Վերլուծություն

Բրյուսելն ու Մոսկվան Լեռնային Ղարաբաղը դարձրել են կռվախնձոր

44-օրյա պատերազմից հետո ընթացող բանակցային գործընթացն էականորեն տարբերվում է նախկինում ծավալվածից՝ մի շարք բաղադրիչներով։ Այդ համատեքստում ուշագրավ է միջնորդների որդեգրած նոր մոտեցումների հարցը։ Դեռևս պատերազմից հետո պարալիզացվել էր Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը։ Մինսկի խմբի ձևաչափն է՛լ ավելի է լռեցվել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Հավաքական Արևմուտքն ու Ռուսաստանը որևէ հարցում այլևս չեն աշխատում միմյանց հետ։ Այս ամենի հետևանքով միջնորդական առաքելությունը հայտնվել է պարադոքսալ վիճակում, երբ առաջ են եկել, ըստ էության, ինքնահռչակ միջնորդական առաքելություններ։ Ընդ որում, կարելի է պնդել, որ գոյություն ունեն երկու զուգահեռ, միմյանցից անկախ միջնորդական առաքելություններ և բանակցային ֆորմատներ՝ բրյուսելյանը և մոսկովյանը։

Այս երկու հարթակները չեն լրացնում միմյանց, չեն գործում միևնույն գործընթացի տրամաբանության մեջ, հակառակը՝ մրցակցում և գործում են բացառիկության սկզբունքով։ Սա իր մեջ պարունակում է լրջագույն մարտահրավերներ։ Երկու հարթակների միջև արդեն իսկ ձևավորվել է որոշակի մրցակցության մթնոլորտ։ Դրա ամենացցուն օրինակը միմյանց երկրորդող որոշումներն են՝ կապված սահմանազատման գործընթացի հետ։ Երկու հարթակներում էլ ձեռք է բերվել փորձագիտական ներգրավվածության մասին պայմանավորվածություն։ Այսինքն, արդեն իսկ կան եվրոպացի ու ռուսաստանցի փորձագետների մասնակցության ու, համապատասխանաբար, երկու՝ միմյանցից անկախ գործընթացներ կազմակերպելու հայտեր։ Սա լուրջ խնդիր է, որը ոչ միայն հղի է գործընթացը կասեցնելու վտանգներով, այլև՝ իրավիճակն էսկալացնելու ռիսկով։

Բանակցային գործընթացը կարող է դառնալ Արևմուտք-Ռուսաստան առճակատման նոր՝ հերթական հարթակը։ Այստեղ երկու միջնորդների համար էական է լինելու ոչ թե այն, թե կոնֆլիկտի լուծումն ինչպես կտրվի, այլ՝ թե ով կստանձնի միջնորդի դերը, կտանի կոնֆլիկտը լուծման կամ ճահճացման փուլ, այլ կերպ ասած՝ ով կտիրի կոնֆլիկտի բանալիներին։ Այս մրցակցության մեջ կողմերն ունեն ինչպես մեկնարկային առավելություններ, այնպես էլ թերություններ։

Մոսկովյան հարթակի հիմնական առավելությունն այն է, որ այն ներկա է կոնֆլիկտի գոտում՝ դաշտում, հողի վրա, և տարածաշրջանը Ռուսաստանի համար ունի առաջնակարգ նշանակություն։ Սակայն Ռուսաստանը թուլանում է թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես և զիջում է իր գլոբալ դիրքերը, ինչը չի կարող ազդեցություն չունենալ նաև տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության որակի ու քանակի վրա։ 

Բրյուսելյան հարթակի հիմնական առավելությունը գլոբալ գերակայությունն է հիմնական աշխարհաքաղաքական կոնֆլիկտներում։ Հիմնական խնդիրը՝ տարածաշրջանում, դաշտային պայմաններում անբավարար ներկայությունը և տարածաշրջանի օժանդակ դերը Արևմուտքի հիմնական խնդիրների կողքին։

Հայաստանը, հայտնվելով բրյուսելյան և մոսկովյան հարթակների աճող մրցակցության արանքում, բախվելու է նոր փորձությունների, բայց և ունենալու է որոշ հնարավորություններ։ Հայաստանին ներկա պահին անհրաժեշտ են փուլային, քայլ առ քայլ լուծումներ, ինչի առավել հավանական աջակցողը Արևմուտքն է՝ այն պարզ պատճառով, որ խնդրի՝ անգամ մասնակի լուծումը ձեռնտու չէ Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը դեռևս պահպանում է գերիշխող դիրքերը կոնֆլիկտին «տիրելու» հարցում, և Հայաստանը չի կարող դեմ դուրս գալ ռուսական հարթակին։

Այժմ, այս բարդ իրավիճակում, հայտնվելով երկու ուժային կենտրոնների արանքում՝ Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն ապահովել երկրի ներքին կայունությունը, հինգերորդ շարասյան չեզոքացումը, պահպանել սառնասրտությունը, ճանաչել սեփական իրական կարիքներն ու հնարավորությունները, չկտրվել իրականությունից ու հասնել հնարավոր առավելագույնին։