Վերլուծություն

Հեղափոխության համար գոնե հանրային աջակցություն է պետք

Ընթացիկ «շարժման» «հարյուրապետ» կազմակերպիչներին թվում է, թե կրիտիկական զանգված կարելի է փողոցներ հանել ընդամենը 2018 թվականի տեխնոլոգիաներն ու մարտավարությունները կրկնօրինակելով։ Մի կողմ թողնենք դեռ այն փաստը, որ այդ տեխնոլոգիաների ու մարտավարությունների կիրառումը տեղի է ունենում չափազանց վատ ու ոչ պրոֆեսիոնալ։ Օրինակ՝ օդիոզ դեմքերի՝ Սաշիկի որդու, Լևոն Երանոսյանի, Արմեն Աշոտյանի և այլոց հայտնվելը հրապարակում արդեն իսկ «փչացնում» է այդ շարժումը՝ ապարդյուն դարձնելով գործադրվող տեխնոլոգիաներն ու մարտավարությունը։ 

Ակցիաների կազմակերպիչների համար ավելի մեծ խնդիր է հասարակական անբավարար աջակցությունը։ Անցնող մի քանի օրերին տեղի ունեցած հանրահավաքների սակավամարդությունը, մեկնարկած փողոցային ակցիաներին հասարակության հակազդեցությունը վերոնշյալի վառ ցուցիչներն են։ 

Ընդդիմությունը կրկնում է նաև սեփական ձախողված փորձը։ Պատերազմի ավարտից հետո ականատես եղանք «ընդդիմություն» կոչվող ուժերի աստեղային ժամին։ Երբ հուսահատությունը և իշխանության թուլությունը հասել էին իրենց պիկին, բայց անգամ այդ պարագայում, այս ուժերն ի վիճակի չեղան վերցնելու գրեթե փողոցում ընկած իշխանությունը։ Թե ինչն է ստիպել այս ուժերին հավատալ սեփական հաղթանակին այն պարագայում, երբ իրենց մեկնարկային պայմաններն անգամ ավելի վատն են, քան նախկինում հենց իրենք ունեին, հարց է մնում։ Հազիվ թե ընդդիմության առաջնորդները չունենան այդքան տարրական քաղաքական հոտառություն, որ չպատկերացնեն ընթացող պայքարի անհեռանկարայնությունը ու հաղթանակի անհնարինությունը։ 

Այս պարագայում մնում է երկու տարբերակ՝ կա՛մ ընդդիմությունը ունի ինչ-որ երաշխիքներ, որ հաղթելու է, իսկ նման երաշխիքներ կարող են տալ միայն գործող իշխանությունը և հայտնի «ռազմավարական» ուժային կենտրոնը, կա՛մ չի էլ պլանավորում հաղթել, խնդիր է դրված միայն հնարավորինս ապակայունացնել իրավիճակը, թուլացնել իշխանություններին կամ ընդհանրապես թուլացնել Հայաստանի Հանրապետությունը՝ թեկուզև սեփական անկման ու հեղինակազրկման գնով։ Սեփական թուլացման գնով անգամ իշխանությանը թուլացնելու տարբերակը հնարավոր է լինի քաղաքական դաշտը «ամայացնելու» և երրորդ ուժի համար ճանապարհ բացելու սցենար։ Հայտնի «ռազմավարական» ուժային կենտրոնում, անշուշտ, հասկանում են, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «ընդդիմությունն» այլևս պոտենցիալ չունի։ Այդ դեպքում չի կարելի բացառել, որ հաշվարկն է՝ թեկուզ և այս ուժերի վերջնական ոչնչացման գնով, հնարավորինս սասանել գործող իշխանությանը։ Այս պարագայում շուտով ականատես կլինենք արտաքին լայն աջակցությամբ օժտված քաղաքական ուժի ակտիվացմանը։

Չի կարելի նաև բացառել ընթացող գործընթացների ուղիղ կապը Արցախի շուրջ առաջ եկած երկու զուգահետ ձևաչափերի մրցակցության հետ։ Մոսկովյան և Բրյուսելյան գործընթացները այլևս մուտք են գործել մրցակցության փուլ, որը հետագայում թերևս վերաճելու է հակադրության։ Այսժամ հակադիր ճամբարներից մեկը կարող է օգտագործել այս ուժերին որպես գործիք՝ մյուսի «խաղադաշտում» Հայաստանի միջոցով գործընթացների զարգացումը կանխելու կամ խթանելու համար։ Հարցականները, անշուշտ, շատ են, սակայն Հայաստանի քաղաքական ընտրանին այս ճակատագրական պահին փոխանակ մտածի պետականության ամրության մասին, տրվել է իշխանություն ունենալու պահի քմահաճույքին՝ Հայաստանի 30-ամյա անկախության նավը հանելով բաց ու փոթորկվող օվկիանոս՝ կռիվ տալով նավավարի ուսադիրների համար։ 

Արեգ Քոչինյան