Օրեր շարունակ Երևանում բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմադիր ուժերի կարգախոսները և հռչակած սկզբունքները բազմաթիվ հարցականների տեղիք են տալիս։ 2018 թվականի ապրիլյան հեղափոխական իրադարձությունների կրկնօրինակումը՝ կարգախոսների և գործողությունների տեխնոլոգիաների առումով, թույլ են տալիս կարևոր արձանագրումներ անել՝ հատկապես նրանց անկեղծության հարցում։
Մասնավորապես, ընդդիմության ակցիաների գաղափարական աստառը կոգնիտիվ դիսոնանսի լայն հնարավորություններ է բացում։ Այդ դաշտում է հնարավոր ամեն ինչ քաղաքականացնելու ծայրահեղ մոլուցքը։ Այս առումով՝ ներկա ընդդիմության՝ ամեն ինչ քաղաքականացնելու մղումները, միգուցե, որոշ չափով հասկանալի լինեին, եթե շրջանցեինք այն փաստը, որ նրանք նախկինում եղել են իշխանություն և առիթ-անառիթ դատապարտում էին իրենց ընդդիմացողների՝ քաղաքականացման փորձերը։ Բանը հասել էր այնտեղ, որ ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը պահանջում էր չքաղաքականցնել ԱԺ ամբիոնը։
Իշխանություն եղած ժամանակ ներկայիս ընդդիմադիրները հանրային-քաղաքական նշանակության տարբեր հարցերի բարձրացման դեմ ունեին մեկ պատասխան՝ «պետք չէ հարցը քաղաքականացնել»։ Եվ ամենևին էլ կարևոր չէր՝ հարցը իրո՞ք ապաքաղաքական է, թե՞, այդուհանդերձ, հստակ քաղաքական բովանդակություն ունի։ Տեղեկատվական-քարոզչական անխնա խարազանման էին ենթարկվում հատկապես այն խնդիրները, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Այդ հարցի՝ որևէ պարագայում «քաղաքականացնելը» համարվում էր մահացու մեղք, թեև,1998թ. սկսած, հենց իրենք էին այդ հարցի նմանակերպ շահարկումներով եկել իշխանության և պահում այն։ Որպես ածանցյալ այդ մտայնությանը՝ կայուն կերպով տարփողվում էր այն միտքը, որ միջազգային ասպարեզում Հայաստանի ներքաղաքական հարցերը նպատակահարմար չէ շոշափել, «կեղտոտ լվացքն» ուրիշին տեսանելի դարձնելը ազդում է պետության վարկանիշի վրա, և որ իշխանությանը հարվածելով՝ հարվածում են պետությանը։ Առավել բնութագրական էր 2013թ. ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումարի նիստում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը նախագահ Սերժ Սարգսյանին՝ կազինոյում 70 միլիոն եվրո տանուլ տալու մասին։ Հետայդու, ծավալվեց հսկա մեդիաարշավ, Փոստանջյանին մեղադրեցին պետական շահը չգիտակցելու, դրա դեմ գործելու և նմանատիպ այլ «դժոխային» մեղքերի մեջ։
Եվ ներկայումս ընդդիմադիր դիրքավորումով նախկին իշխանությունները չեն խորշում կիրառել այն նույն գործիքակազմը, որի համար այդքան քննադատում էին և՛ «Ժառանգության» պատգամավորին, և՛ բոլոր նրանց, որոնք ներքաղաքական որոշ հարցեր բարձրաձայնում էին միջազգային հարթակներում։
Ընդդիմադիր ուժերի՝ 2018թ. իրադարձությունների կրկնօրինակումը մեկ այլ շերտ էլ ունի։ 2018թ. տեխնոլոգիաները արդարացրին իրենց, քանզի առկա էր համապատասխան միջավայր և հանրային լայն մոբիլիզացիա, ինչից ներկայիս ընդդիմությունը զրկված է։ Դրա բերումով էլ ընդդիմությունը քաղաքականացնում և իր այսրոպեական շահերին է ծառայեցնում հնարավոր և անհնար, թույլատրելի և անթույլատրելի ամեն ինչ՝ կանգ չառնելով որևէ արժեքի իմաստային-խորհրդանշական անձեռնմխելիության առաջ։ Գոնե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման նախորդ օրվա՝ ապրիլի 23-ի ջահերով երթը, թեև կազմակերպվում էր քաղաքական կուսակցության կողմից, այդուհանդերձ, տարիների ընթացքում, այն ևս դիտարկվում էր զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունների ընդհանուր համատեքստում։ Այս տարի, պատմության մեջ առաջին, անգամ հատվեց կարմիր գիծը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքը ծառայեցվելով քաղաքական շահերի սպասարկման համար ակցիա իրականացնելուն։ Ծիծեռնակաբերդն իր խորհրդանշական իմաստով հայ հանրության համար միասնականության երևույթ էր՝ անկախ սոցիալ-մասնագիտական կեցությունից։
Որպես Ծիծեռնակաբերդում կատարվածի հանրագումար՝ ընդդիմադիր ՀՅԴ-ի երիտասարդները ԱՄՆ-ում ճնշման գործողություններ են ձեռնարկել ՀՀ դեսպանի նկատմամբ։ Սա, թերևս, աննախադեպ իրադարձություն է։ Մինչ այդ, ԱՄՆ-ում հայկական դեսպանության նկատմամբ ակցիաներ իրականացնում էին թուրքերը և ադրբեջանցիները։ Այս ապրիլի 24-ից սկսած՝ նրանք ձեռք են բերել բնական դաշնակիցներ՝ ընդդեմ ՀՀ դեսպանության։ Դեսպանը կարգավիճակ է՝ անկախ այն զբաղեցնողի անձից, և նրա նկատմամբ գործողությունները նույնացվում են ընդդեմ այն պետության, որին ներկայացնում է դեսպանը։
Ընդդիմադիրների գործողությունները և թիրախավորումները դիտարկելիս՝ տպավորություն է ստեղծվում, որ հանրային անտարբեր վերաբերմունքը և ժողովրդական զանգվածներին մոբիլիզացնելու անկարողունակությունը ստիպում է նրանց՝ դիմել հախուռն և իռացիոնալ արարքների ու ցանկացած կարմիր գծեր անցնելուն։ Եվ միայն ժամանակը ցույց կտա՝ արտաքին որոշ ուժերի հետ գործողությունների սինխրոնիզացիան գիտակցվա՞ծ ակտ էր, թե՞ ետտերպետրոսյանական ժամանակաշրջանից ծայր առնող և ներկայումս շարունակվող դիլետանտ փարիսեցիության դրսևորում։
Արտակ Խաչատրյան