Դաշնակցությունը, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրների մեջ, կարծես, փորձում է առաջնորդի դեր ստանձնել, չի հրաժարվում հին մեթոդներից։
Առայժմ ՀՅԴ ներսում նոր ռազմականացված միավորներ դեռևս չեն բացահայտվել, ինչպես 90-ականների հայտնի «Դրո» կառույցն էր։ ՀՅԴ վերնախավի մոտ դեռ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, թեպետ Արծվիկ Մինասյանը կարծես կեսբերան ակնարկել էր նման «հերոսական» հնարավորության մասին։ Իշխանության ներկայացուցիչների դեմ մահափորձեր ծրագրելու մասին բացահայտումներ դեռ չկան. միայն ընտրակաշառքի ցուցակներ են։
Բայց ՀՅԴ-ն չի հրաժարվում շատ ավելի «մեղմ» բռնություններից. խոսքը այս օրերի ագրեսիվ հռետորաբանության ու «այլախոհների» նկատմամբ հարձակումների մասին է, որոնք պարբերական բնույթ են կրում։ Ու սա այն ժամանակ, երբ փողոցային ընդդիմությունը խոսում է «համերաշխության և համախմբման» շարժում ծավալելու մասին։ Բայց, արի ու տես, առավել քան անհանդուրժողականություն են ցուցաբերում իրենց տեսակետը չկիսող անձանց նկատմամբ։
Այս շարքից էր նաև Երևանի քաղաքապետարանի մոտ նրանց «պաշարման» ակցիան. Հայաստանի ու Արցախի փրկության մասին հայտարարած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները շրջափակել էին Երևանի քաղաքապետարանի շենքը՝ տևական ժամանակ հնարավորություն չտալով ներսում գտնվող աշխատակիցներին դուրս գալու այնտեղից։ Թե ինչ կապ ունի քաղաքապետարանը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացների հետ, որ փորձում են կանխել ՀՅԴ-ականները, մեղմ ասած՝ պարզ չէ։ Համենայն դեպս, ոչ օրենսդրությամբ, ոչ էլ փաստացի, քաղաքապետարանը Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում որևէ գործառույթ չունի։
Բայց դե դաշնակցականների համար սա կարևոր չէ. կարևորը ինչ-որ քայլեր անելն է։ Ճիշտ նույն կերպ նրանք ժամանակին Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության դեմ դուրս եկան, անգամ, ընդդիմանալով հայ-թուրքական երկխոսությանը, լքեցին իշխող կոալիցիան։ Բայց դրանից հետո նրանք պայքարում էին ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, այլ՝ պահանջում այն ժամանակվա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Հասկանալի է՝ տարատեսակ երևացող ու աներևույթ թելերով Սերժ Սարգսյանի իշխանության հետ կապված կուսակցությունը չէր համարձակվում նրա հրաժարականը պահանջել, ուստի, մնում էր քավության նոխազ հռչակել ԱԳ նախարարին, թեև նա, ըստ էության, նախագահի մշակած արտաքին քաղաքականությունն իրականացնողն էր։
Հիմա ՀՅԴ-ականները համարձակվում են պահանջել վարչապետի հրաժարականը, բայց չեն համարձակվում շրջափակել կառավարության, ոչ էլ՝ անգամ ԱԳՆ շենքը, փոխարենը՝ գրոհում են քաղաքապետարանի վրա։ Իսկ միգուցե ընդդիմադիրների այս պայքարը ոչ թե Հայաստանի ու Արցախի փրկության համար է, այլ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությա՞ն։ Ու երեկվանից, այսպես ասած, սկսել են քարոզարշավը՝ քաջ գիտակցելով, որ օրեցօր նվազում է իրենց վարկանիշը։
Ի դեպ, վարկանիշի նվազելու մասին միայն մենք չէ, որ ասում ենք. մի քանի անգամ նման պնդում արել էր իրենց փաստացի առաջնորդներից Ռոբերտ Քոչարյանը։
Արման Գալոյան