող է և պետք է զինվի. այս առումով կարևոր քայլ է զենքի ազատականացման գործընթացի մեկնարկը։