Վերլուծություն

Ընդդիմությունը հիմա էլ «ջախջախում» է ԱՄՆ դեսպանին

Հինգշաբթի ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօրվա հարցազրույցում վերահաստատել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ժողովրդավարական արժեքներն են ու այն ապագան, որն ընտրել է հայ ժողովուրդը 2018թ. և վերահաստատել 2021թ. ընտրություններով։ Հարցազրույցի այս հատվածը հարուցել է հրապարակի ընդդիմության բուռն արձագանքը՝ համեմված անզուսպ դժգոհությամբ։ Ընդդիմության արձագանքն այդ հայտարարությանը, թերևս, ի ցույց է դնում պետականության, պետական շահերի և երկրի միջազգային վարկանիշի, հեղինակության նկատմամբ նրանց վերաբերմունքը։ 

Այսպես, Թրեյսին խոսում է ՀՀ-ի մասին, ոչ թե առանձին անհատների կամ թեմաների։ Դեսպանի մոտեցման տրամաբանությունը կառուցված է հենց այն իրողության վրա, որ 2018թ. հեղափոխությունը իրականացվել է ժողովրդի ձեռամբ։ Եվ պակաս կարևոր չէ, որ 2018թ. հեղափոխության իրականացման գործընթացում արտաքին միջամտություն չի եղել։ Սա պակաս կարևոր դետալ չէ, քանզի դեսպանի հայտարարության արձագանքներում ընդդիմությունը չի կարող հետահայացորեն այն կապել հեղափոխությանը արտաքին միջամտության հետնախորքերում։ Ընդդիմության անթաքույց «խանդի» իրական պատճառներից է, թերևս, այն, որ 2018թ. համաժողովրդական շարժումը առաջնորդեց և 2021թ. ընտրություններում էլ դա վերահաստատեց ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմության նյարդերին հարված էր այն, որ դեսպանը իր հարցազրույցը տվեց ընդդիմության փողոցային պայքարի ընթացքում։ Փողոցում Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության հանրային աջակցության բացակայության պայմաններում է ԱՄՆ դեսպանը անում նման հայտարարություն։ Ընդդիմադիրները սա ընկալում են ոչ պատահական, այն է՝ իրենց բողոքի ակցիաների «թեժ» փուլում գերտերության դեսպանը աջակցություն է հայտնում 2018թ. հեղափոխության արժեքները և հռչակած գաղափարները կենսագործելու՝ ՀՀ կառավարության քաղաքականությանը։ 

Մինչդեռ Թրեյսին չի արել որևէ արտառոց բան։ Լինելով արևմտյան ժողովրդավարության առաջատար երկրի՝ ԱՄՆ-ի դեսպանը Հայաստանում, պատրաստակամություն է հայտնել աջակցելու ժողովրդի կամքի արտահայտություն հանդիսացող հեղափոխության արժեքների պաշտպանությանը։ Անկասկած, դեսպանը նույնակերպ հանձնառության պատրաստակամություն կհայտներ նաև այն դեպքում, եթե նորից տեղի ունենար համաժողովրդական նոր հեղափոխություն։ Բայց 2021թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին ժողովրդի կամքի կայունությունը։ 

Եվ հենց այս իրողության գիտակցումն է ընդդիմության ներկայացուցիչների ջղաձիգ արտահայտությունների և հայտարարությունների պատճառներից մեկը։ Առավել հատկանշական է դաշնակցական Գեղամ Մանուկյանի հայտարարությունը՝ «հավաքվել ենք եվրոպացիներին ասելու, որ Հայաստանում իրենց պարտադրած ժողովրդավարությունը չկա»։ Մանուկյանի տեքստում բանալի բառերը «եվրոպացի» և «պարտադրած ժողովրդավարությունն» են։ Միգուցե, Մանուկյանը ապարդյուն փորձի հիմնավորել, թե ինչպես են պարտադրել ժողովրդավարություն։ Մանուկյանը, կարծես թե, անտեսում է ժողովրդի մշակութային և քաղաքակրթական հարուստ ժառանգությունը, մտածում, որ հայ հանրության քաղաքական-մշակութային կերպին խորթ է ժողովրդավարությունը, և դա կարելի է միայն պարտադրել։ 

Հայաստանյան ընդդիմության այս արձագանքին զուգահեռ տարածվեց մեկ այլ հաղորդագրություն՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է անում հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Հանձնախմբի հայտարարությունը բազմաթիվ հարցերի և ոչ միանշանակ եզրահանգումների լայն դաշտ է բացում։ Կոչում դեսպանը մեղադրվում է «վատ ցուցանիշներ» գրանցելու մեջ։ Լին Թրեյսիի դիվանագիտական անկարողությանն է վերագրվել ԱՄՆ կողմից արցախցի փախստականներին շոշափելի օգնության բացակայությունը, «հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմը», ՀՀ անվտանգության և տարածաշրջանային դիրքերի հետագա բարդացումը, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ձերբակալությանը և անմարդկային վերաբերմունքին «ողջամտորեն» արձագանքելու անկարողությունը։ Նախ, առաջանում է լեգիտիմ հարց՝ Հանձնախումբը իր վկայաբերած խնդիրները ինչու՞ է բարձրաձայնում հիմա։ Մինչ այս, դրանք չկայի՞ն, թե՞ նկատելի չէին։ Հանձնախմբի հայտարարության տեքստում առանձնանում է մեկ հատված՝ «հայկական քաղաքական ուժերի նկատմամբ ֆավորիտիզմ»։ Գրեթե կասկած չունենք, որ հենց դա է կոչ-հայտարարության գլխավոր շարժառիթը։ Մնացյալ կետերը բավական վիճելի են, ինչու ոչ՝ անհասցե։ Ժամանակագրական առումով գործընթացները զուգահեռ են։ Պատահական չէ հայտարարությունների, արձագանքների այս ողջ շղթան։ ԱՄՆ դեսպանը աջակցության պատրաստակամություն է հայտնել Հայաստան պետությանը, ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի։ Միգուցե, միամտություն ունենանք՝ կասկածելու ընդդիմության քաղաքագիտական պարզագույն գիտելիքներին, որը, կարծես թե, չի տարբերակում պետությունը իշխանությունից և ակամայից նույնականացնում է դրանք։ Սա հասցեագրելի է նաև Հայ դատի հանձնախմբին, որը իր մոտեցմամբ շարունակում է ՀՅԴ-ի հայաստանյան կենտրոնի քաղաքական հռետորաբանությունը և կողմնորոշումները։ 

Եվ, ի վերջո, կարո՞ղ ենք մտածել, որ ԱՄՆ դեսպանի հարցազրույցի առանձին հատվածներ այդպես ջղաձգել են ընդդիմադիրներին, քանի որ դրա հեղինակը ներկայացնում է իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումների հասցեատեր պետությանը հակադիր գերտերություն։ Հարցերը և եզրակացությունները բազմաթիվ են, ընդդիմության պատասխանները` աղքատիկ, ըստ էության, անգո։