Արևմտյան ռազմական փորձագետների կարծիքով՝ Դոնբասի ճակատամարտը ռուսական բանակի վերջին խոշոր հարձակումն է։ Մոսկվայի տարբերակները Ուկրաինայի հետ պատերազմում գնալով նվազում են, իսկ մարտահրավերները՝ մեծանում։
Վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական բանակը Դոնբասի ուղղության հիմնական ռազմական գործողություններում չնչին առաջընթաց է գրանցել և ստիպված է եղել նահանջել Խարկովի ուղղությամբ։ Դրան զուգահեռ, տարբեր ուղղություններով շարունակվում են նաև ուկրաինական զինված ուժերի հակագրոհները։
Ռուսաստանը սպառել է հարձակողական գործողությունները շարունակելու ներուժը
Ռուսական բանակին, եթե նույնիսկ հաջողվի առաջ գնալ, ապա դրանք կլինեն միայն շատ փոքր առաջխաղացումներ ուկրաինական տարածքում, այն էլ, առավելապես, Սևերոդոնեցկի շրջանում։ Մինչդեռ, ռազմական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են զգալի կորուստներ կրել ուկրաինական կողմի հարձակողական գործողությունների հետևանքով։ Հատկանշական է, որ արդեն 2 շաբաթ է՝ պատերազմող երկու կողմն էլ չեն տալիս ռազմական գործողությունների զոհերի վերաբերյալ տվյալներ։ Մյուս կողմից՝ փաստ է, որ Դոնբասում ուկրաինական պաշտպանական գծերը մի քանի մասերի կտրելու՝ ռուսական բանակի բոլոր փորձերը մինչ այժմ ձախողվել են։
Փորձագետները վստահ են, որ ռուսական կողմը դոնբասյան հարձակմամբ ուժասպառ է լինում։ Եթե անգամ ռուսական ուժերին հաջողվի գրավել ուկրաինական նոր տարածքներ, դրանք թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական առումով առանցքային փոփոխությունների չեն հանգեցնի։ Միջազգային ռազմական վերլուծաբանները, ուսումնասիրելով ռուսական բանակի զինուժի հասանելի տվյալները, եկել են եզրակացության, որ այս պատերազմում Ռուսաստանի վերջին գրոհային ռեզերվներն են մասնակցում Դոնբասի գործողությանը։ Մինչև այդ էլ Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն հայտնել էր, որ մոտ 2500 ռուս պահեստազորայիններ մարզումներ են անցնում Բելգորոդի, Վորոնեժի և Ռոստովի մարզերում։ Դեռևս շաբաթներ առաջ պատերազմի հետազոտությամբ զբաղվող գերմանացի վերլուծաբաններն էլ հայտնել էին, որ Ռուսաստանը գրեթե սպառել է իր գերճշգրիտ հրթիռային պոտենցիալն ու պահուստները։
Արևմտյան այլ փորձագետներ, մասնավորապես՝ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտից (ISW), ենթադրել էին, որ ռուսական բանակի՝ Իզյում-Սլավյանսկ-Դեբալցևո գծի երկայնքով ուկրաինական ուժերի մեծ խմբավորումը շրջապատելու պլանն անիրատեսական է և դատապարտված անհաջողության, իսկ Ռուսաստանը, կարծես թե, սահմանափակվում է Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը շրջապատելու փորձով ու Լուգանսկի նախկին վարչական սահմաններ դուրս գալու ռազմական հեռանկարով։
Դե ֆակտո, ռուսական բանակի գլխավոր խնդիրը սպայական կադրերի ու զինված ուժերի ռեզերվների սուր պակասն է։ Այդ կապակցությամբ հատկապես ուշագրավ են Տաջիկստանից, Աբխազիայից և Սիրիայից ռուսական զորքերի՝ Ուկրաինա տեղափոխման մասին լուրերը։ Հետաքրքիրն այն է, որ այս բոլոր տարածքները «զգայուն» ռազմական կետեր են, ինչը նշանակում է, որ ռուսական բանակն այս պահին միանշանակ պատրաստ չէ տեսականորեն հնարավոր որևէ այլ ռազմական բախման և ամբողջ ուժերն ու պահուստները նետել է Ուկրաինա։
Ի՞նչ սպասել հիմա
Ռուսաստանը հիմա փաստացի երեք տարբերակ ունի՝ ռազմական էսկալացիա, նույն մարտավարության շարունակություն կամ դեէսկալացիայի ուղի։ Ընդ որում՝ էսկալացիա հնարավոր է միայն մոբիլիզացիայի միջոցով, թեկուզ՝ մասնակի։ Պետք է հաշվի առնել նաև, որ համընդհանուր մոբիլիզացիայի չհայտարարման ֆոնին ռազմական ուժերի և ռեզերվների ռոտացիա իրականացնելու տարբերակ ուղղակի չկա։ Այս իրավիճակում Ռուսաստանը չի կարողանա շարունակել պատերազմը՝ առնվազն այն տեմպով ու մասշտաբով, որ վարվել է մինչ այժմ։ Դատելով ռուսական իշխանությունների ներկա հայտարարություններից՝ առնվազն անիրատեսական և անհավանական է համընդհանուր մոբիլիզացիայի տարբերակը։ Տարբերակ է, օրինակ, անձնակազմի պակասի խնդիրը ժամկետայինների զինծառայության ժամկետը երկարացնելով լուծելու ճանապարհը կամ ստիպելը նրանց՝ կնքել զինվորական պայմանագրեր, մոբիլիզացնել կամավորներին կարճաժամկետ պայմանագրերով և այլն։ Սակայն նույնիսկ այս դեպքում, Ռուսաստանը դժվար թե կարողանա վերականգնել ուժերը նոր հարձակման համար և կարող է հույս դնել միայն օկուպացված տարածքների պաշտպանության վրա։
Պատային իրավիճակը, ըստ էության, բացառվում է։ Երկու կողմերն էլ որդեգրել են փոխադարձ հյուծման քաղաքականությունը. Ուկրաինան՝ Արևմուտքի օգնությամբ, Ռուսաստանը՝ սեփական ռազմական ուժի և ռեսուրսային բազայի։ Իրավիճակը ողբերգական է երկու կողմից էլ, թեև ներկա փուլում այն զարգանում է, ընդհանուր առմամբ, հօգուտ Ուկրաինայի։
Մինչև մարտի կեսերը Ռուսաստանը դեռ կարող էր հույս դնել խաղաղության պայմանագրի կնքման վրա՝ իր պահանջների ուղղակի կատարմամբ։ Ռուսաստանը, փաստորեն, չկարողացավ օգտագործել «մարտյան պատուհանը»՝ ժամանակ, երբ դեռ հնարավոր էր դուրս գալ հակամարտությունից՝ հասնելով պահանջների գոնե մի մասի կատարմանը, և հիմա հեռանկարները շատ ավելի մշուշոտ են։
Գոռ Մադոյան