Մայրաքաղաք Երևանում դեռևս շարունակվում են ընդդիմության հանրահավաքները, երթերը, փողոցներ փակելու փորձերը և այլ բողոքի ակցիաներ։ Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմադիրներն իրենց ակցիաների նպատակ են հռչակել Արցախի փրկությունը, չնայած հռետորաբանությանը, հանրությունը համառորեն և անվերադարձ չի միանում ընդդիմությանը։
Ընդդիմության ներկա գործողությունները թողնում են հարկադրված քայլերի տպավորություն։ Հանրահայտ է, որ 2021թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության էլեկտորատը ձայն տվեց նրան ավելի շատ ընդդեմ Փաշինյանի և ոչ թե հանուն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի։ Ընտրություններում նրանց քարոզչական մեխը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն էր։ Ուստի տրամաբանական է հետընտրական ժամանակաշրջանում նրանց ընտրազանգվածի ակնկալիքները Փաշինյանին հեռացնելու հետ կապված։ Իսկ ընդդիմությունը խորհրդարանական առօրյայում չուներ վարչապետին հեռացնելու ոչ գործնական ցանկություն, ոչ տեսական հնարավորություն՝ էլ չասած, որ մասնակցեց խորհրդարանում իշխանության ձևավորմանը և ստանձնեց ԱԺ-ում կառավարական պաշտոններ։ Եվ այդ պարագայում, երբ տիտղոսակիր ընդդիմությունը սկսեց մեղադրվել խորհրդարանի փափուկ պատգամավորական աթոռների վրա հարմարվելու մեջ, դեմքը փրկելու և նոր օրակարգի անհրաժեշտություն առաջացավ։
Փողոցային պայքարի մարտավարությունն էլ ակնհայտորեն սպասելիքները չի արդարացնում, անհրաժեշտ հանրային կոնսոլիդացիա չկա։ Այս համատեքստում ընդդիմության գործողությունների, տեքստերի տրամաբանությունը տանում է սադրանքներին։ Աներկբա տպավորություն է, որ ընդդիմությունն ունի այդ սադրանքի կարիքը։ Սադրել, որպեսզի ոստիկանությունը ուժ կիրառի հանրահավաքների մասնակիցների նկատմամբ։ Իսկ ի՞նչ կտա ոստիկանության ուժի կիրառումը ընդդիմությանը։ Մի քանի բան. օրեր շարունակ իրենց շարքերի ստվարացման մասին տարփողող ընդդիմությունը, այդպիսով, փաստարկ կունենա այն մասին, որ իշխանությունը բռնության գործադրմամբ և վախի մթնոլորտի սերմանմամբ կանխում է իրենց կողմնակիցների ավելացումը։
Հաջորդ խնդիրը, որը ոստիկանության կողմից ուժի կիրառման դեպքում կլուծի ընդդիմությունը, իշխանությունների հռչակած ժողովրդավարական կուրսը կեղծ հռչակելն է։ Ընդդիմությունը տարբեր միջոցներով՝ ընդհուպ մինչև ԵԽԽՎ բանաձևին, որը ողջունում էր ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացը, դեմ քվեարկելը, փորձում է ցույց տալ, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն առկա է միայն թղթի վրա և ելույթներում, բայց ոչ՝ գործնական հողի վրա։
Սակայն, այդ փորձերը հակառակ էֆֆեկտն են ունենում։ Դրանք ակնհայտ են դարձնում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ընդդիմության իրական վերաբերմունքը։ Իհարկե, իշխանություն եղած ժամանակ ընդդիմադիր ուժերը գործնականորեն են ցույց տվել ժողովրդավարության նկատմամբ իրենց մոտեցումները՝ ընտրությունների կեղծմամբ բյուրեղացնելով այդ վերաբերմունքը։
Ընդդիմության՝ սադրանքների գնալու ձգտման հետևում կա նաև այլ նպատակ։ Այն դեպքում, երբ հանրային կոնսոլիդացիա տեղի չի ունենում իշխանափոխության օրակարգի շուրջ, խնդիր է առաջանում շարժման մարում թույլ չտալու։ Իսկ այդ դեպքում պետք է գործիք, որը կկանգնեցնի մարումը և միգուցե, տրամադրությունների փոփոխություն արձանագրի։ Դա «սակրալ զոհի» գաղափարի իրագործումն է։ Քաղաքական շարժումներում «սակրալ զոհի» գործոնը հաճախ կատարել է կոնսոլիդացնող և բողոքի նոր ալիքի ավելի մեծ և հուժկու ծավալման դետոնատորի դեր։ Օրինակները բազմաթիվ են՝ արաբական հեղափոխություններից մինչև ուկրաինական Մայդան։ Սակայն երևանյան հանրահավաքների դեպքում սակրալ զոհի գաղափարի իրագործումը խնդրահարույց է, քանզի ակցիաների մասնակիցները կուսակցական ակտիվներն են և դրանց հարող որոշակի մանր խմբեր։ Այսինքն՝ չկա հանրային ինքնաբուխ բողոքի ալիք, որը կարող է մեծ ուժգնությամբ ձնագնդի էֆֆեկտով ծավալվել սակրալ զոհից հետո։
Այսպիսով, սակրալ զոհի գաղափարի իրագործումը ընդդիմությունը փորձելու է իրականացնել մի փոքր իմաստափոխված առումով։ Զոհի կարգավիճակում կարող են լինել անհատներ կամ խմբեր, որոնք ընդդիմության սադրանքներից հետո ենթարկվեն ոստիկանության կողմից բռնի ուժի գործադրմանը։ Նման դեպքում էլ խիստ կասկածելի է «սակրալ զոհի» գաղափարի կայացումը ընդդիմության ակցիաների շրջանակում, և արդյո՞ք այն միավորիչ գործոն կհանդիսանա լայն հանրության համար, թե՞ ընդհակառակը՝ կդիտարկվի ընդդիմադիր առաջնորդների արկածախնդրության հետևանք և էլ ավելի կարագացնի շարժման մարումը։ Եվ չպետք է մոռանալ, որ ներկա տիտղոսակիր ընդդիմությունը Մարտի 1-ի նախերգանքի, ողբերգության և իրավական ծածկադմփոցի վերածման քաղաքական հոգեհայրն է։ Այսպիսով, իշխանություններին սադրելով բռնության կիրառման՝ այդ ուժերը յուրատեսակ «հաղթաթուղթ» կունենան իշխանությունների նկատմամբ՝ սրբագրելով մարտիմեկյան ողբերգության պատասխանատու լինելու իրենց մեղքը։
Արտակ Խաչատրյան