Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ներխուժում սկսեց՝ Ուկրաինան ոչնչացնելու համար։ Ներխուժումը, սակայն, չընթացավ այնպես, ինչպես նախատեսված էր։ Ռուսաստանը չի կարողացել գրավել ռազմավարական նշանակություն ունեցող ուկրաինական ոչ մի քաղաք, իսկ բանակը նյութական մեծ կորուստներ է կրել։
Մյուս կողմից, Ռուսաստանի հարցով փորձագետները զգուշացնում են, որ այս նահանջը պետք չէ ընկալել որպես Ուկրաինայի վճռական հաղթանակ: Թեև զորքերի դուրսբերումը ցույց է տալիս, որ Պուտինի ծրագրերը շրջվել են գլխիվայր, սա նաև հնարավորություն է տալիս Պուտինի ագրեսիվ պատերազմական մեքենային՝ վերախմբավորել ուժերը և նոր հարվածներ հասցնել Ուկրաինային: Կիևը նույնպես գիտակցում է դա, և նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կոչերից մեկում ասել է՝ «Աջակցեք մեզ՝ ինչով կարող եք», ակնարկելով, որ ակնկալվում է լարված պայքար։ Այնուամենայնիվ, Կիևը միակ երկիրը չէ, որ դաշնակիցներ է փնտրում՝ պատրաստվելով պատերազմի ամենավատ փուլին: Մոսկվան նույն գործին է։ Ռուսաստանի ավանդական և երկարամյա ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը այդ ցուցակի առաջին տեղում է։
Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում։ Այստեղ են գտնվում ավելի քան 3000 ռուս զինվորական և երկու ռուսական ռազմաբազա, որոնք հակադրվում են ՆԱՏՕ-ի արևելյան թևին: Հայաստանը ներգրավված է նաև Կրեմլի գլխավորած մի շարք նեոկայսերական նախագծերում. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որը ձևավորվել է 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո, հանդիսանում է Մոսկվայի առևտրային ուղեծիրը՝ իր եվրասիական հարևաններին գերիշխանության տակ պահելու համար, մինչդեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) փորձում է հակակշիռ լինել ՆԱՏՕ-ին՝ աշխարհի այս հատվածում։ Ռուսաստանը նաև պաշտոնապես պաշտպանում է Հայաստանի օդային տարածքը և պետական սահմանները։ Զարմանալի չէ, որ Մոսկվայի հետ այդքան սերտ ռազմաքաղաքական կապեր ունեցող երկիրը Պուտինի ամենամոտ դաշնակիցներից է։
Այնուամենայնիվ, Երևանը մանևրելու շատ քիչ տեղ ունի, քանի որ այն շարունակում է մեծապես կախված մնալ Մոսկվայից: Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն ու ներդրողն է, և երկու երկրները կիսում են միասնական շուկա՝ եվրասիական առևտրային բլոկին իրենց անդամակցությամբ պայմանավորված։ Երկրների պաշտպանական համակարգերը հիմնականում ինտեգրված են, և Ռուսաստանը հանդես է գալիս որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Նրա անվտանգության ճարտարապետությունը նախագծվել է Ռուսաստանի կողմից, և հայ զինվորականները վերապատրաստվում են ռուսական ակադեմիաներում, որը հետխորհրդային երկարամյա քաղաքականություն է:
Հայաստանը, ըստ էության, Ռուսաստանի աշխարհաքաղաքական պատանդն է։ Փետրվարին Հայաստանը ձեռնպահ մնաց ՄԱԿ-ի անվտանգության բանաձևի քվեարկությունից, որը կոչ էր անում Ռուսաստանին՝ անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայից: Օրեր անց, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոչ արեց հրատապ քննարկել պատերազմի հարցը, Հայաստանը կրկին ձեռնպահ մնաց։ Միջազգային հարթակում Հայաստանի քաղաքական աջակցությունը Ռուսաստանին նորություն չէ. երբ Ռուսաստանը 2014-ին ներխուժեց Արևելյան Ուկրաինա, Հայաստանը հստակեցրեց իր աշխարհաքաղաքական դասավորությունը և հրաժարվեց ԵՄ-ի հետ համագործակցությունից: Համաձայն լուրերի՝ Հայաստանի՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանն առաջին ղեկավարն էր, ով 2014 թվականի մարտին շնորհավորեց Կրեմլին՝ Ղրիմի բռնակցման կապակցությամբ: Ինչպես Հյուսիսային Կորեան, Սիրիան և Իրանը, Հայաստանը հետևողականորեն դեմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևերին, որոնք դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում: Երևանը նույնիսկ առևտրային կապեր հաստատեց բռնակցված Ղրիմի հետ՝ խախտելով Ուկրաինայի օրենքները։
Քանի որ Ռուսաստանը կարող է թուլանալ Ուկրաինա ներխուժման արդյունքում, Հայաստանը կարող է ավելի մեծ ճնշման բախվել՝ Արևմուտքին մերձենալու իմաստով: Քաղաքական առումով՝ Երևանն արդեն ենթարկվել է Մոսկվայի ճնշմանը, երբ մարտի սկզբին երկու երկրների արտգործնախարարները բանակցություններ վարեցին, որտեղ քննարկվեց միջազգային ոլորտում մոտեցումների համաձայնեցումը։
