ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին պարտաճանաչ կերպով մասնակցում է ընդդիմության կազմակերպած ակցիաներին։
Քոչարյանը ներկա է Ֆրանսիայի հրապարակի գրեթե բոլոր հանրահավաքներին, նաև՝ մասնակցում է երթերին, լուսանկարվում հավաքված քաղաքացիների հետ։
Ընդդիմության միջոցառումներին Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է շարքային ցուցարարի կարգավիճակում. նա այդպես էլ չի բարձրանում հարթակ, ելույթ չի ունենում։ Թեև ակնհայտ է, որ, ըստ էության, հենց նա է ընդդիմադիր այս շարժման իրական առաջնորդը՝ ընդդիմության վարչապետացուն, որքան էլ ընդդիմադիրները չկոնկրետացնեն, թե իշխանափոխության հասնելու դեպքում ո՞ւմ են տեսնում պետության ղեկավարի դերում։ Բայց մի կողմ թողնենք այդ հանգամանքը։
Քոչարյանի՝ շարքային ցուցարարի կամ ակտիվիստի կարգավիճակով բողոքի ակցիաներին մասնակցելն ուշագրավ է մեկ այլ առումով։
Երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2007թ. սեպտեմբերի 21-ին, խախտելով երկարամյա լռությունը, ելույթ ունեցավ՝ իշխանություններին բնութագրելով «վերից վար կոռումպացված, հանցագործ վարչակազմ», Ռոբերտ Քոչարյանը շտապեց արձագանքել՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով հետևյալը. «Երևի նկատել եք, որ այս տասը տարիների ընթացքում երբեք առաջին նախագահի մասին բան չեմ ասել: Գիտե՞ք ինչու: Համարում եմ, որ առաջին նախագահը խորհրդավորության ինչ-որ հանգամանքներում պետք է լինի՝ մեր պետականության հիմնադրման հետ կապված։ Որոշ խորհրդավորական պահեր պետք է լինեն այստեղ, և այդ պատասխանատվությունը պետք է զգա, առաջին հերթին, հենց ինքը՝ առաջին նախագահը: Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ՝ այս ամենից բխող հետևանքներով: Եվ, ստիպված, շատ և շատ բաներ հիշեցնելու ենք»։
Հիմա, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն, իր իսկ խոսքերով, վերածվել է շարքային ընդդիմադիր գործչի, ավելին՝ շարքային ցուցարար-ակտիվիստի։ Ընդդիմադիր գործիչը գոնե հրապարակային ելույթներ է ունենում և ինչ-որ գործողություններ անում։ Իսկ ինքը միայն երթերի ու ցույցերի է մասնակցում։ Այլ կերպ չես մեկնաբանի ստեղծված իրավիճակը. ինքը՝ Քոչարյանն է ժամանակին նման բնութագիր տվել և, փաստորեն, հայտնվել իր իսկ նշած կարգավիճակում։
Ճիշտ է՝ դեռ նրա պարագայում «այս ամենից բխող հետևանքներին» ականատես չենք եղել։ Միայն որդին՝ Լևոն Քոչարյանն է հասցրել փողոց փակելու համար երկու անգամ բերման ենթարկվել ոստիկանական բաժանմունք ու շատ արագ ազատ արձակվել։ Դեռ ավելին՝ անգամ գլուխ է գովել, թե բերման է ենթարկվել իր ուզելով, հակառակ դեպքում կարող էր խույս տալ բերման ենթրակվելուց։ Ստացվում է՝ Լևոն Քոչարյանը կարող է կամավոր չենթարկվել իրավապահ մարմնի ներկայացուցչին ու կամայականորեն չկատարել օրենքի և իրավապահի իրավաչափ պահանջը։ Եթե նա նման ցինիկ հայտարարություն հնչեցներ իր հոր՝ Քոչարյանի նախագահության ժամանակ, դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ՝ նկատի ունենալով «քոչարյանական բարքերի» փառահեղ էությունը, սակայն այսօր կրտսեր Քոչարյանի հայտարարությունը պարզ մարտահրավեր է, ամենաթողության ու լկտիության գործնական դրսևորում։
Վերադառնալով, սակայն Ռոբերտ Քոչարյանի դիրքին, կարելի է պնդել, որ նա ոչ միայն զոհն է դարձել իր «կառմային» ու հայտնվել «շարքայինների» շարքում, այլև շարքային ցուցարար-ակտիվիստից զատ ներկայումս համալրել է շարքային մեղադրյալի, կալանավորի, հիմա նաև՝ շարքային ամբաստանյալի շարքերը. սկզբում՝ Մարտի 1-ի գործով հասցրեց մի որոշ ժամանակ կալանավորված լինել, հիմա՝ կաշառքի գործն է։
Հետաքրքիր է, որ, ի տարբերություն Քոչարյանի, Սերժ Սարգսյանն առայժմ չի փորձում տեղավորվել շարքային ցուցարարի կարգավիճակում. նա Ֆրանսիայի հրապարակ է այցելում երեկոները՝ մասնակցելու տարբեր թեմաներով «դասախոսությունների», խորհրդավոր նայում է շուրջբոլորը և «նախագահական» բարձրությունից հեռանում իր շքախմբով։ Եվ, ընդհանրապես, Քոչարյանն ու Սարգսյանը կարծես անթաքույց մրցակցության մեջ են մտել՝ չկարողանալով զսպել իրենց հակասությունները։ Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է։
Արման Գալոյան