Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ հնարավոր վտանգի և ուկրաինական կոնֆլիկտին ՆԱՏՕ-ի ուղղակի մասնակցության դեպքում Ռուսաստանը չի վարանի օգտագործել նաև իր ատոմային զինանոցը։ Պուտինը դրանով փաստացի հույս ուներ վախեցնել Ուկրաինայի հնարավոր դաշնակիցներին, թողնել Ուկրաինային միայնակ՝ արագ ու տպավորիչ հաղթանակ տանելով։ Հենց արագության ու դյուրին հաղթանակի սպասումով էլ պայմանավորված էր պատերազմը «հատուկ գործողություն» կոչելը։ Հետագայում արդեն պարզվեց, որ ռուսական բանակը պատրաստ չէ հազարավոր կիլոմետրերով ճակատային պատերազմի, և Ռուսաստանը գերակայություն ունի միայն օդում։ Չկարողանալով գրավել Կիևը՝ ռուսական ուժերը վերախմբավորվեցին՝ նպատակ դնելով կտրել Ուկրաինան սևծովյան ափից և գրավել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի՝ մինչպատերազմյան ուկրաինական սահմանները և մայիսի 9-ի Հայրենական պատերազմի շքերթին հաղթանակի դափնիներ պարգևել Պուտինին։
Հետագա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին որ Պուտինը սխալվել է իր հաշվարկներում, իսկ բլեֆը չի աշխատում։ Արևմուտքը միավորվեց ինչպես երբևէ՝ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ անդադար ռազմական մատակարարումներով ու քաղաքական աջակցությամբ ստիպելով Պուտինին՝ սկսել պատերազմը, բայց չկարողանալ ավարտել այն։ Բանակցությունների փուլերը Բելառուսում ու Ստամբուլում նույնպես արդյունք չտվեցին։ Եվ որքան պուտինյան Ռուսաստանը թաղվում է ուկրաինական ճակատում, այնքան ավելի է մեղմանում ռուսական պաշտոնական հռետորաբանությունը։ Այս շաբաթ արդեն ռուսական կողմը խոսեց միջուկային զենքի կիրառման գաղափարից հրաժարվելու մասին։ Նախ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին իրավամբ կարելի է համարել Պուտինի ոչ պաշտոնական խոսնակը, հայտարարեց, որ. «...միջուկային զենքի օգտագործումն անթույլատրելի է։ Վլադիմիր Պուտինն ուղիղ առճակատում չի փնտրում ՆԱՏՕ-ի հետ, և Արևմուտքը պետք է այնպես անի, որ նման բան տեղի չունենա»։ Հետո արդեն Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ «միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակորեն շարադրված են ռուսական դոկտրինային փաստաթղթերում և կիրառելի չեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջադրված խնդիրների իրականացման համար»։
Այդ ամենին գումարվեց նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտիերեշի միջնորդությամբ պաշարված Մարիուպոլից ու «Ազովստալ» գործարանից շուրջ 500 խաղաղ բնակիչների դուրսբերումը մարդասիրական միջանցքով, որն ակնհայտորեն նախագահ Պուտինի բարի կամքի դրսևորումն էր և յուրատեսակ ուղերձ Արևմուտքին։ Կարելի է կարծել, որ Ռուսաստանը, չնայած իր ռազմատենչ հայտարարություններին, պատրաստ է գնալ զիջումների, և Պուտինն ակնարկում է, որ իրենք խելագար չեն՝ միջուկային զենք կիրառելու համար, ու պատրաստ են համագործակցության եզրեր գտնել ու վերագործարկել «սառած» բանակցային գործընթացը։
Մյուս կողմից՝ տևական ժամանակ է, ինչ ռուս պաշտոնյաները «բողոքում են», որ ուկրաինական կողմը չի գնում առարկայական բանակցությունների՝ զինադադարի կնքման ու խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Եվ դա զուգորդվում է Դոնեցկի ու Լուգանսկի շրջանում ռուսական զորքերի նորանոր գրոհներով. գրոհներ, որոնց նպատակը Վլադիմիր Պուտինին մայիսի 9-ի ռազմական շքերթում շոշափելի ձեռքբերում ու հաղթական ելույթի անհրաժեշտ բազա ապահովելն է։ Ի հակառակ դրա՝ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, ոչ միայն զօր ու գիշեր զինում են ուկրաինական զինված ուժերը, այլև կարողացել են հասնել նրան, որ եվրոպական չեզոքության քաղաքականության առաջամարտիկ Գերմանիան նույնպես սկսել է ծանր սպառազինություն տրամադրել Ուկրաինային։ Դրան հավելվեց նաև ԵՄ-ի՝ այս շաբաթ հայտարարված նոր՝ 6-րդ պատժամիջոցների փաթեթը, որով ուղղակիորեն հարված է հասցվում ռուսական էներգակիրների արտահանմանը՝ նավթի ու գազի փուլային էմբարգոյի տեսքով, որի նպատակը պուտինյան ռազմական մեքենան ռեսուրսներից զրկելն ու «արյունաքամ» անելն է։
Ինչ էլ լինի, պարզ է, որ Պուտինը կատարյալ ֆիասկոյի է ենթարկվում Ուկրաինայում։ Նա կորցրել է ռազմական նախաձեռնողականությունը։ Խոսակցություններ կային նույնիսկ, որ մայիսի 9-ի ելույթում Պուտինը «հատուկ գործողությունը» պատերազմ կանվանի, որպեսզի կարողանա օրինական միջոցներով մոբիլիզացիա հայտարարել ու համալրել Ուկրաինայում կռվող իր զորքերի շարքերը։ Որն էլ իր հերթին, եթե նույնիսկ հաջողության բերի կամ գոնե դանդաղեցնի ռուսական անպարտելի համարվող բանակի կատարյալ ձախողումը, կդառնա «պյուռոսյան հաղթանակ», որի գինը դեռևս տասնամյակներ շարունակ պիտի վճարի Ռուսաստանը, քանի որ, անկախ պատերազմի արդյունքներից, Ռուսաստանը դեռ երկար կմնա արևմտյան պատժամիջոցների տակ՝ դառնալով «եվրոպական Հյուսիսային Կորեա»՝ տեխնոլոգիապես, տնտեսապես ու մշակութապես մի քանի տասնամյակ հետ ընկնելով։ Պատերազմը, թերևս, թանկ կնստի Ռուսական կայսրության համաշխարհային առաջատարության վրա՝ մարմնավորելով Վլադիմիր Պուտինի կառավարման տարիների ամենաառանցքային որոշման սայթաքման կործանարար հետևանքները։