Վերլուծություն

Գողական ժողովրդավարությո՞ւն. փրկիչների նոր արարը

Ժամանակակից թարգմանչության և գրականության ամենապայծառ ուղեղներից Սամվել Մկրտչյանը  «Հայաստանը...Ում Հայաստանը» հոդվածում գրում էր. «...Խոսում ենք ժողովրդավարությունից և չենք ուզում նկատել, որ գողականությունն ու գողալեզուն կլանել են բոլորիս։ Բոլորը խոսում են պատերազմի մասին, մինչդեռ պատերազմական օրենքների փոխարեն մեզ կառավարում են զարգա­ցած բոլշևիզմի գողական օրենքները։ ... Բայց դա չէ սարսափելին, ողորմելիները շուտով կմեռ­նեն, և նրանց ոչ ոք չի հիշի։ Սարսափելին այն է, որ «գողական ժողովրդավարները» արմատներ են գցում, հենց սա կլինի այլասերման և աղետի վերջին ակորդը։ Գողալեզուն և գողական կեցվածքը հա­մաճարակի պես տարածվել են ամենուր՝ խթանելով «ներքին թրքությունն» ու տակա­վին մանկասայլակի մեջ փչացնելով երեխային»։ 

Հենց այս «գողական ժողովրդավարների» նոր սերնդի նորահայտ ռահվիրաներն են փորձում դառնալ մի խորհրդարանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, որոնք սկսում են արդարացնել իրենց համախոհների կողմից պարբերական դարձող խմբակային բռնության դեպքերը։ Այս կեղծ պատվախնդրության, իսկ իրականում` «բոլշևիկյան գողականության» սկզբունքների ջատագովները սկսեցին արդարացնել հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնության փորձը՝ «արդարացնելով» վերջինիս արտահայտած տեսակետերով, նույնը՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ իրականացված բռնության դրսևորումները։ Հիմա էլ սկսել են արդարացնել Գյումրիում տարեց մարդկանց ծեծը իրենց երիտասարդ ակտիվիստների կողմից։ 

Ընդհանրապես, ժողովրդավարության հայեցակարգում անհեթեթ է բռնության արդարացման որևէ դրսևորում, որովհետև այս երկու հասկացությունները հակոտնյաներ են։ Բայց մեր «գողական ժողովրդավարների» համար նման խնդիր չկա, քանզի նրանք՝ անկախ դիրքից ու մասնագիտությունից, առաջնորդվում են  փողոցային, քրեական հակամշակույթով։ Այս պարագային արդեն զարմանալի չեն օրինակ, մասնագիտությամբ իրավաբան, պատգամավոր Վարդևանյանի երկարաշունչ գրառումները, որոնք պարզապես «քարտ-բլանշ» են տալիս բռնությանը։ 

Ըստ իրավաբան պատգամավորի, փաստորեն, կարելի է բռնություն կիրառել ցանկացած մեկի հանդեպ, որը հայհոյել է «փրկիչներին» կամ նրանց «շարժումը»։ Ինչ խոսք, հայհոյանքը շատ վատ բան է, ավելին՝ հայհոյանքն ինքնին բռնության տարատեսակ կարող է լինել նաև որոշակի իրավիճակում։ Սակայն հայհոյանքին բռնությամբ, բռնությանը՝ բռնությամբ, անտարբերությանը՝ բռնությամբ, այլակարծությանը՝ բռնությամբ պատասխանելու հակումն ու միտումը մարդկային բնույթի ամենակենդանական ու բնազդային դրսևորումներն են։ 

Մերօրյա փրկիչները, սակայն, կարծես մնացել են այս բնազդայնության հույսին, որովհետև չեն կարողանում իրենց ցանկացած արդյունքին հասնել ժողովրդավարական-քաղաքական միջոցներով ու գործիքակազմերով։ Եվ ուրեմն կարելի է արդեն հարցերը լուծել բռնությամբ՝ ծեծով ու ոհմակային հարձակումներով, որովհետև միշտ էլ կգտնվեն այս ամենն արդարացնող իրավաբաններ։ 

Ի դեպ, սա էլ կարող է վերջին հույսի գործիքակազմ լինել, քանի որ տիտղոսակիր ընդդիմության ավտոերթերը Գյումրի ու Վանաձոր առավել առարկայական ցույց տվեցին մեր հանրության վերաբերմունքը իրենց «փրկողների ու ազատագրողների» նկատմամբ։ Եվ այդ վերաբերմունքը ոչ թե դրսևորվեց նրանց երթի ճանապարհը փակելու դիպվածներով, այլ նրանց գործողությունների նկատմամբ «փրկման ենթակա» քաղաքացիների անտարբերությամբ։ 

Այս պայմաններում արդեն միակ ելքը մնում են սադրանքներն ու բռնությունները հանրության մեջ ագրեսիայի գեներացիան և, որ ավելի վտանգավոր է, իշխանությունից դժգոհ շերտերի զգացմունքների բորբոքումն ու մտածված կերպով ուղղորդումը դեպի բռնություն։ Այս բավական հոռետեսական պայմաններում, սակայն, դրական հույս է ներշնչում այն, որ անկախ իշխանության և ընդդիմության հանդեպ վերաբերմունքից, մեր հանրության ճնշող մեծամասնությունը շատ ավելի լավ է, գուցե թե, ենթագիտակցական մակարդակում ընկալում երկրի առջև ծառացած մարտահրավերները և մերժում է բռնությունը ու նորահայտ «փրկիչ բռնարարներին»։ 

Աղասի Մարգարյան