Երևանի Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանը վստահ է, որ ուկրաինական պատերազմը կարագացնի հետմիաբևեռ աշխարհի առաջացումը։ «Եթե Ռուսաստանում ռեժիմի փոփոխություն չլինի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև կսկսվի երկարաժամկետ «սառը պատերազմ»՝ հստակ բաժանարար գծերով»,- պնդում է Պողոսյանը։ «Այս սցենարով Հայաստանը, որպես ռուսական ազդեցության գոտու մաս, կհայտնվի բարիկադի մյուս կողմում, ինչը միանշանակ բացասաբար կանդրադառնա եվրատլանտյան կառույցների և առանձին պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների վրա»։ Հայաստանը ԵՄ-ի հետ չունի ազատ առևտրի համաձայնագիր, սակայն շարունակում է ամուր արմատավորված մնալ ռուսական էկոհամակարգում՝ որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Հայաստանը, այսպիսով, կարող է օգնել՝ Մոսկվայում գործել անկարող ռուսական բարձրարժեք սեկտորները համաշխարհային տնտեսության հետ կապելու համար: Արդեն տասնյակ ռուսական ընկերություններ՝ հիմնականում ՏՏ ֆիրմաներ, տեղափոխվել են Երևան։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ ուղեցույց է հրապարակել ռուսաստանյան ձեռնարկությունների համար, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, որտեղ բացատրվում է ամեն ինչ՝ բիզնեսի գրանցումից և բնակարան վարձակալելուց մինչև սահմանով ընտանի կենդանիներ բերելը: Սրա համար նախադեպ կա, քանի որ Ռուսաստանի հետ Երևանի հարաբերությունները կարող են զուգահեռ լինել Իրանի հետ նրա համագործակցությանը։
Չնայած, 2014 թվականից սկսած, ԱՄՆ-ի լայնածավալ պատժամիջոցներին՝ Երևանը չսահմանափակեց Թեհրանի հետ առևտուրը: 2018 թվականին հարևանները ԵԱՏՄ-ի հետ ստորագրել են ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիր՝ հնարավորություն տալով առանց մաքսատուրքերի առևտուր անել և ավելի սերտ համագործակցել։ Այնուամենայնիվ, Հայաստանի գործունեությունը, կարծես, գրավել է արևմտյան երկրների ուշադրությունը։ «Քարտուղարը, գործընկերների հետ, ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու պատասխանատվության ենթարկել Մոսկվային և նրա կողմնակիցներին՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված և չարդարացված պատերազմի համար»,- նշել է Բլինկենը՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։
Այնուամենայնիվ, այս հիշեցումը կարծես թե բավարար չէր, և ԱՄՆ-ը վերջերս հայտարարեց, որ կապի մեջ է հայ պաշտոնյաների հետ՝ համոզվելու, որ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանին՝ պատժամիջոցներից խուսափելու հարցում: Առաջ նայելով՝ կարելի է ասել, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, կարծես թե, կարող է փոխել ուժերի բաշխումը տարածաշրջանում: Ուկրաինական կոշտ դիմադրությունը և ռուսական կողմի մի շարք կոպիտ սխալներ Մոսկվային փոսի մեջ են գցել: Թուլացած Ռուսաստանը գրեթե անկասկած կմեծացնի Հայաստանի անվտանգության համակարգի ռիսկերը, քանի որ երկրի սպառազինության 90%-ը գալիս է Ռուսաստանից, և նրա անվտանգությունը թելադրված է Ռուսաստանի կողմից, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի տարբերակները սահմանափակ են:
2020-ի պատերազմում Ադրբեջանը վերադարձրեց 1990-ականների սկզբի առաջին պատերազմում Հայաստանին զիջած տարածքների մեծ մասը: Բայց Հայաստանը շարունակում է վերահսկողություն ունենալ ԼՂ մնացած մասի վրա: Եթե Ռուսաստանը դուրս գա այս տարածքից, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր վերջին հենարանը: Եթե ևս մեկ պատերազմ սկսվի, չկան երաշխիքներ, որ Ռուսաստանը անգամ զենք կկարողանա մատակարարել Հայաստանին։ Այդ սցենարով Մոսկվան կարող է ստիպել Հայաստանին՝ ճանաչել Ուկրաինայի հարավ-արևելյան Դոնեցկի և Լուգանսկի շրջանները՝ որպես անկախ կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներ: Ռուսաստանը նաև կարող է ձգտել՝ Հայաստանին Բելառուսի հետ նույն առանցքին բերել։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն ասել է, որ Հայաստանը չի կարող խուսափել նման զարգացումից։
Ուկրաինան ցույց տվեց, թե որքան անկանխատեսելի և իռացիոնալ կարող է լինել Պուտինը, մասնավորապես՝ իր ենթադրյալ եղբայրների նկատմամբ։ Երբ դառնացած Ռուսաստանը դուրս է գալիս Ուկրաինայի մոխիրներից, Հայաստանը կարող է հայտնվել խաչաձև կրակի տակ:
Հաննա Ուոլոս